Հին կամ նոր բանակցությունները շոշափելու են նույն հարցերը. Ժամանակն է՝ Արցախի իշխանությունները հստակ հայտարարություն անեն

Հին կամ նոր բանակցությունները շոշափելու են նույն հարցերը. Ժամանակն է՝ Արցախի իշխանությունները հստակ հայտարարություն անեն

«Իմ նախորդ հարցազրույցում ես կոչ եմ արել, որ իշխանությունները հասարակությանը խաղաղությանը չնախապատրաստեն, փոխարենը՝ հասարակության հետ միասին պատրաստվեն պատերազմի։ Դուք իմ մարգարեական կանխատեսման վկան եք. ես կանխատեսում էի, որ Ադրբեջանը նոր հարձակում է սկսելու հայկական երկու պետությունների վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան 92 նախաձեռնության» արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը։ Մեր զրուցակիցը նշեց՝ ապրիորի ինքը դեմ չէ բանակցություններին. «Քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել մեր ժողովուրդների միջև, այն սկզբունքները, որով ղեկավարվում են մեր ժողովուրդները՝ իշխանությունների հետ միասին, այսօրվա դրությամբ ոչ մի կերպ չեն բերում խաղաղ ճանապարհով կարգավորման։ Ես համոզված եմ, և իմ համոզմունքը գալիս է իմ 28 տարվա խաղաղասիրական գործունեությունից, որի համար ես ստացել եմ բազմաթիվ միջազգային պարգևներ մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության բնագավառում, այսօր գոյություն չունի «խաղաղասիրություն» հասկացությունը։ Խաղաղասիրություն սկզբունքը հասարակությունների  և առանձին գործիչների մակարդակով մնացել է անցյալում և ավելի շատ արծարծվում է փիլիսոփայական գաղափարախոսության շրջանակներում՝ խաղաղության և պատերազմի հարցերի համատեքստում։ Խաղաղության ամենալավ գործիքը խաղաղության հարկադրանքն է։ Այսօր այդ գործիքներն ունեն ռազմաքաղաքական բնույթ, որի մեջ մտնում են դիվանագիտությունն ու բանակի սպառազինումը, ինչպես նաև հասարակության նոր մտածելակերպը, որը հիմնված է լինում սեփական ազգի հետաքրքրությունների վրա՝ հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները։ Հուլիսյան պատերազմը տեխնոլոգիաների պատերազմ էր, դիվանագիտության, ինչպես նաև մի տեխնոլոգիայի, որը կապված է նոր իրողության՝ կորոնավիրուսի հետ։ Կորոնավիրուսն իր դերը խաղաց միջազգային հանրության արագ արձագանքի տեսանկյունից, ինչպես նաև Սփյուռքի ոչ միանշանակ արձագանքի տեսանկյունից, որոնք իրենց դրսևորեցին որպես նոր գործիք՝ հետպատերազմական մտածելակերպի և նաև օտարի հարթակում հաշիվ մաքրելու փորձերի տեսակետից»։ Մեր այն դիտարկմանը, թե կարծիք կա, որ եթե հաջողվի նորից նստել բանակցությունների սեղանին, ապա դա պետք է անել զրոյից, և նաև սա կարող է լավ առիթ հանդիսանալ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու համար, Օհանջանյանն արձագանքեց. «Ցանկացած պարագայում հին թե նոր բանակցությունները շոշափելու են միևնույն հարցերը, և մենք արդյունքում մոտենալու ենք սկզբունքների մի  համակարգի, որոնց շուրջ պետք է այդ բանակցություններն ընթանան։ Դա առաջինն է, որին ես կցանկանայի ուշադրություն դարձնել։ Եվ երկրորդ՝ անվիճելի է, որ ցանկացած որոշում պետք է ադապտացվի բացառապես Արցախի ժողովրդի հանրաքվեի հետևանքով, և այդ պատճառով էլ ցանկալի է, որ Արցախի ներկայացուցիչը ակտիվ մասնակցի Արցախի ապագային առնչվող ցանկացած բանակցության»։ Մեր զրուցակիցն ընդգծեց՝ եթե Արցախի ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցություններին՝ միջազգային միջկառավարական կազմակերպությունների շրջանակներում, ապա ապրիորի ակնհայտ է դառնում, որ Արցախը չի ճանաչում ինչպես բանակցությունները, այնպես էլ դրանց արդյունքը. «Հակամարտությունների կարգավորման պատմության մեջ նման բան երբեք գոյություն չի ունեցել։ Կարծում եմ՝ այսօրվա Արցախի իշխանությունները պետք է պաշտոնապես հայտարարեն, որ չեն ճանաչում որևէ բանակցություն միջազգային կազմակերպությունների հովանու ներքո, եթե նրա ընտրված իշխանությունները այդ բանակցությունների ընթացքին չեն մասնակցում։ Եվ սա նշանակում է, որ խաղաղության մեջ ապրելու ցանկությունը մեր ձեռքերում է, մենք պետք է զինվենք ու հմուտ լինենք պատերազմների ժամանակակից ձևերին տիրապետելու իմաստով, որպեսզի Ադրբեջանին ու իր միջազգային գործընկերներին ստիպենք հաշվի նստել Արցախի Հանրապետության գոյության հետ»։