Քոչարյանը քաղաքական փորձ չունի. Նա քաղաքական տեքստ և միտք տվող գործիչ չէ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը նոր բնույթ է հաղորդել հայաստանյան ներքաղաքական աշխուժությանը, ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն այս քայլով մտադրություն ունի մտնել քաղաքական ակտիվ պայքարի մեջ: Առաջանում է հարց՝ որո՞նք են այն ուժերը, որոնք կհամագործակցեն Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ ընդունված տեսակետ կա այն մասին, որ Քոչարյանի «քաղաքական բրենդը» արժեքավոր չէ հայաստանյան իրականությունում: Ներքաղաքական ընթացիկ զարգացումների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերլուծաբան Արեգ Քոչինյանը նշեց, որ Քոչարյանը հայտարարել է ակտիվ քաղաքական դաշտ մտնելու մասին, և դա ժամանակի հարց է. «Ինչ վերաբերում է նրա «քաղաքական բրենդին», կարծում եմ՝ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ լեգիտիմության և ընտրազանգված հավաքելու առումով Քոչարյանի հնարավորությունը զրոյական է, քանի որ նրա վարկանիշը մինուսային է, և նրա անունը միայն կարող է վնասել այն քաղաքական շրջանակներին, որոնց ինքը կարող է հարել: Սակայն սա բնավ չի նշանակում, որ Քոչարյանը չի կարող կուլիսային խաղերի միջոցով ղեկավարել որևէ պսևդոընդդիմադիր խմբակ: Ըստ իս՝ պատահական զուգադիպություն չէ այն, որ Քոչարյանի խափանման միջոցի նախօրեին ձևավորվեց եռյակ դաշինքը՝ ԲՀԿ-ի ՀՅԴ-ի և Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք»-ի միջև»: «Գելափ ինթերնեյշնլ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հակադարձեց՝ նշելով. «Քոչարյանն ընդդիմադիր դաշտում ունի բավականին մեծ հնարավորություններ՝ լինելու առանցքային դերակատարներից մեկը, եթե, իհարկե, մոտ ապագայում նա նորից չկալանավորվի, որովհետև իշխանության կողմից չեն դադարում փորձերը, որ նա նորից հայտնվի կալանավայրում: Քոչարյանն ունի հնարավորություններ՝ թե՛ կապիտալի, թե՛ մեդիա ռեսուրսների և թե՛ հանրային աջակցության: Նա նաև ունի մեծ քաղաքական փորձ և լավ կապեր, և ճիշտ չէ անտեսել հնարավորությունը, որ նա կարող է քաղաքականության մեջ դառնալ որոշակի դերակատարում ունեցող անձ: Քոչարյանի՝ քաղհալածյալի վիճակը նպաստում է, որ քաղաքական ուժերը համախմբվեն նրա շուրջ»: Արեգ Քոչինյանի խոսքով՝ Քոչարյանը քաղհալածյալ չէ, նա քաղհալածյալ է համարվում միայն իր աջակիցների և մի խումբ «անձնական օգտագործման» իրավապաշտպանների շրջանում… Նա ֆինանսական, մեդիա և մարդկային ռեսուրսներն օգտագործելու է ի վնաս գործող իշխանությունների և ՀՀ-ի շահերի: Այդ մարդն ունի մեկ նպատակ՝  խուսափել իրավական պատասխանատվությունից և քաղաքական իշխանության որոշակի էլեմենտներ գրավել: Ինչ վերաբերում է քաղաքական փորձին, ապա նա չունի քաղաքական փորձ, այլ ունի իշխանության փորձ, նա քաղաքական միտք և տեքստ տվող գործիչ չէ, իշխանությունն օգտագործել է ավտորիտար համակարգ ձևավորելու և անձնական դիվիդենտներ ձեռք բերելու համար: Քոչարյանը չի կարող լինել ընդդիմություն, նա կարող է լինել պսևդոընդդիմություն»:   Մանրամասն՝ տեսանյութում: