Չինացիներին հորդորել են խնայել ուտելիքը

Չինացիներին հորդորել են խնայել ուտելիքը

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը երկրի բնակիչներին հորդորել է վերջ դնել ուտելիքի վատնողությանը: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը: Չինաստանի ղեկավարը հայտարարել է, որ «պարենամթերքի նկատմամբ վատնողության երեւույթը սարսափեցնում ու վշտացնում է»: Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ հացահատիկի արտադրությունը երկրում տարեցտարի աճում է, մշտապես հարկ Է գիտակցել ռիսկերը պարենային անվտանգության բնագավառում, եւ այս տարվա համավարակի ազդեցությունը Չինաստանի համար դարձել է տագնապի ազդանշան: «Անհրաժեշտ է ամրապնդել օրենսդրությունը, ուժեղացնել հսկողությունը, ձեռնարկել արդյունավետ միջոցներ, ստեղծել երկարաժամկետ մեխանիզմ եւ վճռականորեն դադարեցնել պարենամթերքի ավելորդ վատնումները: Հարկ է քայլ առ քայլ ուժեղացնել քարոզչությունը, արդյունավետորեն չափավորություն եւ խնայողություն պատվաստել ուտելիքի հարցում, հասարակության մեջ ստեղծել ամոթի մթնոլորտ պարենամթերքի վատնողության համար եւ հպարտություն՝ խնայողության համար»,-հայտարարել է Սի Ծինպինը: Գործակալությունը նշում Է, որ Չինաստանի ղեկավարը միշտ մեծ ուշադրություն է հատկացրել պարենային անվտանգությանը եւ հանդես եկել վատնողության դեմ ու խնայողության համար պայքարի նախաձեռնությամբ: Ընդգծվում է, որ Սի Ծինպինը դեռ 2013 թվականից կանոնավոր կերպով կարեւոր հրահանգներ է տալիս՝ հանդես գալով խիստ խնայողության եւ վատնողությանը հակազդելու կոչերով: Սակայն, չնայած տարբեր մակարդակներով ձեռնարկվող միջոցառումներին, կերակուրների հարցում ավելորդ վատնողության ֆենոմենը բազմաթիվ վայրերում դեռեւս գոյություն ունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: