Վիճակը կայունանում է, բայց պետք է զգոն լինենք. կորոնավիրուսի երկրորդ ալիք կլինի՞, թե՞ ոչ

Կորոնավիրուսի վիճակագրության համաձայն՝ վերջին օրերին Հայաստանում պահպանել է կայունությունը, այսօր կորոնավիրուսով հիվանդացության 354 նոր դեպք է արձանագրվել, առողջացել է 631 մարդ, մահացել՝ 10 հոգի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8587 մարդ: Կան արդյոք լավատեսական մտքեր, որ կորոնավիրուսը Հայաստանում նահանջում է: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԵՊԲՀ պրոֆեսոր, վարակաբան Նաիրա Գյուլազյանը, ԵՊԲՀ դասախոս, վարակաբան Արման Բադալյանը և ԵՊԲՀ դասախոս հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը: Նրանց կարծիքով՝ թեև վիճակը կայունանում է, բայց պետք է զգոնությունը պահպանել: Նաիրա Գյուլազյանի դիտարկմամբ՝ վիճակագրական թվերի նվազումը վկայում է այն մասին, որ համավարակի գնում է դեպի նվազման, բայց միայն այդ տվյալների վրա հիմնվելով՝ հնարավոր չէ ասել, որ համավարակը նահանջում է, քանի որ մի քանի գործոններ կան, որ պետք է հաշվի առնել: Նաիրա Գյուլազյանի խոսքով՝ այդ գործոններից մեկն այն է, որ բոլոր վարակակիրները չէ, որ հաշվառվում են, օրինակ՝ եթե ընտանքիում ծնողներից մեկը հիվանդանում է, հաշվառվում է, ընտանիքի մյուս անդամները, թեթև և միջին ծանրության դեպքում չեն հաշվառվում, թեստավորում չի արվում, բայց բուժում են ստանում՝ անգամ հեռախոսով ցուցումներ ստանալով: Արման Բադալյանը հավելեց, որ մոտավոր հաշվարկներով թեստավորումով հաստատված յուրաքանչյուր հիվանդի դեպքում հնարավոր է 3-10 հոգու տիրույթով հիվանդներ լինեն, բայց չթեստավորված. «Շատ թեստավորվենք, հիվանդացության թիվն ավելի մեծ կլինի»: Դավիթ Մելիք-Նուբարյանն ընդգծեց, որ պետք է հակամարմինների թեստավորում անել և պարզել, թե որքան մարդու մոտ են դրանք առկա. «Դեռևս անհայտ է, թե հակամարմինները որքան կպահպանվեն, կարծիք կա, որ պահպանվում են 6-12 ամիս»: Քննարկման մասնակիցների հավաստմամբ՝ կորոնավիրուսով վարակման դեպքում տարբեր մարդկանց մոտ տարբեր օրգաններ են ախտահարվում կամ միաժամանակ մի քանի օրգաններ, կորոնավիրուսից վնասվում են ոչ միայն թոքերը, այլ նաև միկրոտրոմբներ են առաջանում, որից պացիենտը մահանում է: Քննարկման մասնակիցների կարծիքով՝ կրկնավարակի դեպքում հիվանդությունն ավելի ծանր է ընթանում: Մանրամասն՝ տեսանյութում: