Վահրամ Ավետիսյանն անցած էտապ է, կառավարությունը պետք է մտածի նոր թեկնածուի մասին

Սահմանադրական դատարանի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո սկսվել է ՍԴ կազմը համալրելու գործընթացը: Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Կառավարությունն առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Վահրամ Ավետիսյանի առաջադրումը աղմկոտ քննարկումների առիթ է հանդիսացել, կարծիքները միանշանակ չեն, քննադատությունների առանցքային պատճառներից մեկն այն է, որ նրա հայրը՝ Դավիթ Ավետիսյանը, նախկինում զբաղեցրել է Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահի պաշտոնը, և փաստաբաններից շատերը և Մարտի մեկի գործով դատապարտվածներն ու զոհերի հարազատները կասկածի տակ են դնում Դավիթ Ավետիսյանի անաչառությունը՝ հիշեցնելով շինծու մեղադրանքները: Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեք ժամ տևած փակ նիստում Վահրամ Ավետիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Առաջիկայում խորհրդարանում տեղի է ունենալու նրա թեկնածության հարցի քննարկումը և քվեարկությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը նշեց, որ քաղհասարակության շրջանում Վահրամ Ավետիսյանի առաջադրումը բացասական վերաբերմունքի է արժանացել: «Ինձ հայտնի իրավապաշտպանները, քաղհասարակության ներկայացուցիչները, ակտիվ հասարակական գործիչները բացասական դիրքորշում են հայտնել և չեն կարծում, որ Վահրամ Ավետիսյանն այն թեկնածուն է, որը պետք է համալրի ՍԴ դատավորների կազմը…»: «ՍԴ դատավոր չպետք է նշանակվեն այնպիսի մարդիկ, որոնց ընտանիքի անդամները ոչ միայն սերտ առնչություն են ունեցել նախկին համակարգի հետ, այլ նաև համակարգել են բազում քաղբանտարկյալների վերաբերյալ վճիռները»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Դավիթ Ավետիսյանը, որպես Վճռաբեկ դատարանի դատավոր, դակել է այդ դատարանի կողմից կայացված դատական ակտերը: «Խնդիրն այն է, որ Վահրամ Ավետիսյանը չի կարող մասնակցել և անաչառ լինել այն գործերի քննությանը, որոնց սերտ առնչություն է ունեցել նրա հայրը»,- նշեց փաստաբանը: «Եթե Վահրամ Ավետիսյանը կառավարության արժանի թեկնածուն է, ինչու նրա կենսագրության մասին պաշտոնական ինֆորմացիա չկար, տվյալները այսօր են ներկայացվել ԱԺ կայքում, ինչը տարօրինակ է»,- ընդգծեց Լուսինե Հակոբյանը: Մանրամասն՝ տեսանյութում: