Արսեն Ջուլֆալակյանին չեն կարողացել համոզել. նա Արայիկ Հարությունյանի դեմ ապացույցներ է ներկայացրել. «Ժողովուրդ»

Արսեն Ջուլֆալակյանին չեն կարողացել համոզել. նա Արայիկ Հարությունյանի դեմ ապացույցներ է ներկայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ հրավիրել են հանդիպման իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին, որը դեռ սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, թե վայր է դնում իր պատգամավորական մանդատը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը, սակայն, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ոչ մի ներկայացուցիչ ներկա չի եղել: Մենք տեղեկացանք, որ հանդիպմանը հիմնականում ներկա են գտնվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ Աննա Կարապետյանը, Վլադիմիր Վարդանյանը, Նազելի Բաղդասարյանը, ինչպես նաև Հերիքնազ Տիգրանյանը, Հովիկ Աղազարյանը, Բաբկեն Թունյանը և այլք: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Ջուլֆալակյանը եկել է փաստաթղթերով, ներկայացրել այն հիմքերը, որոնք ապացուցում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված բոլոր գրությունները արհամարհվել են, որևէ կերպ չի արձագանքել իր նամակներին, ինչի համար էլ վերջինս դիմել է նման քայլի: Ըստ պատգամավորների՝ Ջուլֆալակյանն ամեն ձևով ապացուցել է, որ ինքը ճիշտ քայլի է դիմել, քանի որ այլ ելք չի ունեցել: Չնայած այն բանին, որ իմքայլականները ամեն կերպ փորձել են Ջուլֆալակյանին համոզել մանդատը վայր չդնել, միևնույն է, Ջուլֆալակյանը հայտնել է, որ ինքը որոշում է կայացրել, ավելին՝ նրան ճանաչողները վստահեցնում են, որ նման հարցերում Ջուլֆալակյանը սկզբունքային է ու խորհրդարան չի վերադառնալու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: