Ալիևն ու Սարգսյանը հռետորաբանության տեսանկյունից հաճախ անում են նույն բանը. Սարգսյանի հայտարարությունն ուղղված էր Փաշինյանին

Սերժ Սարգսյանը կոշտ հայտարարությամբ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի մասին հայտարարություններին, որոնք, մասնավորապես, ավելի շատ համատեքստում վերաբերում են նախորդ իշխանության տարիներին: Սերժ Սարգսյանի հայտարարությունները, շատերի պնդմամբ, ավելի շատ քննադատություն էին՝ ուղղված ոչ թե Ալիևին, այլ Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ խոսնակի միջոցով կոշտ պատասխանելով նրան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Սարգսյան-Փաշինյան հանրային փոխհրաձգությանը՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց. «Ալիևն ու Սերժ Սարգսյանը կոշտ հռետորաբանության տեսանկյունից հաճախ նույն բանն են անում: Կոշտ կամ սուր հռետորաբանությունը կիրառվում է և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, և առավել ևս Արցախում՝ որոշ իրավիճակներում: Այժմ Ադրբեջանում դժվար իրավիճակ է… Այդպիսի իրավիճակներում Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի նկատմամբ կոշտ հռետորաբանությամբ, բայց իրականում այդ ամենն ուղղված է ոչ թե Հայաստանին, այլ սեփական ժողովրդին… Սերժ Սարգսյանը իրեն սկսում է դիրքավորել ընդդիմադիր քաղաքական դաշտում՝ իբրև հայրենասեր մարդ, որը Արցախյան հարցում բավականին կոշտ դիրքորոշում է ունեցել, իսկ նոր իշխանություններն այդ հարցում շատ ավելի մեղմ դիրքորոշում ունեն և սխալներ են թույլ տալիս: Ս. Սարգսյանի խոսքն ավելի շատ ուղղված է ոչ թե Ալիևին, այլ Փաշինյանին, ներքին լսարանին»: Վստահության մեծ պաշար ունեցող իշխանության առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին կոշտ հայտարարություններով Սերժ Սարգսյանն իրականում խթանում է հանրային կոշտ արձագանքներ իր հասցեին, նախորդ իշխող համակարգի հասցեին: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ քաղաքագետն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ որպես կոշտ դիրքերից հանդես եկող հայրենասեր է դիրքավորվում՝ հասկանալով, որ հեռանկար չունի...»: Մանրամասն՝ տեսանյութում: