Հրայր Թովմասյանը ոչ թե դիրքապահ է, այլ դասալիք. նրա նկատմամբ պետք է վարույթ հարուցել

Ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը և Հրանտ Նազարյանն այլևս ՍԴ անդամներ չեն: ԱԺ ընդունած ակտի սահմանադրականությունը վիճարկում են իշխանության ընդդիմախոսները և որոշ իրավապաշտպաններ, ԲՀԿ-ն այդ հարցով դիմել է ՍԴ, այնուհետև Վենետիկի հանձնաժողով: Վենետիկի հանձնաժողովին նամակով դիմել էր նաև Հրայր Թովմասյանը, որին պատասխանել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին փաստաբան Կարապետ Բադալյանը, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Վահագն Մարտիրոսյանը և ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանակն ուժ: Այն, որ ասվում է, թե օրենքներում պետք է փոփոխություններ արվեն, դրա հետ բոլորն էլ համաձայն են, իհարկե բոլոր օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, բայց այն պնդումը, որ Սահմանադրությունը չի գործում անմիջականորեն, ճիշտ չէ և չի բխում Սահմանադրությունից, եթե այդպես լիներ, ապա դա կնշանակեր, որ Սահմանադրությունը բարձրագույն իրավական ուժով օժտված չէ և ներքին տրամաբանական հակասություն կառաջանար: Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն»,- նշեց Կարապետ Բադալյանը: Նա նաև հավելեց, որ Սահմանարության 213-րդ հոդվածը չի կարգավորում կոնկրետ անձի վարքագիծ, այլ ուղղված է որոշակի խմբի, որը տվյալ դեպքում 12 տարի պաշտոնավարած անձանց խումբն է: ՍԴ անդամներից մեկը հնարավոր է համարում, որ կառաջանա մի իրավիճակ, որ  կնշանակվեն ՍԴ նոր դատավորներ և կգործի երկու դատարան, այսինքն՝ պաշտոնանկ արված ՍԴ անդամները չեն հրաժարվի պաշտոնավարումից: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Կարապետ Բադալյանն ընդգծեց, որ եթե ՍԴ անդամները կփորձեն իրենց կարգել դատավոր, դա կհամարվի քրեորեն հետապնդելի արարք: Փաստաբանը նաև ընդգծեց, որ Հրայր Թովմասյանը ոչ թե դիրքապահ է, այլ դասալիք, որը սաբոտաժի է ենթարկել ՍԴ աշխատանքը: Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակին, Վահագն Մարտիրոսյանը նշեց, որ Բուքիքիոն ընդամենը խորհուրդներ է տվել, որոշում կայացնողը Հայաստանի Հանրապետությունն է. «Վենեիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է, այն մեր երկրում իրավական արժեք չունի»: «ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը մեր երկրի ինքնիշխանության հարցն է: Հրայր Թովմասյանը ժուլիկություն է արել, առաջարկ, խորհուրդ բառը միտումնավոր թարգմանելով հանձնարարակական: Հենց միայն այդ դեպքի համար, որով Հրայր Թովմասյանը ՀՀ ՍԴ-ն դնում է միջազգային խորհրդատվական կազմակարեպության ենթակայության տակ, նրա նկատմամբ պետք է վարույթ հարուցել»,- նշեց Արմեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, Բուքիքիոն հանձնարարականներ տալու իրավունք չունի: