Փորձագետը պատմել է սմարթֆոններ վաճառելիս խարդախության նոր սխեմայի մասին

Փորձագետը պատմել է սմարթֆոններ վաճառելիս խարդախության նոր սխեմայի մասին

Չարագործները գտել են խարդախության նոր միջոց սմարթֆոնները վաճառելիս. նրանք սարքը վերցնում են լիզինգով և վերավաճառում այն, սակայն որոշ ժամանակ անց հեռախոսն արգելափակվում է վճարումների բացակայության պատճառով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Forward Leasing ընկերության մարկետինգի գծով տնօրեն Վասիլի Պիտելինսկին: Նրա խոսքով՝ խարդախներն իրենց սխեմաներում օգտագործում են Samsung Upgrade ծրագիրը: Դրա շրջանակներում օգտատերը կարող է ոչ մեծ ամսավճարի դիմաց օգտագործել նոր սմարթֆոնը, իսկ 12 ամիս անց կամ այն անվճար փոխել նորով, կամ հետ տալ՝ մուծելով վճարումների մնացորդը: Բաժանորդագրումը ձևակերպելու գործընթացն ամբողջովին թվային է և տեղի է ունենում առցանց: «Իրավաբանորեն գաջեթների ձեռքբերման այդպիսի ձևը լիզինգն է: Խարդախներն արագորեն սովորել են գնման նոր ֆորմատն օգտագործել սեփական շահի համար: Նրանք Samsung Upgrade ծրագիրը ձեւակերպում են դրածո մարդկանց անուններով: Գաջեթներն ստանալուց հետո կազմակերպիչները դրանք վերավաճառում են ոչինչ չկասկածող գնորդներին. հաճախ շատ հրապուրիչ գներով անվճար հայտարարությունների կայքերում կամ շուկաներում: Ծրագիրը նախնական մուծում չի նախատեսում, ուստի սմարթֆոնը վերավաճառման պահին նորմալ է աշխատում»,-նշել է փորձագետը: