Բացահայտվել է պլանը. խոստովանություն Հրայր Թովմասյանի խորհրդականից

Բացահայտվել է պլանը. խոստովանություն Հրայր Թովմասյանի խորհրդականից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, խորհրդարանում ներկայացնելով ՍԴ հարցի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, իր ելույթում հիշատակել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի խորհրդական Գրիգոր Մուրադյանի խոսքը, որ հնչել է հեռուստաալիքներից մեկով: «Մեկ փակագիծ բացեմ. Սահմանադրական դատարանի ռազմավարությունն էր ոչ մի կերպ չընկրկել և, ամենակարևորը, հարկադրել, որ այս իշխանությունները հակապետական, հակասահմանադրական ու պետական հեղաշրջման միջոցով հասնեն իրենց նպատակին», Մուրադյանի խոսքն է մեջբերել Հովակիմյանը: Այստեղ կա, իհարկե, երկու հանգամանք: Նախ՝ փաստացի դա խոստովանություն է, որ Սահմանադրական դատարանն այդուհանդերձ ունեցել է «քաղաքական նպատակ», որովհետև, հակառակ դեպքում չէր կարող ունենալ քաղաքական իշխանությանը հակասահմանադրական կամ հակաիրավական քայլի մղելու ռազմավարություն: Դա էլ իր հերթին արդարացնում է ՍԴ նկատմամբ քաղաքական իշխանության դիրքորոշումն ու քայլերը, որովհետև իշխանության փաստարկը հենց այն էր, որ գործ ունենք ոչ թե իրավական կառույցի, այլ նախորդ համակարգի քաղաքական «բաստիոնի» հետ, որը լուծելու է քաղաքական, ոչ թե սահմանադրա-իրավական խնդիրներ: Հենց դրա վրա էր կառուցվում քայլերի տրամաբանությունը, որ խոսքը ոչ թե անկախ ՍԴ մասին է, ըստ այդմ՝ ՍԴ անկախությունը ոտնահարելու, այլ ՍԴ ցուցանակի ներքո քողարկված քաղաքական ճամբարը ապամոնտաժելու: Բանն այն է, որ ոչ մի կերպ չընկրկելը ՍԴ համար միանգամայն հասկանալի դիրքորոշում է: Անհասկանալի է հաջորդ մասը՝ «ամենակարևորը, հարկադրել, որ այս իշխանությունները հակապետական, հակասահմանադրական ու պետական հեղաշրջման միջոցով հասնեն իրենց նպատակին»: Տրամաբանությունը հուշում է, որ Սահմանադրական դատարանի նպատակի մեջ չպետք է լինի որևէ մեկին հակաիրավականության մղելու, դրդելու, հարկադրելու նպատակային ռազմավարություն: Մինչդեռ, եթե ճշգրիտ է պատգամավորի մեջբերումը, ստացվում է՝ ըստ ՍԴ նախկին նախագահի խորհրդականի, ՍԴ-ն ունեցել է հենց այդպիսի նպատակ, ինչն իսկապես տարօրինակ է, մեղմ ասած: Լուսանկարը՝ Armeniasputnik-ի