Բելառուսում բողոքի ցույցերի հետևում կանգնած է ԱՄՆ-ը. Լուկաշենկո

Բելառուսում բողոքի ցույցերի հետևում կանգնած է ԱՄՆ-ը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է ԱՄՆ-ին, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներին և Ուկրաինային Բելառուսի «ոչնչացման սցենարը» և «ագրեսիան» մշակելու և իրականացնելու մեջ: Ըստ ամենայնի, նա նկատի ունի բողոքի զանգվածային ակցիաները, որոնք երկրում շարունակվում են ավելի քան մեկ ամիս. նրանց մասնակիցները բողոքում են ընտրակեղծիքների և ոստիկանության բռնությունների դեմ՝ գրում է ekhokavkaza.com-ը: Չորեքշաբթի օրը Լուկաշենկոն հանդիպել է իր կողմնակիցներին՝ երկրի «քաղաքական ակտիվիստներին»: Ըստ Լուկաշենկոյի՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պատրաստվել են ներկայիս իրավիճակին «վերջին տասը տարիների ընթացքում»: Բելառուսի նախագահը բողոքի ակցիաների նախապատրաստման պատասխանատվությունը բարդել է ամերիկյան «այսպես կոչված, ժողովրդավարությանը աջակցելու համար ֆոնդերի ցանցի», ինչպես նաև Չեխիայի, Լեհաստանի և Լիտվայի վրա: Ուկրաինան «դարձել է քաղաքական սադրանքների ֆորպոստ»,- ասել է Լուկաշենկոն՝ բողոքելով, որ Բելառուսը «անդավաճան աջակցել է նրան», այդ թվում՝ տարածքային ամբողջականության հարցերում: Մինսկը պաշտոնապես չի ճանաչում բռնակցված Ղրիմը՝ որպես Ռուսաստանի տարածք, չնայած Ղրիմի խնդրով ՄԱԿ-ում  քվեարկում է Ռուսաստանի հետ համերաշխ: