Ողջունելի է՝ հայ-ռուսական հարաբերություններում շեֆ-ենթակա, «չեստ» տանք, վազենք, ամեն ինչ կատարենք հարաբերություններն այլևս չկան. Կարախանյան

Ողջունելի է՝ հայ-ռուսական հարաբերություններում շեֆ-ենթակա, «չեստ» տանք, վազենք, ամեն ինչ կատարենք հարաբերություններն այլևս չկան. Կարախանյան

«Ռուսաստան մեկնել ցանկացողների բողոքի ցույցերն ու պահանջները հայ-ռուսական հարաբերությունների հետ առնչություն չունեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։ «Այն երկրները, որի հետ կա ցամաքային սահման, օրինակ, Ղազախստանի, ինչ-որ կերպ հարցերը լուծվեցին, գաստերբայտերներին տարան-բերեցին, Հայաստանի հետ ավելի բարդ է։ Իհարկե, կա այդպիսի գաղափար, որ առանձին պետությունները կարող են առանձին օդային միջանցքներ ստեղծել, շատ սահմանափակ քանակներով, բայց չկա սկզբունքային հարց՝ կոնկրետ Հայաստանի հետ կապված։ Ռուսաստանը Հայաստանից եկող աշխատողներից դժգոհ չէ, կան շատ լավ, արհեստավարժ մասնագետներ։ Ռուսաստանի տնտեսական սուբյեկտների քաղաքականությունն այն է, որ մեծ հաճույքով վերցնում են Հայաստանի քաղաքացիներին, հատուկենտ նրանց մուտքը չի արգելվում»,- նկատեց մեր զրուցակիցը։ Միևնույն ժամանակ Կարախանյանը նշեց՝ արտաքին գործերի նախարարությունը ավելի հետևողական լինի, Ռուսաստանի հետ բանակցություններն ավելի արդյունավետ տանեն. «Համենայնդեպս, հասարակության տարբեր թևերի մոտ կա այն տարակուսանքը, որ հայկական կողմը կարող է ավելի հետևողական ու արդյունավետ բանակցություններ տանի։ Եթե Հայաստանի իշխանություններն իրոք շահագրգռված են այդ կապը պահելու հարցում, բանակցությունները պետք է ավելի հետևողական ու արդյունավետ տանեն։ Հնարավոր է կազմակերպել 1-2 չարտերային թռիչք, ստանալ այդ միջանցքները, վերջնականապես լուծել խնդիրը։ Ընդհանրապես, իհարկե նվազել են Ռուսաստանից Հայաստան եկողները, բայց շատ քիչ են նվազել։ Այսօրվա դրությամբ կարելի է նաև դա ապահովել։ Հայաստանի իշխանություններն իհարկե պետք է մի քիչ ավելի հետևողական լինեն։ Շահառուն այստեղ Հայաստանն է։ Ես հստակ կարող եմ ասել, որ դա լավ է նաև Ռուսաստանի համար, տնտեսական սուբյեկտները առաջ են մղում հայկական աշխատուժը, հայ մասնագետներին։ Այս հարցը ՀՀ իշխանությունները կարող են լուծել, պարզապես ի՞նչն է խանգարում, որ ավելի հետևողական լինեն՝ հստակ չէ։ Ռուսաստանը հաճույքով կընդունի հայկական աշխատուժին»։ Մեր զրուցակցի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններն այսօր այն փուլում են, որ երկու երկրները հստակ դնում են իրենց պետական շահերը. «Ռուսաստանը ոչ մի բացասական տենդենց չի դնում այդ հարաբերությունների մեջ, շարժվում է իր աշխարհաքաղաքական շահերով, Հայաստանն էլ՝ համապատասխանաբար իր աշխարհաքաղաքական շահերով։ Երկրները համագործակցում են ՀԱՊԿ ու ԵԱՏՄ շրջանակներում։ Չկան առաջվա նման վասալային կամ շեֆ-ենթակա հարաբերություններ, ինչ ասեն՝ «չեստ» տանք, վազենք կատարենք, որ հանկարծ չնեղանան։ Նման հիմարություններ այսօրվա դրությամբ չկան, ու դա շատ գովելի է։ Հայաստանի իշխանությունները հետագա իրենց քայլերը պետք է այս տրամադրության մեջ կենտրոնացնեն։ Իհարկե, Հայաստանի ու Ռուսաստանի քաշային կատեգորիաները տարբեր են, դա էլ պետք է հաշվի առնել։ Բայց շատ նուրբ ու բազմակողմանի աշխատանք է պետք տանել Ռուսաստանի հետ, ոչ մի բացասական ու նեգատիվ տենդենցներ չեն լինի»։ Սմբատ Կարախանյանը կարևոր է համարում այն փաստը, որ Հայաստանն անընդհատ ուզողի դերում չլինի։ «Կարելի է հարցերը բարձրացնել տարբեր մակարդակներում ու արդյունավետ ձևով այդ հարցերը լուծել։ Հայաստանն այսօրվա դրությամբ ունի այդ հնարավորություններն ու լծակները Ռուսաստանի իշխանությունների հետ հարցերը լուծելու համար։ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ կա մի բաց, որը բոլորը շեշտում են։ Այդ բացն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն իր հարաբերությունների, իր արտաքին քաղաքականության ու առաջնահերթությունների հայեցակարգերը հստակորեն չի դրել։ Կա ռազմատեխնիկական ոլորտում արտակարգ հարաբերություն՝ դա արվում է ավելի շատ Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Ռուսաստանը կարևոր է Հայաստանի ամրությունը, ուժեղությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի նկրտումներն ու ակտիվացումը։ Բայց սրան զուգահեռ, ՀՀ իշխանությունները արդյունաբերության կամ տարբեր ոլորտների համագործակցության ավելի ինտեգրացված ծրագրեր առաջ չեն քաշում, սկզբունքայնորեն դա Հայաստանի տնտեսության համար շատ դրական կարող էր լինել։ Այդ թվում՝ ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիները պետական աջակցություն կստանային։ Իհարկե, կան թերություններ, Ռուսաստանը քաշային կատեգորիայով ավելի մեծ երկիր է, բարդ խնդիրներ ունի, ավելի բարդ հարցերով է զբաղված, դրա համար առանձին նրբությունների մեջ մեծ նախաձեռնություններ առաջ չի քաշում։ Ռուսաստանն ավելի շատ սպասում է Հայաստանի աշխատանքային առաջարկություններին, ծրագրային մոտեցումներին․ սա է իրականությունը, լինենք իրատես, այս իրականության հետ պետք է հաշվի նստել։ Աշխատանքները պետք է ակտիվացնել ու անընդհատ նոր առաջարկներով հանդես գալ»,- եզրափակեց նա։