Ողջունելի է՝ Երևանը նայում է իր շուրջը. Փաշինյանի գրասենյակը լուրջ ու տեղին քայլ կատարեց. Տարասով

Ողջունելի է՝ Երևանը նայում է իր շուրջը. Փաշինյանի գրասենյակը լուրջ ու տեղին քայլ կատարեց. Տարասով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այդ պաշտոնում իր առաջին այցն է կատարել Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա։ Նախարարը նշել է, որ ուրախ է, որ այն մեկնարկում է Եգիպտոսից, որն արաբական երկրներից առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը և 1992-ին հյուրընկալեց Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական առաքելությունը: Եգիպտոսում իր գործընկերոջ հետ նախարար Մնացականյանը բավականին ծավալուն քննարկում է ունեցել տարածաշրջանային և գլոբալ անվտանգության բազմաթիվ հարցերի շուրջ։ «Մտքեր փոխանակեցինք մեր տարածաշրջաններում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ: Եվ մենք տեսնում ենք, որ այսօր առավել քան երբևէ այդ զարգացումներն ընդգծում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը: Ինչպես տեսնում ենք, լուրջ մարտահրավերները, անվտանգության մարտահրավերներն Արևելյան Միջերկրականից ընդլայնվում են մինչև Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: Մենք ականատես ենք լինում նույն մարտահրավերներին Հարավային Կովկասում: Դրանք փոխկապակցված են և բնութագրվում են ապակայունացման նույն աղբյուրներով»,- նշել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Զոհրաբ Մնացականյանի խորհրդական Ռուբեն Կարապետյանն էլ, իր հարցազրույցում անդրադառնալով Մերձավոր Արևելքում Հայաստանի ակտիվացմանը, նշել է. «Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի տարածաշրջանային այցը նշանակալից քայլ է մերձավորարևելյան տարածաշրջանի հետ արտաքին քաղաքական կապերն ակտիվացնելու առումով, ինչպես նաև կարևոր ուղերձ է առ այն, որ տարածաշրջանը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, և մենք աշխատելու ենք մեր հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Արտաքին քաղաքականության մեր նոր ուղղությունը Մերձավոր Արևելքում ուղղված է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների հետևողական ակտիվացմանը և բազմավեկտոր համագործակցության դինամիկ զարգացմանը»։ Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ դրական է, որ Հայաստանը սկսել է ուշադրություն դարձնել այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում. «Նախկինում մշտապես նայում էր Ռուսաստանին, Իրանին ու Արևմուտքին։ Լավ է, որ Փաշինյանի գրասենյակն այնքան է հասունացել, որ կարողանում է լրջորեն նայել շրջապատող աշխարհին։ Երևանը սկսել է գիտակցել, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, շատ մոտ են և վաղ թե ուշ կարող են նաև Երևանին բախվել։ Եթե նախկինում Հայաստանը ձեռնպահ էր մնում աջակցել Սիրիայում Ռուսաստանի գործողություններին, ապա այն բանից հետո, երբ այնտեղ ուղարկեցին իրենց բժիշկներին՝ նկատի ունեմ հումանիտար առաքելության խումբը, առաջին քայլը կատարեց։ Երկրորդը՝ Թովուզի շրջանում տեղի ունեցած բախումը ցույց տվեց, որ Թուրքիան իրապես գոյություն ունի, իրական վտանգ է ներկայացնում և որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները կարող են տեղափոխվել Հարավային Կովկասի սահմաններ։ Սա է խթան հանդիսացել, որ Հայաստանը գործընկերներ փնտրի այդ տարածաշրջանում»։ Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց՝ իրավիճակն է փոխվել, հայտնվել է հակաթուրքական կոալիցիա՝ Կիպրոս-Հունաստան-Ֆրանսիա, որը Հայաստանին մանևրելու հնարավորություններ է տվել. «Ես Հայաստանի արտգործնախարարի այցը շատ կարևոր եմ համարում։ Այն շատ հաջողված էր և յուրահատուկ, որովհետև այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մնացականյանի՝ Կահիրե այցելության ընթացքում, չեն ընդունվում որպես ռուսական քաղաքականության էլեմենտներ, Հայաստանը սկսել է իրեն դրսևորել որպես հակաթուրքական կոալիցիայի մի մաս»։ Տարասովի դիտարկմամբ՝ Ռուսաստանը ամբողջությամբ աջակցում ու ողջունում է հայկական դիվանագիտության նոր կուրսը. «Անկասկած, Հայաստանի ներկայության կարիքը Մերձավոր Արևելքում միշտ զգացվում էր։ Հայաստանը շատ լավ գիտի Մերձավոր Արևելքը, դա իր պատմական հայրենիքն է։ Եգիպտոսում շատ հզոր Սփյուռք կա, չնայած այլ երկրներում փոքրանում է, բայց կա Սփյուռք նաև Իրաքում։ Հիմա, երբ Մնացականյանը Կահիրեում հանդիպեց հայկական համայնքի հետ՝ նրանց առջև որոշ առաջադրանքներ է դրել։ Երկրորդ՝ Մերձավոր Արևելքի Սփյուռքն ավելի շատ ինտեգրված է արևմտյան Սփյուռքին, և ոչ ռուսականին... կա հնարավորություն ընդլայնելու համատեղ գործունեությունը։ Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը սկսելու է կատարել Ռուսաստանի հրահանգները, բայց հայերը հասկանում են, որ Մերձավոր Արևելքում փոփոխություններ են տեղի ունենում, ու շատ ճիշտ կուրս է որդեգրել։ Փոխվում է իրավիճակը նաև Ղարաբաղում, եթե նախկինում այն միայն տարածաշրջանային հակամարտություն էր՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ Մինսկի խմբի հովանու ներքո, այն բանից հետո, երբ Ադրբեջանը մեծագույն սխալ թույլ տվեց՝ այնտեղ ներառելով Թուրքիային, այն վերածվեց ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի միջև առճակատման։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի հնարավորությունը՝ ռազմական ճանապարհով լուծել խնդիրը, սեղմվում է, ինչն էլ ենթադրում է, որ առաջիկայում բանակցությունների կարգավորումը տեղի կունենա փոքր-ինչ այլ ֆորմատով։ Այսպիսով՝ Փաշինյանի գրասենյակը շատ տեղին ու ժամանակին որոշում է կայացրել»։