4 ակումբները կրկին մերժվեցին… ՀՖՖ-ն կատարե՞լ է խոստումը…

4 ակումբները կրկին մերժվեցին… ՀՖՖ-ն կատարե՞լ է խոստումը…

Երեկ տեղի ունեցավ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեցին «Լոկոմոտիվ», «Արագած», «Տորպեդո», «Մասիս» ֆուտբոլային ակումբների, նրանց հետ կապված մի շարք անձանց, «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստներ Լոկվա Անտոնիա Ջեորջես Տեսերայի և Պապե Դեմբա Դիյեի, ինչպես նաև «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստ, «Երևան» ՖԱ և «Մասիս» ՖԱ ոչ պաշտոնապես նախկին սեփականատեր Կիրիլս Գրիգորովսի բողոքարկումները ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի՝ հուլիսի 2-ին տեղի ունեցած նիստի ընթացքում կայացված մի շարք որոշումների վերաբերյալ: ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն որոշում է կայացրել մերժել բողոքները և ուժի մեջ թողնել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի բոլոր որոշումները: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել էր որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց տարբեր ժամկետներով որակազրկման մասին: Այս որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել հայկական ֆուտբոլում։ Մասնավորապես, շատերը, ողջունելով ՀՖՖ-ի քայլը, այնուամենայնիվ պնդում են, որ մեր երկրում կան ևս մի քանի թիմեր, որոնք անցկացրել են պայմանավորված հանդիպումներ, սակայն չեն պատժվել։ Որակազրկված ակումբները, բնականաբար, այլ դիրքորոշում ունեն։ Նույն «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության պնդմամբ՝ ՀՖՖ-ն իրենց հանդեպ ցուցաբերել է խտրական վերաբերմունք։ «Կարևոր մի դրվագ արձանագրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության ժամանակ: Միակ ակումբը, որն օբյեկտիվ պատճառով չմասնակցեց քվեարկությանը, մերն էր: Մեզ հասկացրին, որ «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբն անհարմարություններ է ստեղծում: Դրանից հետո թեթև ահաբեկչություն սկսվեց: Ակումբի նախագահը յուրաքանչյուր խաղից առաջ զգուշացնում էր, որ մրցավարները կարող են վատ դատել «Լոկոմոտիվի» հանդիպումները։ Նման բաներից չէինք վախենում: Գաղտնիք չէ, որ «Վանին» Բարձրագույն խմբում տեղ են խոստացել: Ակումբի նախագահի խոսքով՝ ընտրությունների ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Վան» և «Վեստ Արմենիա» ակումբներին խոստացել էր դուրս բերել Բարձրագույն խումբ։ «Վեստ Արմենիան» արտոնագիր չէր ստացել, իսկ մենք և «Վանը» ստացել էինք։ Դրանից հետո սկսվեց ամենահետաքրքիրը։ Պայմանավորված խաղեր անցկացնելու ոչ մի ապացույց չկա։ Դա պարադոքսալ է: Մեր ձեռքի տակ կա այն, ինչը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում է: Մեր ակումբին նույն այդ որոշումն է ուղարկվել: Ոչ մի մեղադրանք չի հնչել մեր հասցեին: Գործին առնչվող նյութերը ևս չունենք: Մեզ մեղադրում են մի բանում, որը մենք չենք արել: Ստացվում է, որ առանց մեղավորության՝ մեղավոր ենք: Վստահ եմ, որ ամենն արվում է թիմին Բարձրագույն խումբ չթողնելու համար: Չգիտեմ ինչու են բարբարոս միջոցներով գործում: Ինձ համար ցավալի է, որ ուկրաինացի լրագրողները այս կեղծիքը տարածեցին: Սա պարզապես շոկ է: Ես խոստանում եմ, որ կգնամ մինչև վերջ՝ ընդհուպ մինչև Լոզանի արբիտրաժային դատարան: Բայց՝ այս ամենը հերթով, սկզբում երևի կդիմենք Բողոքարկման կոմիտեին: Մենք մտադիր ենք մաքրել մեր և թիմի տղաների անունները: Առհասարակ չեմ հասկանում՝ ինչ չափորոշիչներով են պատժել մարդկանց»,- լրագրողների հետ հանդիմանը նշել էր «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոն։ Ի դեպ, երեկ ՀՖՖ-ն կայացրել է ևս մեկ որոշում, որը ևս ոչ միանշանակ արձագանք է ստացել մեր ֆուտբոլային շրջանակներում։ Մասնավորապես, նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 առաջնության մասնակիցների հաստատման հարցը: Հաշվի առնելով, որ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ հուլիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ընդունված որոշումները, իսկ Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության մյուս մասնակիցներից Հայաստանի Բարձրագույն խմբի մասնակցության արտոնագիր է ստացել միայն «Վանը», որոշվել է թույլատրել «Վան» ֆուտբոլային ակումբին մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի առաջնությանը: Երեկա որոշումից հետո Լիտովչենկոյի պնդումները «Վան» ակումբի մասով ոմանք արդեն իրատեսական են համարում։ Մասնավորապես, արդեն իսկ խոսվում է ՀՖՖ-ի կողմից տրված խոստումը կատարելու մասին։ Ստեղծված իրավիճակում հարկ ենք համարում կրկին նշել պայմանավորված հանդիպումները վերջնականապես արմատախիլ անելու կարևորությունը։ Կասկածից վեր է, որ եթե ՀՖՖ-ն պատժեր և որակազրկեր պայմանավորված խաղերի մեջ կասկածվող բոլոր ակումբներին, այսօր իրավիճակը բոլորովին այլ կլիներ։ Որակազրկված թիմերը, չընդունելով իրենց մեղքը, շարունակելու են պայքարել՝ լարված պահելով մթնոլորտը։ Նույն «Լոկոմոտիվ» ակումբը մեկ անգամ չէ, որ հայտարարել է ՀՖՖ որոշումները Լոզանի արբիտրաժային դատարանում բողոքարկելու մասին։