Իշխանությունը հաշվետվողականության դաշտում աշխատում է փնթի

Ազգային ժողովում այսօր դոմինանտ էր կրթության թեման: Ինչու են կրթական համակարգի շուրջ ձևավորվում կրքերը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Գոռ Մադոյանը և քաղաքագետ Հայկ Սուքիասյանը: «Մեր հասարակությունը երբեք կրթական խնդիրներն առաջնային չի համարել: Այս դեպքում ևս ոչ թե կրթական ռեֆորմներն ու չափորոշիչներն են դարձել խնդիր, այլ ազգային գաղափարախոսության մանիպուլյացիան»,- նշեց Գոռ Մադոյանը՝ հավելելով, որ կառուցողական և բովանդակային քննադատություններ չեն հնչում, նպատակը անկայունություն առաջացնելն է: Անդրադառնալով դիտարկմանը, որ խորհրդարնական ընդդիմությունը նույնպես պահանջում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, Հայկ Սուքիասյանը նշեց, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը փորձում են քաղաքականացնել ամեն բան: «Եթե դիսկուրս սկսեն, այսպիսի աղմուկ չի լինի, բայց երբ հարցը քաղաքականացվում է, դիվիդենտներ քաղելու հնարավորություն են ստանում: Հայաստանում կրթական լուրջ բարեփոխումներ չեն եղել: Արտախորհրդարանական ուժերի նպատակը իշխանությանը տապալելն է, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի նպատակը իրական ընդդիմություն դառնալն է, և միաժամանակ ԼՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժ դառնալու հայտ է ներկայացնում ու ձգտում է իշխանություն դառնալ: Բայց թեև իշխանությունը վարկանիշի անկում ունի, բայց այդ անկումն այնքան չի լինի, որ ԼՀԿ-ն դառնա իշխանություն»,- նշեց քաղաքագետը: Նա նաև հավելեց, որ հասարակության մոտ իշխանությունից նեղացածություն կա, իշխանության որոշ քայլեր լեգիտիմության որոշակի անկման են բերել, քանի որ նախկին կոռումպացված համակարգի պարագլուխները չեն պատժվել. «Բայց այդ անկումն այնքան մեծ չէ, որ նախկին ուժերը վերադառնան, նախկին ուժերի նպատակը հեղափոխությունն արժեզրկելն է, բայց դա նրանց չի հաջողվի: Ես հավատում եմ մեր ժողովրդի հավաքական իմաստնությանը»:   Մանրամասն՝ տեսանյութում: