«Աղբահանության այսօրվա խնդիրը միայն սովորական աղբ տեղափոխելը չէ». Վարչապետի խոսքը կդառնա՞ գործ

«Աղբահանության այսօրվա խնդիրը միայն սովորական աղբ տեղափոխելը չէ». Վարչապետի խոսքը կդառնա՞ գործ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է աղբահանության համակարգի ռազմավարությունն ու դրանով նախատեսված միջոցառումների ծրագիրը: Ռազմավարությամբ մշակվել է երկամյա միջոցառումների ծրագիր, որով նախատեսվող աշխատանքները միտված են լինելու հանրապետությունում աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը, էկոլոգիական պայմանների ապահովմանը, վերամշակման ենթակա թափոնների համար համապատասխան մեխանիզմների ներդրմանը և այլն: Քննարկման ընթացքում նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները, մասնավորապես՝ արդեն իսկ ձեռք է բերվել թվով 59 տեխնիկա և 600 աղբաման: Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվում են նաև երկու խոշոր նոր աղբավայրերի կառուցման աշխատանքները՝ Երևանում և Հրազդանում, որոնց  շինարարությունը կմեկնարկի առաջիկայում: Ռազմավարությամբ նախատեսվում է համայնքների համար գծագրել աղբահանության կոնկրետ սխեմաներ, բնակավայրերում հիմնել աղբի հավաքման կետեր, իսկ շինարարական աղբի համար սահմանել առանձին ընթացակարգեր: Քննարկվել են նաև աղբի վերամշակման հնարավորություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է հանրապետությունում աղբահանության բարձր մակարդակի կազմակերպումը և նշել, որ ռազմավարությունը պետք է իր միջոցառումներով ապահովի այդ խնդիրը լիարժեք: «Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը կարծում է, որ աղբահանության խնդրի լուծման ու նորմալ համակարգ ունենալու անհրաժեշտության մասին պետք է ոչ միայն խոսել, այլ նաև կոնկրետ գործողություններով իրականություն դարձնել այն: Մինչդեռ, նա համոզված է, որ այսքան ժամանակ սայլը տեղից չի շարժվում, հայտարարություններին քայլեր չեն հաջորդում: «Օրինակ՝ Նուբարաշենի աղբավայրի ծրագրի մասին մենք՝ «Հայկական բնապահպանական ճակատ»-ի անունից գրել էինք դեռևս նախորդ կառավարությանն ու ծրագրի ֆինանսավորողներին և բացատրել էինք, որ 21-րդ  դարում նման բան չեն անում՝ 25 մլն եվրո չեն ծախսում, որպեսզի մի հատ աղբավայրի կողքը նույն տիպի աղբավայր կառուցեն՝ 30 հեկտարանոց, որը նախորդից տարբերվում է միայն նրանով, որ մեկուսացված է, հոսող ջրերը մաքրվելու են և այլն, բայց խնդրի էությունը մնում է նույնը՝ աղբը բերվում-լցվում է այդտեղ: Այդ ծրագրի մեջ ոչ մի բառ գրված չէր աղբի  ո՛չ տեսակավորման, ո՛չ վերամշակման, ո՛չ էլ մնացած կարևոր բաների մասին: Դա  21-րդ դարի ծրագիր չէր, դա անհավասար մոտեցում էր. ի՞նչ է նշանակում  25 մլն եվրո ծախսես, որ Նուբարաշենի աղբավայրի կողքը նույն ձևի մի հատ էլ աղբավայր սարքես, դա աբսուրդ էր: Ինչ վերաբերում է ներկայիս կառավարության կոնկրետ այս ծրագրին, ապա դրա մանրամասներին  ծանոթ չեմ, սակայն մի բան կարող եմ ասել՝ եթե  վերոնշյալ ծրագրի նման մի բան պետք է իրականացվի, ապա դա նույնպես աբսուրդ է: Սրա մասին բազմիցս հայտարարել ենք: Մեկուկես տարի առաջ էլ, երբ  կառավարությունում հանդիպման էինք համապատասխան բաժնի պատասխանատուի հետ՝  նրան ասել ենք, բացատրել ենք, հիմնավորումները ներկայացրել ենք, որ այդ ծրագիրն իրականացնելն ու դրա վրա գումար ծախսելն աբսուրդ կլինի, իսկ հիմա եթե այլ բան են մտածել, ապա լավ, թող անեն՝ տեսնենք», - «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Լևոն Գալստյանն ու միևնույն ժամանակ հավելեց. «Տարբեր վայրերում բերում-դնում են աղբամաններ, լավ են անում, բայց թող գոնե  մեկը առանձնացնեն թղթի համար, վրան նշեն, որ դա միայն թղթի համար է, ուրիշ գույնով ներկեն, մյուսի վրա նշեն, որ  դա էլ միայն պլաստիկ  շշերի համար է, երրորդը՝ այլ տեսակի աղբի համար է և այլն և այլն, բայց նույնիսկ այս տարրական բաները չեն արվում, առավել ևս այն դեպքում, երբ դա առանձնահատուկ ծախսեր չի պահանջում: Պետք է այս մեսիջներով ստեղծել մշակույթ, որ մարդիկ տեսակավորեն, առանձին աղբարկղերի մեջ դնեն ու տեսակավորված աղբամանների մեջ թափեն իրենց աղբը, որ հետո դրա վերամշակումն էլ հեշտ լինի, սակայն դա չենք արել, կողք-կողքի դրել ենք նույն ձևի, նույն գույնի աղբամաններն ու ասում  ենք՝  ինչ ուզում եք լցրեք»: Գալստյանը նկատեց՝ ամբողջ աշխարհը գնում է աղբի տեսակավորման, վերամշակման ճանապարհով, իսկ մյուս լուծումները ոչ քաղաքակիրթ լուծումներ են, երբ աղբը տանում-լցնում են  աղբավայրեր, որտեղ դա  վառվում են՝ ավելացնելով օդի աղտոտվածությունը կամ թաղում են հողի տակ: «Հայաստանում մարդկանց 99 տոկոսը չի տեսել, որ կա մի տեղ, որտեղ կարելի է, օրինակ, թուղթն ու պլաստիկն առանձին-առանձին գցել: Եթե մարդիկ այդ մեսիջները չտեսնեն, ինչո՞ւ պետք է տեսակավորեն: Մեզ մարդիկ այնքան են հարցնում՝ տեսակավորված աղբը որտե՞ղ կարող են հանձնել, մենք պատասխանում ենք՝ չեք կարող, որովհետև այդպիսի տեղ չկա: Այստեղ խնդիրն այն է, որ մարդկային մտածողությունը կապված է նրա հետ, թե ինչ մակարդակի վրա է գտնվում հանրությունը և պետությունը: Եվ քանի դեռ մենք  գտնվում ենք այն մակարդակի վրա, որ մեզ համար այս հարցը գտնվում է հազարերորդական տեղում, ուրեմն այդ ուղղությամբ  ո՛չ հանրությունն է մտածում, ո՛չ էլ որոշում կայացնողները: Մինչդեռ որոշում կայացնողները պետք է առաջ ընկնեն. իրենց գործն այն է, որ հեռատես լինեն ու  մտածեն, թե  10, 20, 30 կամ 50  տարի հետո ինչպես է խնդիրը կարգավորված լինելու, ոչ թե պատճառաբանեն, թե հանրությունը պատրաստ չէ: Երբ մենք նրանց այս ամենի մասին ասում ենք՝ մեզ պատասխանում են, թե ժողովուրդը պատրաստ չէ ավելի շատ գումար մուծել աղբահանության համար, եթե այսպես կազմակերպեն: Իսկ դուք ժողովրդին հարցրե՞լ եք, կարող է մի մասը լավ էլ պատրաստ է: Իսկ, օրինակ, երբ  հարկերը բարձրացնում եք, հարցնու՞մ եք՝ պատրաստ ես դրան, թե ոչ: Ես չեմ կարողանում այս տրամաբանությունը հասկանալ»,- ասաց մեր զրուցակիցը: Վերջինիս կարծիքով՝ ոմանք ուզում են այս թեման փակել՝ նաև պատճառաբանելով, թե վերամշակումը տնտեսապես ձեռնտու չէ, ոչ մի ներդրող դրա համար չի գտնվի: «Կարող է շատ ձեռնտու լինել, եթե ճիշտ պետական քաղաքականություն վարվի: Իսկ ո՞վ է ասում, որ ամեն ինչը, անպայման, պետք  ձեռնտու  լինի: Բաներ կան, որ կարող են ձեռնտու չլինել, բայց, անպայման, պետք է արվեն: Դա ի շահ առողջ միջավայրի է, ի շահ մարդու առողջությանը, ի շահ մաքուր երկիր ունենալու, բա պետությունն ինչի՞ համար է»,- հավելեց  նա: Դիտարկմանը, որ հիմա հարցը վարչապետի մակարդակով է բարձրացվում և ընդգծվում խնդրի կարևորությունը, Լևոն Գալստյանն արձագանքեց. «Այս երկու տարվա մեջ այնքան բան է բարձրաձայնվել ու բանավոր ասվել, որ կարող ենք անվերջ թվարկել, բայց դրանց միտված քայլերի ականատեսը, ցավոք, չենք եղել: Ես բանավոր խոսքերին, անգամ գրված ծրագրերին ու ռազմավարություններին հավատացող մարդ չեմ վաղուց, մանավանդ, եթե դրանք վերաբերվում են բնապահպանության ոլորտին, որովհետև այն ցանկացած կառավարության համար, դժբախտաբար, վերջին տեղում է գտնվում: Եթե  ռեալ  գործողություններ կլինեն, ապա դրանից հետո կասեմ՝ ապրեն, շատ լավ բան են արել, բայց քանի դեռ դա չունենք, չենք տեսնում, ուրեմն....իսկ գործողությունը սկսվում է մանր, բայց տեսանելի քայլերից, որ մարդիկ հասկանան, որ  ինչ-որ քայլեր արվում են այդ ուղղությամբ: Ճիշտ է՝ չենք կարող չնկատել, որ այս ընթացքում գոնե Երևանում աղբահանության հարցը լավացել է, բարելավում ունենք, բայց աղբահանության այսօրվա խնդիրը միայն սովորական աղբ տեղափոխելը չէ: Խնդիրը աղբահանության քաղաքակիրթ համակարգ ունենալն է, իսկ  դա անելու համար մեծ ջանք ու ցանկություն է պետք»: