Ադրբեջանը հիմա էլ չի թաքցնում, որ մտադիր է ջրային ահաբեկչության միջոցով թունավորել ողջ հայությանը․ Դավիթ Բաբայան

Ադրբեջանը հիմա էլ չի թաքցնում, որ մտադիր է ջրային ահաբեկչության միջոցով թունավորել ողջ հայությանը․ Դավիթ Բաբայան

Ադրբեջանը ջրային ոլորտում լավ ծրագրավորված, հմուտ քաղաքականություն էր վարում։ Արցախի ջրային պաշարների մոտավորապես 90 տոկոսը ծառայեցրել է սեփական կարիքների համար։ Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը չէր կարողանում օգտվել իր իսկ սեփական ջրային պաշարներից։ Տարբեր գետերի վրա կառուցում էին ջրամբարներ, նախկին ԼՂԻՄ-ի տարածքից դուրս, ինչը թույլ չէր տալիս ջուրը օգտագործել։ Միակ բացառությունը եղել է Սարսանգի ջրամբարը, որը կառուցվել է ԼՂԻՄ-ի տարածքում, որովհետև այլ տարբերակ չկար։ Բայց Սարսանգի ջրի 95 տոկոսն օգտագործում էր Ադրբեջանը։ Պատերազմի ավարտից հետո ջրաբաշխիչ ցանցը մնացել է Ադրբեջանում ու ստեղծել է մի զավեշտալի իրավիճակ։ Ունենալով ահռելի ջրային պաշարներ, մենք ի վիճակի չենք դրանք օգտագործել այս պահի դրությամբ։ Այս ակտուալ ու մտահոգիչ թեմայի մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ «Տեխնիկապես, իհարկե, հնարավոր է, ու պետությունն անելու է համապատասխան քայլեր ու ծրագրեր, որպեսզի մենք կարողանանք մեր ջրային պաշարները օգտագործել։ Բայց, այնուամենայնիվ, մենք ջրային ահաբեկչության քաղաքականություն երբևէ չենք իրականացրել։ Մենք պատրաստ ենք եղել Ադրբեջանի հետ փոխշահավետ համաձայնության գալ ջուր տրամադրելու դիմաց։ 1999 թվականից այդ առաջարկները պաշտոնական Ստեփանակերտն իրականացրել է։ Իհարկե, դա չի նշանակում, թե մենք անհատույց ենք տալու մեր ջրային պաշարները։ Ադրբեջանը Արցախում ջրային ահաբեկչություն է իրականացնում։ Թունավորում էր մեր ջրային ռեսուրսները։ Դրա համար քաղցկեղով հիվանդների քանակը կտրուկ աճել էր ԼՂԻՄ-ում, որտեղ չկար անգամ մեկ գործարան, որն աղտոտեր շրջակա միջավայրը։ Այս ամենը մենք լավ գիտենք»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։ Բաբայանի խոսքերով՝ Ադրբեջանը հիմա էլ չի թաքցնում, որ մտադիր է ոչնչացնել ու ջրային ահաբեկչության միջոցով թունավորել ողջ հայությանը։ «Չմոռանանք, որ Քարվաճառի շրջանում սկիզբ են առնում Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը։ Իսկ Սևանը հայոց ջրային պաշարների 80 տոկոսն է ապահովում։ Ինչպես նաև նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ջրային պաշարների 80 տոկոսը սկիզբ է առնում նույն Քարվաճառում՝ Թարթառ ու Խաչեն գետերը։ Բաքուն անընդհատ պնդում է, որ հայերն այնտեղ լցնում են Մեծամորի ատոմակայանի թափոնները։ Իհարկե, դա սուտ է։ Բայց դա նշանակում է, որ իրենք արդեն իսկ ունեն ռադիոակտիվ նյութեր։ Եթե այդ տարածքը, Աստված մի արասցե, հասնի իրենց ձեռքին, թունավորելու են մեր ջրերը՝ Արփան, Որոտանը, Սևանը, Գեղարքունիքը, Վայոց ձորը, Սյունիքը, Երևանը։ Հետո ասելու են՝ դուք եք թափել այդ թափոնները, ջրհեղեղ է եղել, ռադիոակտիվ նյութերը լցվել են գետերը։ Սա շատ ծանր խնդիր է»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը, ապա հավելեց՝ սա ազգային անվտանգության սպառնալիք է, պետության հարատևման ու կենսունակության ապահովման հարց է։ Բաբայանի համոզմամբ՝ այս պահին ամենակարևոր հարցը ջրային անվտանգությունն ապահովելն է, իսկ ջրային ռեսուրսի օգտագործման հարցը ածանցյալ է, միևնույն ժամանակ, սոցիալ-տնտեսական առումով, իհարկե, կարևոր է։ «Ամեն ինչ սկսվում է ջրային անվտանգության ապահովումից։ Այս խնդիրը Տավուշում չկա։ Կա միայն Արցախում, և Արցախից է կախված Հայաստանի ջրային անվտանգությունը։ Կապույտ ցեղասպանություն կարող են մեր դեմ իրականացնել։ Կորոնավիրուսը դրա դիմաց խաղուպար կարող է լինել»,- շեշտեց Բաբայանը։ Հարցին՝ մենք կարո՞ղ ենք ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը օգտագործել ի շահ մեզ՝ որպես սահմանին գոնե հարաբերական խաղաղության պարտադրման միջոց, Բաբայանն ասաց՝ տեսականորեն այո՛, կարող ենք, բայց գործնականում Ադրբեջանը չի համաձայնում։ «Մենք բազմիցս առաջարկել ենք։ Ադրբեջանը մեր ջրերից այնքան էլ կախված չէ։ 2-3 տոկոս կախվածությունը չնչին է։ Բայց կան սահմանամերձ շրջաններ, որոնք իրոք այդ ջրի կարիքը ունեն։ Բայց գիտե՞ք՝ իրենք ինչ են ասում։ Ասում են՝ սա մեր ընդհանուր տնտեսական հաշվեկշռի մեջ չնչին տոկոս է, մենք չենք ուզում ու չենք գնալու որևէ քայլի։ Տեսականորեն հնարավոր է, պրակտիկորեն՝ կյանքը ցույց է տալիս՝ ոչ։ Բայց, իհարկե, աչք ունեն այդ տարածքների վրա և ուզում են զավթել Քարվաճառը, որպեսզի մայր Հայաստանին ծնկի բերեն ջրային անվտանգության տեսանկյունից»,- ընդգծեց Արցախի նախագահի խորհրդականը։ Ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման տեսանկյունից պետության իրականացվող քայլերի վերաբերյալ Բաբայանն ասաց՝ կառուցվում են ջրատարներ, հէկեր, արդիականացվում են ոռոգման ցանցերը, նոր ցանցեր են կառուցվում։ «Տարբեր շրջաններում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Նախագահի կողմից հայտարարվել է, որ իրականացվելու է մեծ ծրագիր Սարսանգի ջուրը Ասկերանի, Մարտունու շրջաններ հասցնելու համար»,- իր խոսքը ամփոփեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։