12 ֆուտբոլիստներ կհեռանան «Ուրարտուից»

12 ֆուտբոլիստներ կհեռանան «Ուրարտուից»

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը անցնող մրցաշրջանը ձախողված է համարում: «Այս մրցաշրջանի մեծ մասը թիմում աշխատեց Իլշատ Ֆայզուլինը, հետո եկա ես, և, կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում: Ինքս, օրինակ, գոհ չեմ իմ աշխատանքից, բայց կարող եմ ասել, որ ղեկավարության հետ արդեն արել ենք եզրակացություն, պետք է դադարեցնենք համագործակցությունը մոտ 12 ֆուտբոլիստի հետ: Կարծում եմ, սա շատ բանի մասին է խոսում։ Ժամանակն է փոփոխությունների, եթե խոսքը գնում է օտարերկրացիների մասին, մենք ուզում ենք ունենալ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստներ»,- Գրիգորյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը: Խոսելով առաջիկա ծրագրերից՝ մասնագետը շեշտել է, որ շատ քիչ, բայց կան լեգեոներներ, որոնց վրա իրենք կարող են հույս դնել հետագայում: «Ինչ վերաբերում է մեր ակադեմիայի սաների հիմնական կազմում ներգրավվածության ապահովմանը, ամեն ինչ այս մասով կարգին է»: Իսկ ինչ վերաբերում է այն հավակնոտ առաջադրանքներին, որոնք ղեկավարությունը դնում է թիմի ու մարզչի առաջ, ապա, ըստ վերջինիս, իհարկե, պահանջվում է թիմը համալրել լավ որակներ ցույց տվող արտասահմանցիներով: «Չնայած այսօր մենք այն ակումբն ենք, որն ունի մեծ ներուժ՝ տեղի սաների հաշվին»,-ասել է Ալեքսանդր Գրիգորյանը: