Գործ ունենք մեղադրյալի հետ, ով քաղաքականությունը փորձում է օգտագործել որպես վահան. Ռուբեն Ռուբինյանը՝ Քոչարյանի մասին

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե տավուշյան սրացումներից հետո արդյոք հանձնաժողովի կողմից վերլուծվել է միջազգային արձագանքը և ինչ եզրակացություններ են արվել, նշեց. «Հուլիսյան հաղթական մարտերի օրերին մեր դիվանագիտությունը՝ ներառյալ խորհրդարանական դիվանգիտությունը, շատ լավ աշխատել է, օպերատիվ կերպով մեր գնահատումները ներկայացվել են մեր գործընկերներին և՛ կառավարական, և՛ խորհրդարանական մակարդակներում, արդյունքները սպասեցնել չտվեցին, եղան արձագանքներ տարբեր երկրների խորհրդարաններից ու կառավարություններից, դրանց մի մասն աջակցություն էր մեզ, մյուս մասը բալանսավորված արձագանքեր էին: Շատ հաջող գործեցինք, և հայկական դիվանագիտության լավագույն գնահատականը, կարծում եմ, տվել է հենց Իլհամ Ալիևը, իր հայտնի հայտարարությամբ, որտեղ նա քննադատում էր իրենց արդեն նախկին արտգործնախարարին և դիվանագետներին, դեսպաններին»: Անդրադառնալով Հայաստանի ատոմակայանի վերաբերյալ Ադրբեջանի սպառնալիքներին, Ռ. Ռուբինյանը նշեց, որ այդ աղաղակող հայտարարությունը ցույց է տալիս Ադրբեջանի ռազմատենչ և հակամարդկային էությունը: «Մենք պետք է հետամուտ լինենք, որ այդ հայտարարությունը պատշաճ գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից, այս հայտարարության վտանագավորության աստիճանը բացատրության կարիք չունի»: Ռ. Ռուբինյանի դիտարկմամբ՝ հուլիսյան մարտերի օրերին և դրանից հետո Բաքվի հայտարարությունները հակասական են և ցայտնոտային. «Բաքվի հայտարարություններում դժվար է տեսնել տրամաբանություն: Ալիևն իր բերանով հաստատում է, որ Ադրբեջանը ապակառուցողական, հակահայ և ռազմատենչ պետություն է»: Թուրքիայի որդեգրած արտաքին քաղաքականության վերաբերյալ Ռ. Ռուբինյանը նշեց, որ Թուրքիան ստանձնել է տարածաշրջանում ապակայունացնողի դերը: Անդրադառնալով օրերս Ռոբերտ Քոչարյանի՝ երեք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հարցազրույցին, Ռ. Ռուբինյանն ընդգծեց. «Մենք գործ չունենք քաղաքականությամբ զբաղվող անձի հետ, մենք գործ ունենք մեղադրյալի հետ, ով քաղաքականությունը փորձում է օգտագործել որպես վահան»: