Լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ճշգրտել ծովային սահմանները
14:45 | 2020-09-16
Արևելյան Միջերկրածովում լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է թուրքիայի հետ ծովային սահմանները ճշգրտելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Աթենքում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը, փոխանցում է Ermenihaber-ը:
Միցոտակիսը նշել է, որ եթե հնարավոր չլինի հասնել պայմանագրի կնքմանը, ապա խնդիրը պետք է տեղափոխել Հաագայի միջազգային դատարան: Նա ասել է նաև, որ Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագիրը պետք է լինի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Միցոտակիսը սխալ է համարել Հունաստանի ու Կիպրոսի, ինչպես նաև եվրոպական երկրների դեմ Թուրքիայի կիրառած կոշտ հռետորաբանությունը:
«Թուրքիայի գործողություններն ու հռետորաբանությունը չի նպաստում Արևելյան Միջերկրականում բոլորի ձգտած երկխոսության համար հող ստեղծելուն»,- ասել է Հունաստանի վարչապետը:
Վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում (հունական կղզիների մոտ) Թուրքիայի նավթագազային որոնումների պատճառով էլ ավելի են սրվել հույն-թուրքական հարաբերությունները: