Թուրքիան նոր հակատանկային միջոցները Հունաստանի դեմ է օգտագործելու․ հունական ԶԼՄ-ներ

Թուրքիան նոր հակատանկային միջոցները Հունաստանի դեմ է օգտագործելու․ հունական ԶԼՄ-ներ

Հունական մամուլն արձագանքել է Թուրքական FNSS ռազմաարդյունաբերական ընկերության կողմից արտադրված նոր հակատանկային միջոցների մատակարարմանը Թուրքիայի զինված ուժերին։ Հակատանկային զրահապատ մեքենաների մատակարարմանն ու ռուսական «Kornet» և թուրքական «Umtas» հակատանկային հրթիռների ինտեգրմամբ դրանց հաջող փորձարկումներին է անդրադարձել Հունական «Pentapostagma» կայքը։ «Թուրքերը պատրաստվում են…» վերնագրով հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ Թուրքիայի բանակը նոր հակատանկային միջոցներով համալրելու մասին հայտարարությունը հաջորդել է Հունաստանի՝ ԱՄՆ-ից 1200 միավոր M117 զրահամեքենա և 350 միավոր M2A2 Bradley հարձակողական զրահամեքենաներ գնելու մասին հայտարարությանը։ Հոդվածում նաև նշվում է, որ Թուրքիան նախատեսում է իր սպառազինության մեջ մտցրած «Kaplan» և «Pars» հակատանկային համակարգերն օգտագործել հունական տանկերի դեմ: Մինչև 2022թ. Թուրքիայի բանակին պետք է մատակարարվի ընդհանուր առմամբ 260 համակարգ (184 միավոր թրթուրավոր, 76 միավոր անվավոր), որոնցից 196-ի աշտարակներին տեղադրված կլինի թուրքական, իսկ 64-ի աշտարակներին ռուսական հակատանկային հրթիռներ: