Պետք է դա անենք ոչ թե PR-ի համար, այլ այնպես, որ խնդիրներ չծագեն. Արցախը սիմվոլիկ օգնություն կուղարկի՞ ԱՄՆ

Պետք է դա անենք ոչ թե PR-ի համար, այլ այնպես, որ խնդիրներ չծագեն. Արցախը սիմվոլիկ օգնություն կուղարկի՞ ԱՄՆ

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Արցախն այժմ ունի պատմական շանս՝ ցույց տալու, որ չճանաչված, բայց կայացած պետություն է: Ըստ նրա՝ ամենահարմար պահն է, որ Արցախն ԱՄՆ-ին օգնության ձեռք մեկնի՝ «Made in Artsakh» վերտառությամբ դիմակներ ու ալկոգելեր ուղարկի Միացյալ Նահանգներ: Թե ինչու է հիմա ամենահարմար պահը՝ Սուրեն Սարգսյանը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ամենաբարդն է ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Կալիֆոռնիայում: Բացի այդ, Կոնգրեսում այժմ լսումներ են՝ կապված ֆինանսական հատկացումների, այդ թվում՝ Արցախի օգնության չեղարկման հետ, և այս սիմվոլիկ օգնությունը տեղին կլինի լոբբիստների աշխատանքի համար: Հուլիսի 11-ին Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթ է լինելու, և եթե նույն ինքնաթիռը հետ է մեկնելու, ապա առաքման աշխատանքը հեշտանում է»: Սուրեն Սարգսյանը վստահեցնում է՝ թեպետ ադրբեջանցիները տասնյակ տոննաների օգնություն են առաքում ԱՄՆ, Արցախից ուղարկած օգնության էֆեկտն ավելի մեծ կլինի: «ԱՄՆ-ը մեզ միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել համավարակի հաղթահարման համար և շարունակում է մնալ միակ պետությունը, որն Արցախին ուղիղ աջակցություն է ցուցաբերել՝ տարբեր ծրագրերով»,- գրել է Սարգսյանը՝ խնդրելով իր առաջարկը հասցնել Արցախի իշխանություններին: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ խնդիրն ավելի շատ տեխնիկական բնույթ ունի և պետք է քննարկվի Արցախի պարետատան կողմից: Ինչ վերաբերում է քաղաքական նշանակությանը, Դավիթ Բաբայանն ասաց. «Մենք ընդհանրապես հումանիտար համագործակցությունը կարևորում ենք բոլոր երկրների հետ՝ մասնավորապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի, տարածաշրջանային այն երկրների հետ, որտեղ կա հայկական համայնք: Կարելի է մտածել, քննարկել տարբեր հարցեր, անել այնպես, որ լինի էֆեկտիվ, ոչ թե PR: Հասկանում եք, PR-ը գուցե որոշ տեղերում կարևոր է, բայց իմ խորին համոզմամբ՝ պետք է այնպես անենք, որ սա ընդունվի, ոչ թե անենք այնպես, որ խնդիրներ ծագեն: Հետո պատկերացրեք՝ ԱՄՆ-ը եթե պաշտոնապես չճանաչի, որովհետև Արցախն էլ չճանաչված պետություն է, հետևանքները այլ են լինելու: Ուստի ես կարծում եմ՝ պետք է լավ ուսումնասիել, նոր քայլեր անել»: Ինչ վերաբերում է Կոնգրեսում ֆինանսական հատկացումների շուրջ քննարկումներին, Դավիթ Բաբայանն ասաց. «Իհարկե, այստեղ անելիքներ կան, բայց մենք այդ հարցերը պետք է լուծենք սփյուռքի ու Մայր Հայաստանի հետ միասին, որովհետև դուք գիտեք, որ որոշ միտումներ կան այդ օգնությունը կրճատելու հետ կապված: Իհարկե, պետք է անենք որոշ գործողություններ, բայց մենք իհարկե երախտապարտ ենք ԱՄՆ-ին այսքան տարիների օգնության համար: Սա նախևառաջ մարդասիրական հարթության խնդիր է և ոչ քաղաքական: Բայց եթե կրճատվում է մարդասիրական հարթության մեջ կամ առհասարակ դադարեցվում, դա կարող է նաև քաղաքական երանգներ ունենալ: Հետևաբար պետք է այնպես անենք, որպեսզի ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները մարդասիրական ոլորտում մնան այնպես, ինչպես որ կան, այսինքն՝ բարձր մակարդակի վրա: Պետք է փորձենք նմանատիպ հարաբերություններ զարգացնել նաև այլ երկրների հետ: Դա կարող է լինել գիտական, կրթական ոլորտներում»: Դավիթ Բաբայանը շեշտեց՝ ԱՄՆ-ում կենտրոնացած է մեծությամբ մեր երկրորդ սփյուռքը. «Չկա այնպիսի վայրկյան, որ մեր հայրենակիցները չմտածեն Արցախին օգնելու մասին: Սա չի կարելի մոռանալ: Նրանք դա կարողանում են անել, որովհետև պաշտոնական Վաշինգտոնը արգելքներ չի դնում: Եվ դուք գիտեք, որ ԱՄՆ-ը միակ երկիրն է, որ Արցախին օգնություն է ցուցաբերում. սա մեր բազմավեկտոր քաղաքականության դրսևորումներից մեկն է»: Նրա խոսքով՝ Արցախը վարում է «և-և»-ի քաղաքականություն, ոչ «կամ-կամ»-ի. «Մենք լավ հարաբերություններ ունենք բոլոր երկրների հետ՝ Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան, և մասնավորապես այն երկրների, որտեղ կա հայկական սփյուռք»: