Հադրութում նոր ծրագրեր են նախատեսվում. Արցախի նախագահն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին

Հադրութում նոր ծրագրեր են նախատեսվում. Արցախի նախագահն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին ընդունել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին: Վերջինս հանդես է եկել շրջանում համավարակային կայուն իրավիճակի,  բերքահավաքի ընթացիկ աշխատանքների և հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական խնդիրների մասին համապարփակ զեկուցմամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են կապիտալ շինարարության տարբեր ծրագրեր: Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ «Դիզակ շին» ընկերությանը լրացուցիչ 140 մլն ՀՀ դրամ կհատկացվի, որից 70 մլն-ը՝ ներհամայնքային ճանապարհների սալապատման,  40 մլն-ը՝ շրջանում բարեկարգման աշխատանքների իրականացման համար:   Եւս 65 մլն ՀՀ դրամ հատկացվելու է շրջանի վարչակազմին՝  պետական աջակցության ծրագրի շրջանակներում սոցիալական տարբեր խմբերի շինանյութ տրամադրելու նպատակով: Նախագահի խոսքով՝  այս տարի հերթացուցակում գտնվող շրջանի բազմազավակ ընտանիքների համար նախատեսված 12 առանձնատան փոխարեն կկառուցվի 18 առանձնատուն: Կուսումնասիրվի նաև Հադրութ քաղաքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման հնարավորությունը: Երկրի ղեկավարի նշել է, որ պետական միջոցներով շուտով կսկսվեն Տող-Տումի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, ինչպես նաև պետական ծրագրում կներառվի Թաղուտ համայնքում նոր դպրոցական շենքի կառուցումը: Հանդիպմանը մասնակցել է ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը: