Հիասթափեցնող է, եթե իշխանության հաշվարկն այն է, որ ՍԴ խոցելի ու անդեմ դատավորները կդառնան իրենց կամակատարը

Հիասթափեցնող է, եթե իշխանության հաշվարկն այն է, որ ՍԴ խոցելի ու անդեմ դատավորները կդառնան իրենց կամակատարը

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ Ազգային ժողովը երեկ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունկդարյանին, Արթուր Վաղարշյանին և Էդգար Շաթիրյանին։ Խորհրդարանական քննարկումների ընթացքում դուք նշված երեք թեկնածություններին, ըստ էության, միակ դեմ հանդես եկած պատգամավորն էիք։ Ինչպե՞ս եք գնահատում արդեն տեղի ունեցած փաստը՝ նոր Սահմանադրական դատարանի կազմավորումը, արդյոք դրանով լուծվելո՞ւ են այն խնդիրները, որոնց մասին հայտարարվում էր սկզբնապես։ Ես այս թեկնածուների ընտրությունը գնահատում եմ ուղղակի խայտառակություն։ Ինչպես երեկ հայտարարել եմ իմ ելույթներում, նրանց ընտրությամբ արձանագրվեց հեղափոխության պարտությունը, նահանջը հեղափոխությունից, առնվազն այս կարևորագույն՝ սահմանադրական արդարադատության ոլորտում, որովհետև արդեն իսկ ընտրված դատավորներն իրենց ծագումնաբանությամբ, փորձով ու կենսագրությամբ հակահեղափոխական էլեմենտներ են։ Ես երեկ հանգամանորեն անդրադարձել եմ բոլոր թեկնածուներին էլ. Երվանդ Խունդկարյանը նախկին հանցավոր իշխանությունների նույնքան հանցավոր դատական համակարգի առանցքային ներկայացուցիչներից է, որը գործել է ժողովրդավարության ու մարդու իրավունքների դեմ, մեծագույն հարված է հասցրել դատական համակարգի ու պետության հեղինակությանը, Արթուր Վաղարշյանը քաղաքացիական կեցվածք հանդես չբերած, սոսկ ակադեմիական շրջանակներում հայտնի իրավաբան է, որը, ի դեպ, համահամալսարանական հակակոռուպցիոն շարժման ցուցակներում նշված է որպես «կաշառակեր դասախոս», իսկ Շաթիրյանը հայտնի է միայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում իր կամազուրկ չեզոքությամբ ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ցուցաբերած տարակուսելի, խռովկան երեխային բնորոշ վարքով։ Այսինքն՝ իշխող մեծամասնությունն իր ընտրությամբ Սահմանադրական դատարան է գործուղում երեք խոցելի, անդեմ ու գորշ իրավաբանների։ Եթե իշխանության հաշվարկն այս հարցում այն է, որ իրենց խոցելիությամբ ու անդեմությամբ նրանք կդառնան իշխանության կամակատարը, դա մեղմ ասած, խիստ հիասթափեցնող է։ Եթե դա այդպես է, ապա, այս ամբողջ գործընթացը կազմակերպելու փոխարեն, ավելի նախընտրելի կլիներ, որ իշխանությունը համապատասխան աշխատանք տաներ Հրայր Թովմասյանի ու նրա տիրույթում գտնվող ՍԴ մյուս անդամների հետ՝ ստիպելով կամ առաջարկելով այլևս ծառայել այս իշխանությանը, ինչը միանգամայն հնարավոր էր։ Այսինքն՝ գլոբալ իմաստով իշխանությունը նախկին կամակատար Սահմանադրական դատարանը փոխարինեց նույնքան կամակատար նոր Սահմանադրական դատարանով, թերևս այն տարբերությամբ, որ նախորդը կատարում էր միայն նախկին իշխանությունների կամքը, իսկ նոր ՍԴ-ն հնազանդ կլինի և՛ այս իշխանությանը, և՛ մասամբ՝ նախկիններին, քանի որ առնվազն Խունդկարյանն ու Շաթիրյանը նման հնարավորություն կստեղծեն։ Ես ուզում եմ ընդգծել, որ այս թեկնածուների նկատմամբ իմ վերաբերմունքը պայմանավորված չէ սոսկ իմ անձնական նախասիրություններով կամ սուբյեկտիվ հակակրանքով։ Ինչպես երեկ էլ հայտարարեցի, Սահմանադրական դատարանի դատավորի այս երեք թեկնածուներին էլ դեմ է արտահայտվել Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որն իր մեջ ներառում է ավելի քան 230 հասարակական կազմակերպություններ։ Այսինքն՝ քաղաքացիական հասարակության այդչափ մեծ թվով միավորներ ևս հիասթափված են լինելու իշխանության այս ընտրությունից, ինչի արտահայտություններն արդեն տեսանելի են․ մեջբերեմ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի  գնահատականը, որը նա հրապարկել է ՍԴ դատավորների ընտրությունից հետո․ «Արձանագրում ենք, որ Սահմանադրական դատարանի շուրջ վերջին երկու տարիների ընթացքում ծավալված զարգացումների արդյունքում այսօրվանից ստացանք հանրային վստահության ավելի ցածր մակարդակ ունեցող ՍԴ, քան մինչև հեղափոխությունը»: Հետևաբար, գալով արդեն ձեր հարցի երկրորդ մասին, թե որքանով են լուծվելու սրա արդյունքում նախապես հայտարարված խնդիրները, պետք է ասեմ, որ դրանք, հատկապես դատաիրավական բարեփոխումներին վերաբերող պրոբլեմները, ոչ միայն չեն լուծվելու, այլև ավելի են խորանալու, ինչում մենք կհամոզվենք տեսանելի ապագայում։ Նախորդող շրջանում ձեր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքը պայմանավորում էիք առավելապես Սահմանադրական դատարանի խնդրի լուծմամբ։ Հիմա, երբ ձեր գնահատմամբ այդ խնդիրը տապալվել է, նշանակո՞ւմ է արդյոք, որ վտանգված է նաև դատաիրավական բարեփոխումների ընթացքը։ Դուք այս հարցում ձեզ համարո՞ւմ եք պարտված կողմ։ Առաջին հայացքից՝ այո, Սահմանադրական դատարանի նման կազմը նշանակում է ձախողում, տապալում դատաիրավական բարեփոխումների ճանապարհին, քանի որ այդ հարցում ՍԴ-ն ունի առանցքային, համակարգաստեղծ նշանակություն։ Բայց ես ինձ պարտված կողմ չեմ համարում և ուզում եմ հիասթափեցնել բոլոր նրանց, ովքեր այս խամաճիկային ՍԴ-ի ընտրությամբ հույսեր են փայփայում, թե մենք՝ դատաիրավական բարեփոխումների հարցով նախանձախնդիր անհատներս ու ուժերս, հիասթափվելու ենք ու չենք շարունակելու մեր պայքարը։ Ճիշտ հակառակը, ի գիտություն ընդունելով այլևս ամորֆ Սահմանադրական դատարան ունենալու կայացած փաստը՝ մենք անելու ենք առավելագույնը՝ դատաիրավական համակարգի բարեփոխումները հանրային-քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիր դարձնելու համար, կրկնապատկելու ենք այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքը, կազմակերպելու ենք քննարկումներ, բանավեճեր, քարոզչական-տեղեկատվական արշավներ, անելու ենք հնարավորը՝ իշխանությանը դատաիրավական բարեփոխումների իրականացում պարտադրելու համար։ Որովհետև եթե հեղափոխական իշխանությունն այսքան հեշտությամբ հրաժարվում է հեղափոխության հիմնական կարգախոսներից ու հռչակումներից՝ արդարության վերականգման ու արդարադատության հաստատման կարևորագույն խոստումից, ապա ես, հեղափոխությունը՝ որպես երկրի զարգացման բացառիկ հնարավորություն համարող մեր քաղաքական թիմը, հազարավոր այլ անհատներ ուրիշ քաղաքական միավորներից, չենք համակերպվելու դրա հետ ու թույլ չենք տալու իշխանությանը հեռանալ այն հռչակումներից ու խոստումներից, որոնց միջոցով նաև հնարավոր է դարձել իրենց իշխանության բերած թավշյա հեղափոխությունը։ Դա անելու ենք այս անդեմ ՍԴ-ի հետ կամ առանց նրա, բայց անելու ենք հաստատապես։ Իրապես անկախ ու արդյունավետ Սահմանադրական դատարան ունենալու՝ այլևս փակված դուռը վկայում է, որ մեր հռչակած խնդիրների լուծման մյուս ինստիտուցիոնալ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են, այնպիսի սահմանադրության ընդունումը, որը էապես կփոխի երկրի զարգացման այս ընթացքն ու չի վտանգի Հայաստանի ժողովրդավարության ապագան։ Այսպիսի ՍԴ-ի ձևավորմամբ այդ ապագան դարձավ խիստ մշուշոտ, բայց մենք դրանից ոչ թե ընկրկելու ենք, այլ ավելի կամային ենք դառնալու ու վերացնելու ենք այդ մշուշը՝ հասարակության շրջանում առաջացնելով իրական բարեփոխումների հույս ու ակնկալիք։ Դուք նշում եք, որ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ։ Իշխանությունը նախաձեռնել է այդ փոփոխությունները, և ըստ նախնական տարբերակի՝ քննարկվում է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միաձուլում՝ Գերագույն դատարանի տեսքով։ Ձեզ համար դա ընդունելի՞ տարբերակ է։ Գերագույն դատարանի ստեղծման գաղափարն ինքին դրական է։ Բայց դա ընդամենը գաղափար է, շատ կարևոր են այն կառուցակարգերն ու կարգավորումները, որոնք կգործադրվեն այդ գաղափարի կյանքի կոչման ճանապարհին։ Ես մտավախություն ունեմ, որ այն անլուրջ ու անսկզբունքային մոտեցումը, որ իշխանությունը ցուցաբերեց Սահմանադրական դատարանի դատարանակազմության գործընթացում, կարող է դրսևորվել նաև Գերագույն դատարանի կազմավորման դեպքում , ինչի արդյունքում կարող ենք ունենալ այնպիսի անորակ ու անդեմ Գերագույն դատարան, ինչպիսին այսօրվա ընտրությամբ ձևավորված նոր Սահմանադրական դատարանն է։ Հետևաբար, մեծագույն սխալ է այս գործընթացը թողնել միայն իշխանության քմահաճույքին ու նախասիրություններին, անհրաժեշտ է քաղաքական-քաղաքացիական դաշտում համախմբման միջոցով ձևավորել դատաիրավական համակարգի բարեփոխումները՝ որպես առաջնահերթություն պարունակող միասնական օրակարգ և այն պարտադրել իշխանությանը։ Անձամբ ես՝ որպես ԱԺ պատգամավոր, և իմ ներկայացրած ուժը՝ «Հանուն Հանրապետության» նախաձեռնությունը, մեր առաջիկա անելիքի զգալի մասը նվիրելու ենք հենց այս խնդրի լուծմանը։