Լուրջ տեղաշարժեր են. Ադրբեջանն անկանխատեսելի է, պետք է պատրաստ լինենք

Որքան քիչ է զենքի արդիականությունը, այնքան օդը կարող է ավելի քիչ պահպանված լինել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: «Օրինակ հակաօդային պաշտպանությունը կարող է շատ արդյունավետ ձևով պայքարել անօդաչու թռչող սարքերի դեմ, և մենք տեսանք, թե քառօրյա պատերազմում ինչքան նման սարքեր խոցվեցին մեր կողմից: Հակաօդային պաշտպանությունը կարող է արդյունավետ պաշտպանել ուղղաթիռներից, ինքնաթիռներից: Մենք տեսանք, որ եղել են նաև ուղղաթիռների խոցումներ: Բայց օդը գրեթե անհնար է պաշտպանել, ասենք, այնպիսի զենքից, ինչպիսիք են թնդանոթները, որոնք հին զենք են: Մանավանդ, եթե դրանք կարող են մի քանի տասնյակ կիլոմետր կրակել, թնդանոթների դեմ գրեթե պաշտպանություն չկա: Հետևաբար, երբ խոսում ենք հակաօդային պաշտպանության մասին, մենք պետք է մոտենանք համապարփակ ձևով: Ինձ թվում է, որ մեր հակաօդային պաշտպանության լավագույն տարբերակը այն է, որ հակառակորդն իմանա, որ ցանկացած ռումբ եթե ընկնի Ստեփանակերտի կամ մեր որևէ քաղաքի վրա, պատասխանը լինելու է համարժեք: Բաքուն է խոցվելու, Գանձակն է խոցվելու, բոլոր քաղաքներն ու գյուղերը՝ ենթակառուցվածքներով հետ մեկտեղ»,-ասաց նա: