Հանրությունը՝ խաչաձև կրակի տակ. նոր ընդդիմության նոր աստիճանը

Հանրությունը՝ խաչաձև կրակի տակ. նոր ընդդիմության նոր աստիճանը

ՍԴ դատարանակազմի թափուր տեղերի լրացման խորհրդարանական ընտրությունը սոցիալական ցանցերում, հանրային ակտիվում, քաղաքացիական, քաղաքական մի շարք շրջանակներում արժանացավ քննադատության ու դատավորների երեք արդեն բավականին հայտնի թեկնածուներին հավանություն արժանացնելու «Իմ քայլը» խմբակցության հասցեին կոշտ գնահատականների: Այդ ամենը գերակշռող մեծամասնությամբ ուղեկցվում էր բավականին հուսահատ, ապատիկ եզրահանգումներով, որոնց հեղինակները տեղի ունեցած ընտրությունը դիտարկում էին պետության համար ծանր հետևանքի կանխատեսման պրիզմայով: Այստեղ, անշուշտ, որևէ մեկը չի կարող երաշխավորել այս կամ այն արդյունք կամ հետևանք, և, խոշոր հաշվով, դատավորը Հայաստանի քաղաքացին է՝ հետագա զարգացումների հանդեպ իր գնահատականով, որը ձևավորելու համար էլ ի վերջո պայքարում են քաղաքական ուժերը և հանրային դաշտի այլ դերակատարներ: Սակայն այստեղ, թերևս, կա մի շատ կարևոր հանգամանք, որը պետք է հաշվի առնել կառավարման ընթացիկ քայլերը գնահատելիս: Ինչի՞ վրա է խաղում Հայաստանում կառավարած նախկին համակարգը ներկայումս: Ակնառու է՝ այդ խաղը կառուցված է հանրային ապատիայի, հիասթափության, հուսահատության վրա: Տեղեկատվա-քարոզչական ամբողջ ռեսուրսը ուղղված է «պետության կործանման» տպավորություն կամ համոզում ձևավորելուն: Հետևաբար՝ այն խմբերը կամ ուժերը, որոնք չեն հարում նախկին համակարգին, բայց նաև բազմաթիվ դժգոհություններ ու դիտողություններ ունեն նոր մեծամասնության գործունեության և քաղաքականության առնչությամբ, ռեֆորմների բովանդակության և ընթացքի, կադրային լուծումների առնչությամբ, զուգահեռ ունեն մի խնդիր՝ կամա, թե ակամա չնպաստել ապատիայի և հուսահատության խորացմանը միտված նախկին համակարգից եկող ջանքին: Ասել կուզի, ներկայիս իշխանության քննադատությունը այդ ուժերը պետք է կառուցեն ամենևին ոչ թավշյա հեղափոխության հանդեպ հանրության վստահության հաշվին, ներկայիս խնդիրները, բացթողումները, սխալները չպետք է փոխկապակցեն հեղափոխության հետ, որպեսզի հանրությունը չհայտնվի հուսահատության և հիասթափության տանող խաչաձև կրակի ներքո: Դրանից հենց հանրությունն է տուժելու, այլ ոչ գործող իշխանությունը: Հետևաբար՝ այդ իմաստով Հայաստանի համար առանցքային խնդիր է դառնում քաղաքական այն ուժի ձևավորումը, որը, լինելով ընդդիմություն ներկայիս կառավարող ուժին և հավակնելով լինել հաջորդ իշխանությունը, հանրությանն այդ իմաստով կտա հուսադրող, ոգևորող, ապագայի վերաբերյալ պատկերացումներ և ջանք գեներացնող, մոտիվացնող բովանդակություն: Միևնույն է, նախկինի և ներկայիս միջև կոշտ խաղում չկա երրորդի տեղ: Այդ ոճում հաղթելու է կա՛մ ներկան, կա՛մ նախկինը: Երրորդ ճանապարհ այդ իմաստով չկա: Կա երկրորդ հարթություն, որտեղ առաջինը լինելու հնարավորություն ունի հենց այն ուժը, որը կկարողանա ապահովել վերոհիշյալ բովանդակությունը, ներքևում թողնելով մյուս ուժերին և ստիպելով նրանց հետագայում մրցակցել արդեն հենց այդ աստիճանի վրա երկրորդը լինելու համար: