Հայաստանին հիշեցնում են Եվրոպայի մասին

Հայաստանին հիշեցնում են Եվրոպայի մասին

Հայաստանում Եվրամիության նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին գիրք է հրատարակել հայկական հեղափոխության մասին, որում վերլուծում է նախահեղափոխական Հայաստանը, ինչպես նաև դիտարկում հետհեղափոխական Հայաստանի մարտահրավերներն ու խնդիրները: Այդ համատեքստում նա դնում է հասարակությանը ոգեշնչող նպատակի կարևորության հարցը, բերելով Արևելյան Եվրոպայի երկրների օրինակը: Սվիտալսկու խոսքերով՝ չափազանց կարևոր է հեղափոխության կապիտալիզացիայի համար, որ լինի հասարակությանը ոգևորող և շարժող, առաջ տանող ընդհանուր նպատակ: Հեղափոխության կապիտալիզացիայի հարցում այդպիսի նպատակի էական անհրաժեշտության մասին մենք խոսել ենք բազմիցս: Սվիտալսկու պարագայում այստեղ կարևոր է իհարկե այն, որ խնդիրը արձանագրվում է նաև կողքից հայացքով: Սակայն էական նրբերանգ կարող է պարունակել նաև ավելի խորքային մոտիվը, որը ԵՄ նախկին դեսպանին մղում է Հայաստանի հետհեղափոխական իրականության մեջ այդ հարցը շոշափելուն: Ընդ որում՝ Սվիտալսկու արևելաեվրոպական օրինակը հետաքրքիր է: Նա նշում է, որ Արևելյան Եվրոպայի երկրները, նախ, որպես ոգեշնչող նպատակ, ունեին ՆԱՏՕ ու ԵՄ անդամակցումը, իսկ հետո՝ Արևմտյան Եվրոպայի զարգացած և բարեկեցիկ պետությունների կենսամակարդակին հասնելը: Արդյո՞ք Հայաստանում ԵՄ նախկին դեսպանի անդրադարձն ու օրինակները ակնարկ չեն այն մասին, որ Հայաստանում հետհեղափոխական օրակարգում գրեթե լուսանցք է մղվել եվրաինտեգրացիայի խնդիրը: Որքան էլ չհնչի տարօրինակ, եվրոպական քաղաքականությանն առնչվող օրակարգը Հայաստանում մինչև հեղափոխությունը եղել է առավել ընդգրկուն, առավել հնչեղ, առավել ինտենսիվ, քան հեղափոխությունից հետո: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ մեր հանրային նպատակի կարգավիճակ ստանա ՆԱՏՕ կամ ԵՄ անդամության հարցը: Այսօր այդ մասին խոսելը իրատեսական և, թերևս, նպատակահարմար չէ՝ մի շարք պատճառներով: Բայց եվրաինտեգրացիայի, Հայաստանի եվրոպական քաղաքականության բովանդակությունը միայն դա չէ, հետևաբար՝ նպատակների հարցում կարող են դիտարկվել ամենատարբեր հարցեր և ուղենիշներ, որոնք Հայաստանը ոչ թե կբերեն Եվրոպա, թե Եվրասիա դիլեմայի դաշտ, այլ կօգնեն առավել արդիականացնել հետհեղափոխական Հայաստանում հանրային արժեհամակարգի և ռեֆորմացիայի դիսկուրսը: Առավել տարօրինակ է այն, որ քաղաքական ուժեր, որոնք մինչև հեղափոխությունը իրենց հռչակել կամ դիրքավորել էին իբրև եվրոպական քաղաքականության մոդելի հետևորդներ, այսօր ավելի շատ խոսում կամ գործում են եվրասիական մոդելների շուրջ, իսկ եվրոպական քաղաքականությանն ամենամոտ առնվազն կարգավիճակում գտնվում է ուժ, որը մինչև հեղափոխությունը, թվում է՝ ամենահեռուն էր Եվրոպայից՝ ՀՀԿ-ն, որը ԵԺԿ անդամ է: