Երկրպագուի վերադարձը․ Որքան մարդ ներկա կգտնվի Հայաստան-Վրաստան հանդիպմանը

Երկրպագուի վերադարձը․ Որքան մարդ ներկա կգտնվի Հայաստան-Վրաստան հանդիպմանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել սույն թվականի սեպտեմբերի 18-ից սկսած՝ թույլատրել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսատեսի մասնակցություն հանդիպումներին: Փաստորեն, Հայաստանի առաջնության հանդիպումներին մարզադաշտից դիտելու հնարավորություն է ստացել ընդհանուր առմամբ 15 մարդ։ Դաշտի տեր ակումբի պատասխանատվությամբ՝ բոլոր երկրպագուները պետք է տեղակայվեն մարզադաշտում՝ պահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը և հանդիպման ամբողջ ընթացքում կրեն դիմակներ։ Նմանատիպ որոշում է կայացրել նաև Գերմանիայի կառավարությունը։ Մասնավորապես թույլատրվել է Բունդեսլիգայի տարբեր դիվիզիոնի ակումբերին խաղերին մասնակցելու հնարավորություն տալ երկրպագուներին, սակայն նրանց թիվը չպետք է գերազանցի մարզադաշտի 20 տոկոսը: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: Մեկնարկային տուրի խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 18-21-ը: Իսկ սեպտեմբերի 11-14-ըկկայանան Գերմանիայիգավաթի խաղարկության առաջին խաղերը: Այսօր կարող ենք փաստել, որ համավարակի հետևանքով առաջաձած ճգնաժամից հետո ֆուտբոլը սկսում է վերակենդանանալ։ Մասնավորապես թեկուզ քիչ թվով երկրպագուները այնուամենայնիվ չունչ կհաղորդեն հանդիպումներին։ Նշենք, որ վերջին ամիսներին ֆուտբոլային մրցավեճերի մոտ 90 տոկոսն անց էր կացվում առանց հանդիսականների։ Խոսը վերաբերվում է հատկապես եվրագավաթների խաղարկություններին։ Համավարակի պայմաններում ֆուտբոլային մեծ մրցաշարերի վերադարձը, ինչ խոսք, մեծ իրադարձություն էր մարզասերների համար, բայց… Ընդունենք, որ դիտելով Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ ՊՍԺ-«Բավարիա» հանդիպումը՝ առանձնապես ոգևորություն չապրեցինք։ Ֆուտբոլը գրավիչ չէր մի պարզ պատճառով. տրիբունաները դատարկ էին։ Տևական դադարից հետո ֆուտբոլը կյանք է վերադարձել առանց էներգետիկայի, որն ըստ էության մարզաձևի զարկերակն է։ Էներգետիկայի բացակայությունն իր ազդեցությունն է թողնում նաև ֆուտբոլիստների վրա, որոնք մշտապես խաղացել են երկրպագուների աջակցության ներքո։ Նույնիսկ մրցակցի հարկի տակ խաղալիս մրցակից թիմի երկրպագուների ճնշումը ակամայից մոտիվացնող ազդեցություն էր թողնում։ Հնարավոր է՝ շատերը չհամաձայնեն, բայց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակը զգալի անկում է ապրել։ Մասնավորապես, կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումներում չկար այն ֆուտբոլային տեմպն ու դինամիկան, որը բնորոշ է այդ մրցաշարին։ Մի քանի ամիս ֆուտբոլն ըստ էության գոյություն չուներ, իսկ հիմա ականատեսն ենք լինում միանգամայն ուրիշ ֆուտբոլի։ Հիմա կարծես սառույց կոտրվում է։ Հիշեցնենք, որ ազգային հավաքականների մակարդակով հանդիպումներին երկրպագուների ներկա լինելու վերաբերյալ այս պահին դեռևս հստակություն չկա։ Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, որ չափազանց վաղ է ազգային հավաքականների մասնակցությամբ սեպտեմբերին կայանալիք հանդիպումների ընթացքում երկրպագուների ներկայությունը թույլատրելու համար: Ըստ ՈւԵՖԱ-ի անհրաժեշտ է անցկացնել թեստային հանդիպումներ՝ երկրպագուների ներկայության ազդեցությունը առողջապահական հետագա զարգացումների վրա որոշելու համար: Առաջարկվել էր, որպես նախադեպային հանդիպում, դիտարկել Եվրոպայի Սուպերգավաթի՝ սեպտեմբերի 24-ին կայանալիք հանդիպումը: Սեպտեմբերին ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող Ազգերի լիգայի բոլոր հանդիպումները կայացան առանց հանդիսականների։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին Սկոպյեում 2։1 հաշվով Հյուսիսային Մակեդոնիային զիջելուց հետո, երեք օր անց Երևանում 2։0 հաշվով առավելության էր հասել Էստոնիայի նկատմամբ։ Հոկտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում պետք է կայանա երկար սպասված Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Կկարողանա՞նք արդյոք հայ-վրացական դերբիին հետևել մարզադաշտից՝ այս պահին դժվար է ասել։ Սեպտեմբերի 11-ից մեր երկրում արտակարգ դրության փոխարեն սահմանվել է կարանտին։ Այս պահին դժվար է պատկերացնել, որ չորս շաբաթ անց կթույլատրվի 15 հազար երկրպագուների ներկայությունը «Հանրապետական» մարզադաշտում։ Կարևոր է նաև ՈւԵՖԱ-ի որոշումը։ Չի բացառվում, որ եվրոպական ֆուտբոլային կառույցը որոշում կայացնի հոկտեմբերին կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության հանդիպումներն առանց երկրպագուների անցկացնելու մասին։ Երկրպագուների թույլատրելու պարագայում հավանական է, որ հայ-վրացական դերբիին հետևելու հնարավորություն ստանան փոքր քանակության երկրպագուներ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնելու Ալբանիայի հետ։