«Արսենալից»՝ միայն Մխիթարյանը. «Ռոմայի» դիրքը՝ իտալական ֆուտբոլում

«Արսենալից»՝ միայն Մխիթարյանը. «Ռոմայի» դիրքը՝ իտալական ֆուտբոլում

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ 3։2 հաշվով հաղթելով «Տորինոյին»՝ լուծեց իր առջև դրված խնդիրը։ Հռոմի թիմը վերջին տուրից առաջ ապահովեց 5-րդ հորիզոնականը, ինչը հնարավորություն կտա մասնակցելու Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլին։ «Տորինոյի» ֆուտբոլիստներն առաջինը բացեցին խաղի հաշիվը, սակայն «Ռոման» արագ վերականգնեց հաշվի հավասարությունը: Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Էդին Ջեկոն։ Առաջին կեսի վերջնամասում «Ռոման» առաջ անցավ հաշվի մեջ: Գոլը հեղինակեց Սմոլինգը: Երկրորդ կեսում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց խաղավարտին: Երեկվա խաղում Մխիթարյանը թարմ տեսք ուներ և զարգացնում էր բարձր արագություն։ Սա խոսում է նաև այն այն մասին, որ Մխիթարյանը շարունակում է մեծ մոտիվացիայով խաղալ։ Այս պահին «Ռոման» ունի 67 միավոր և չորս միավորով գերազանցում է 6-րդ հորիզոնականում գտնվող «Միլանին»: Վերջին տուրում «Ռոման» մրցելու է ժամանակից շուտ չեմպիոնի կոչումն ապահոված «Յուվենտուսի» հետ։ Մրցաշարային առումով այս հանդիպումը որևէ նշանակություն չունի կողմերի համար։ «Անցած գիշեր բնավորություն ցույց տվեցինք: Հեշտ խաղ չէր, բայց պիտի հաղթեինք այն: Ուրախ եմ, որ կարողացանք պահպանել մեր տեղը Եվրոպա լիգայի խմբային փուլում մյուս մրցաշրջանի համար»,- սոցցանցերի իր էջում գրել է Մխիթարյանը։ Ասել, որ «Ռոման» Իտալիայի այս առաջնությունում բարձր արդյունք գրանցեց՝ բոլորովին ճիշտ չի լինի։ Թիմն ունի մեծ պոտենցիալ, որն ամբողջությամբ չօգտագործեց։ Գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կիրառեց մի քանի խաղային մոդելներ՝ փորձելով գտնել ոսկե միջինը։ «Ռոմայի» նպատակը լավագույն քառյակում տեղ զբաղեցնելն էր, սակայն առաջնության ընթացքը ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ թիմը դեռ պատրաստ չէ ավելի լուրջ խնդիրներ լուծելու։ Լավագույն քառյակում գտնվող թիմերը ցուցադրեցին ավելի բալանսավորված և դինամիկ ֆուտբոլ։ Հաշվի առնելով օբյեկտիվ գործոնները՝ «Ռոմայի» արդյունքը Ա սերիայում կարելի է բավարար համարել։ 5-րդ հորիզոնականը արտացոլում է «Ռոմայի» դիրքը իտալական ֆուտբոլում։ Ամեն դեպքում 2019/2020 մրցաշրջանում «Ռոմայի» համար դեռ ամեն ինչ ավարտված չէ։ Հիշեցնենք, որ Հռոմի թիմը պայքար էր մղում երկու խոշոր մրցաշարերում։ Եվ այսպես, հաջորդ հանդիպումը «Ռոման» անցկացնելու է օգոստոսի 6-ին՝ Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում մրցելով իսպանական «Սևիլիայի» հետ։ Հիշեցնենք, որ համավարակի պատճառով Եվրոպա լիգայի խաղարկությունն ընդհատվել էր։ Փլեյ-օֆը կայանալու է մեկ խաղով, այսինքն՝ օգոստոսի 6-ին հաղթելու դեպքում «Ռոման» դուրս կգա քառորդ եզրափակիչ։ Հիշեցնենք, որ իտալական թիմի առաջ խնդիր է դրված նվաճելու Եվրոպա լիգայի գավաթը, ինչը հնարավորություն կտա գալիք մրցաշրջանում խաղալու Չեմպիոնների լիգայում։ Վերհիշենք, թե ինչպես էր «Ռոման» հայտնվել 1/8-րդ եզրափակչում։ Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակչում «Ռոման» լարված պայքարում երկու հանդիպումների արդյունքում 2։1 հաշվով հաղթել էր բելգիական «Գենտին»։ Առաջին խաղում 1։0 հաշվով առավելության հասնելուց հետո «Ռոման» հյուրընկալվելիս հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի՝ 1։1 հաշվով, իսկ գնդակը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո խփել էր հոլանդացի Ջասթին Կլյուվերտը։ Ի դեպ, Եվրոպա լիգայում երկրորդ խաղում անընդմեջ մեր ֆուտբոլիստը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ՝ էապես նպաստելով իր թիմի հաջողությանը։ Հետաքրքիր զուգադիպությամբ Մխիթարյանի նախկին երեք ակումբները ևս հայտնվել էին Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչում։ Դոնեցկի «Շախտյորը» առաջին խաղում պորտուգալական «Պորտուին» 2։1 հաշվով հաղթելուց հետո մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 3։3 էր խաղացել և դուրս եկել 1/8-րդ եզրափակիչ։ Հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։ Վերջինս առաջին խաղում մրցակցի հարկի տակ 1։1 էր խաղացել բելգիական «Բրյուգեի» հետ։ Պատասխան խաղում անգլիական ակումբը սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ էր տարել 5։0 հաշվով։ Լոնդոնի «Արսենալը» գերդրամատիկ պայքարում զիջել էր հունական «Օլիմպիակոսին»՝ դուրս մնալով Եվրոպա լիգայից։ Առաջին խաղում «Արսենալը» Աթենքում առավելության էր հասել 1։0 հաշվով՝ մեկ ոտքով հայտնվելով 1/8-րդ եզրափակչում։ Պատասխան խաղում հունական թիմը երկրորդ կեսում հաջողության էր հասել և պահպանել 1։0 հաշիվը։ Լրացուցիչ ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Պյեր Էմերիկ Օբամեյանգը ֆանտաստիկ հարվածով հավասարեցրել էր հաշիվը՝ ցնծություն պարգևելով «Էմիրեյթս» մարզադաշտի հազարավոր երկրպագուների։ Ընդամենը երկու րոպե հետո, սակայն, ամբողջ թիմով նետվելով առաջ՝ «Օլիմպիակոսը» խփել էր նաև հաղթական գնդակը։ Սա լուրջ ձախողում էր Մխիթարյանի նախկին թիմի համար։ Վերջինս Անգլիայի ավարտված առաջնությունում զբաղեցրեց միայն 8-րդ հորիզոնականը։ Փաստորեն, Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆում «Արսենալը» կունենա մեկ ներկայացուցիչ՝ ի դեմս Մխիթարյանի։ Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է լոնդոնյան թիմին։