Ինչ սպասել «Արարատ-Արմենիայից»․ Վերջին 5 խաղում չհաղթած թիմի մուտքը Եվրոպա լիգա

Ինչ սպասել «Արարատ-Արմենիայից»․ Վերջին 5 խաղում չհաղթած թիմի մուտքը Եվրոպա լիգա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեպտեմբերի 17-ին պայքարը կսկսի Եվրոպա լիգայի խաղարկությունում։ Որակավորման երկրորդ փուլում մերոնք Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցեն Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆոլա Էշի» հետ։ Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի խաղարկությունից, որտեղ որակավորման առաջին խաղում սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջել էր կիպրական «Օմոնիային»։ Պարտություն, որը ոչ միանշանակ արձագանք էր ստացել երկրպագուների շրջանում։ Ասել, որ «Օմոնիան» երևանյան թիմից ավելի լավ խաղ էր ցուցադրել, բոլորովին ճիշտ չի լինի։ Վտանգավոր պահերով «Արարատ-Արմենիան» նույնիսկ գերազանցել էր մրցակցին, բայց… ։ Տեղի էր ունեցել այն, ինչը շատերի համոզմամբ պետք է տեղի ունենար։ Այդ խաղում 2019/2020 թվականի ՀՀ առաջնությունից հետո «Արարատ-Արմենիան» ցուցադրեց այն ֆուտբոլը, որը ցուցադրել էր վերջին մի քանի հանդիպումներում։ Մասնավորապես, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հեռանալուց հետո Հայաստանի չեմպիոնը խաղում է անատամ և միանգամայն թույլ ֆուտբոլ։ Իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանիայի գլխավորությամբ մինչև «Օմոնիայի» հետ հանդիպումը «Արարատ-Արմենիան» անցկացրել էր 2 հանդիպում։ Սուպերգավաթի մրցավեճում ՀՀ չեմպիոնը 2։1 հաշվով զիջել էր «Նոային», այնուհետև ՀՀ 2020/2021թթ. առաջնության առաջին տուրում ոչ-ոքի՝ 0։0 խաղացել «Ալաշկերտի» հետ։ Ի դեպ, Կամպանիայի գլխավորությամբ միակ գոլը «Արարատ-Արմենիան» խփել էր «Նոայի» պաշտպանի կոպիտ սխալի արդյունքում։ Կիպրական թիմի հետ դիմակայությունից հետո «Արարատ-Արմենիան» անց է կարցրել ևս երկու հանդիպում։ Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակներում երևանյան թիմը նախ ոչ-ոքի 1։1 էր խաղացել «Գանձասար-Կապանի» հետ, այնուհետև 1։2 հաշվով զիջել Վանաձորի «Լոռիին»։ Ընդ որում «Լոռիի» դարպասը «Արարատ-Արմենիան» գրավել է 11 մետրանոցից, մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին։ Փաստորեն, Կամպանիայի գլխավորությամբ «Արարատ-Արմենիային» վերջին 5 հանդիպումներում չի հաջողվել տոնել գեթ մեկ հաղթանակ։ Վիճակագրությունը խոսում է այն մասին, որ այսօր «Արարատ-Արմենիայի» համար խնդիր է նույնիսկ գոլ խփելը։ Չերկարաձգելով պայմանագիրը Վարդան Մինասյանի հետ՝ «Արարատ-Արմենիայի» ղեկավարությունը ուղղակի քանդել է թիմը։ Քանդել է Եվրագավաթների խաղարկության շեմին։ Ոմանց թվում է, թե Հայաստանում թիմ պահելով ազգանվեր գործ են անում՝ մեծ լավություն անելով նաև երկրպագուներին։ Ոմանք չեն գիտակցում, որ իրենց պահած թիմը միջազգային մրցաշարերում այնուամենայնիվ ներկայացնում է մեր երկիրը։ Ոմանց համար անձնական ամբիցիաները ավելի բարձր են երկրի պատվից։ Վարդան Մինասյանը հսկայական աշխատանք էր կատարել «Արարատ-Արմենիայում»։ Հայաստանցի լավագույն մասնագետներից մեկը այնուամենայնիվ փորձում էր «Արարատ-Արմենիային» հայկական երանգներ հաղորդել՝ տեղ տալով նաև տեղացի կադրերին։Իսկ ինչ «Արարատ-Արմենիա» տեսանք «Օմոնիայի» դեմ խաղում։ Իսպանական անհայտ թիմեր մարզած գլխավոր մարզիչ, անհասկանալի մի կոլեկտիվ, որը խաղաց թե՛ «Արարատ», և թե՛ «Արմենիա» անունների հետ։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ «Արարատ-Արմենիայում» ներկայում տիրող վիճակի գլխավոր մեղավորը ակումբի ղեկավարությունն է, որը կարևորագույն մրցաշարից առաջ գնաց անհասկանալի և անտրամաբանական քայլերի։ Վստահաբար կարող ենք ասել, որ Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» կցուցադրեր բոլորովին այլ ֆուտբոլ։ Վստահաբար կարող ենք ասել, որ «Օմոնիան» միանգամայն հաղթահարելի մրցակից էր, և մենք հիանալի առիթ բաց թողեցինք պատմական արդյունք գրանցելու։ Հիշեցնենք, որ հայկական թիմերին երբևէ չի հաջողվել դուրս գալ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ։ «Արարատ-Արմենիան» մեր երկրում թերևս ամենաթանկ ակումբն է, որտեղ ելույթ են ունենում համեմատաբար ավելի բարձր որակներ ունեցող լեգեոներներ։ «Արարատ-Արմենիայում» է ելույթ ունենում Յոան Գուֆրանը, որը փայլուն խաղով աչքի է ընկել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ինչևէ առջևում «Ֆոլաա Էշի» հետ հանդիպումն է։ Ի՞նչ սպասել մեր չեմպիոնից։ Մեր առաջիկա մրցակիցը ևս պայքարը սկսել  է Չեմպիոնների լիգայից, որտեղ մրցակցի հարկի տակ 2։0 հաշվով զիջել է Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին»։ Հիշեցնենք, որ անցյալ տարի «Արարատ-Արմենիային» հաջողվել էր դուրս գալ Եվրոպա լիգայի փլեյ-օֆ, որտեղ դրամատիկ պայքարում զիջել էր Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»։ Ասել, որ «Արարատ-Արմենիային» հեշտ մրցակից է բաժին հասել ճիշտ չի լինի։ Ավելին, հաշվի առնելով Լյուքսեմբուրգի նախորդ չեմպիոնի որակները կարող ենք ասել, որ երևանյան թիմին լուրջ փորձություն է սպասվում։ Ստեղծված իրավիճակում մնում է հուսալ միայն, որ «Արարատ-Արմենիային» Դավիթ Կապանյայի գլխավորությամբ այնուամենայնիվ կհաջողվի առաջին հաղթանակը տանել։ Հաղթանակ, որը մեր թիմին դուրս կբերի Եվրոպա լիգայի երրորդ որակավորման փուլ։