Մակրոնի զորակցությունը Փաշինյանին. ինչ է ակնկալում Փարիզը

Մակրոնի զորակցությունը Փաշինյանին. ինչ է ակնկալում Փարիզը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի առիթը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարն է: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է նաև, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանին տրամադրել 50-60 միլիոն եվրո օգնություն, որը շատ կարևոր է տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար: Ֆրանսիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, և այդ հանգամանքը թերևս ապացուցվել է բազմաթիվ անգամներ: Մյուս կողմից, չնայած դրան, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ուղերձն այդուհանդերձ ունի քաղաքական կարևոր նշանակություն և նաև առաջացնում է հետաքրքիր հարցեր: Մասնավորապես, ինչո՞ւ հիմա, այս պահին, ինչո՞վ է պայմանավորված Ֆրանսիայի նախագահի բարեկամական ուղերձն ու աջակցությունը Նիկոլ Փաշինյանին: Այստեղ էական դեր ունի Հայաստանի ներքաղաքական բավականին հայտնի՞ վիճակը, որում շոշափվում են նաև արտաքին շահեր, և այդ համատեքստում դիտարկվում է ռուսական ազդեցության հարցը, թե՞ հարցը գտնվում է այլ տիրույթում, որտեղ իհարկե ևս տեղի են ունենում Հայաստանի համար բախտորոշ զարգացումներ: Մասնավորապես, խոսքը լիբիական հակամարտության մասին է, որտեղ, ինչպես հայտնի է, բախվել են Թուրքիան և Ռուսաստանը: Այստեղ սկսել է բավականին մեծ հետաքրքրություն ցուցաբերել Ֆրանսիան, որը Եվրոպայում դնում է Թուրքիային զսպելու կոշտ հարցադրում: Հետաքրքիր է, որ Փարիզը լիբիական թեմայով սկսել է երկխոսել Ռուսաստանի հետ: Ահա այդ ֆոնին էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության ուղերձ է հղում Հայաստանի վարչապետին, որն, ի դեպ, չմեկնեց Մոսկվա ռազմական շքերթին մասնակցելու՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Մոսկվա մեկնելուց հրաժարվել էր նաև Էմանուել Մակրոնը: Ինչ է ակնկալում Փարիզը Երևանից՝ զորակցության դիմաց: Բարեկամությունը՝ բարեկամություն, բայց քաղաքականությունն, ինչպես ասում են, ունի իհարկե իր կանոններն ու տրամաբանությունը: Արդյոք Ֆրանսիան ակնկալում է՝ Թուրքիայի վերաբերյալ Եվրոպայի առաջ արվող իր կոշտ հարցադրումների համատեքստում, որ Երևանն իր հերթին կարող է լումա՞ ունենալ այդ հարցում՝ հաշվի առնելով այն, որ հայկական հարցը Փարիզի արտաքին քաղաքական, ընդհանրապես համաշխարհային քաղաքական գործիքակազմում եղել է մշտապես և եղել է առաջնահերթությունների շարքում: Ի դեպ, 2018 թվականի փետրվարին Մակրոնը ֆրանսահայ կազմակերպությունների ամենամյա ճաշկերույթի իր ելույթում, դիմելով Հայաստանին, նշել էր, որ եկել է աշխույժ գործելու ժամանակը: Արդյոք Ֆրանսիայի նախագահը այդ մասին հիշեցնո՞ւմ է Հայաստանի վարչապետին: