Սամվել Կարապետյանի թիմի անկումը. Ամեն ինչ ամենահայկական թիմի ձեռքերում է…

Սամվել Կարապետյանի թիմի անկումը. Ամեն ինչ ամենահայկական թիմի ձեռքերում է…

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում գործող չեմպիոն և առաջատար «Արարատ-Արմենիան» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ այս անգամ Վանաձորում 2։1 զիջելով «Լոռիին»։ Խաղի 14-րդ րոպեին Ալեքսիս Ջիմի Բենդը՝ «Լոռիից», գրավեց սեփական դարպասը: 62-րդ րոպեին Վանաձորի թիմը քանակական առավելություն ստացավ. մրցավարը դաշտից հեռացրեց Ալեքսանդր Դամչևսկիին: 72-րղ րոպեին «Արարատ-Արմենիայի» դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Ջոնել Դեսիրեն։ Հիմնական ժամանակին ավելացրած վերջին՝ 5-րդ րոպեին, «Լոռիի» հարձակվող Միհրան Մանասյանը, շրջադարձ» հարվածով գրավելով մրցակցի դարպասը, հաղթանակ պարգևեց իր թիմին։ Այս պահին «Լոռին» 39 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Արարատ-Արմենիան» զիջեց դիրքերն ու 45 միավորով հանգրվանեց 2-րդ հորիզոնականում: Նույնքան միավոր ունի նաև Գյումրիի «Շիրակը», որը, սակայն, լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում է «Արարատ-Արմենիային»։ Հիշեցնենք, որ 24-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում 1։0 հաշվով առավելության էր հասել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։ Առաջնության ավարտին մնացել է ընդամենը երեք տուր։ Մասնավորապես, «Շիրակը» առաջնության վերջնամասում պետք է մրցի համապատասխանաբար «Լոռիի», «Նոայի» և «Ալաշկերտի» հետ։ Ընդ որում, «Լոռիի» և «Ալաշկերտի» հետ հանդիպումները «Շիրակն» անցկացնելու է սեփական հարկի տակ։ Այս մրցավեճերում 100 տոկոսանոց արդյունք ցույց տալու դեպքում «Շիրակը» կհռչակվի Հայաստանի չեմպիոն։ Այլ կերպ ասած՝ ամեն ինչ Գյումրիի թիմի ձեռքերում է։ Նշենք, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Արարատ-Արմենիայի» անկումը միանգամայն անսպասելի էր։ Համավարակի հետևանքով ընդհատված առաջնության վերսկսումից հետո «Արարատ-Արմենիան» որակյալ և բալանսավորված ֆուտբոլ էր ցուցադրում։ Գործող չեմպիոնի խաղը գրավել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ուշադրությունը։ «Թիմերից ամենաշատը դուր եկավ «Արարատ-Արմենիայի» խաղը, ինչը բնական է, քանի որ նրանք գործող չեմպիոններն են: Նրանք համեմատաբար ամենալավ մարզավիճակում են, բայց ես կցանկանայի, որպեսզի ոչ միայն այդ, այլև մյուս բոլոր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային, որպեսզի ազգային հավաքականի համար ավելի շատ թեկնածուներ ունենայինք։ Ընդհանուր առմամբ պետք է ավելի շատ խաղեր դիտենք, ցանկալի է՝ անմիջականորեն մարզադաշտից, որպեսզի կարողանանք ավելի լավ պատկերացում կազմել ֆուտբոլիստների խաղամակարդակի վերաբերյալ»: 18-րդ տուրում «Արարատ-Արմենիան» խոշոր՝ 3։0 հաշվով առավելության էր հասել «Փյունիկի» նկատմամբ։ Նշենք, որ «Արարատ-Արմենիան» հայկական ամենաթանկ ակումբն է։ Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 6 միլիոն եվրո։ Ավելին, մեր տեղեկություններով, «Արարատ-Արմենիան» նաև մեր երկրում ամենաբարձր վարձատրվող ակումբն է։ Վերջին երկու տուրերում «Արարատ-Արմենիան» զիջեց Հայաստանում համեստ հնարավորություններ ունեցող մարզային երկու ակումբներին։ «Լոռիի» ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 3.85, իսկ «Շիրակի» խաղացողների տրանսֆերային արժեքը՝ 3.58 միլիոն եվրո։ Այս հաշվարկում Գյումրիի թիմը Բարձրագույն խմբի 9 թիմերի շարքում միայն 8-րդն է։ Տրանսֆերային արժեքի ցուցանիշով «Շիրակին» զիջում է միայն «Գանձասար Կապանը»։ Այս թիմի խաղացողների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 3 միլիոն եվրո։ Կարևոր մի փաստ. «Շիրակը» Բարձրագույն խմբի լավագույն վեցյակի ամենահայկական թիմն է։ Ի տարբերություն մյուս 5 ակումբների՝ «Շիրակի» կորիզը կազմված է հայաստանցի ֆուտբոլիստներից։ Եթե մյուս թիմերում հիմնական կազմում տեղ են գտնում, լավագույն դեպքում, 2-3 հայաստանցի ֆուտբոլիստներ, ապա «Շիրակում» խաղում են 6-7, նույնիսկ 8 տեղացի կադրեր։ Պարզագույն օրինակ. Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում լավագույն վեցյակի պայքարում կայացած 3 հանդիպումներում խաղադաշտ էին դուրս եկել ընդամենը 11 հայաստանցի ֆուտբոլիստներ։ «Նոա»-«Ալաշկերտ» մրցավեճում երկու թիմերի մեկնարկային կազմում ընդգրկված է եղել ընդամենը մեկ տեղացի ֆուտբոլիստ՝ ի դեմս «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանի։ «Արարատ-Արմենիա»-«Լոռի» մրցավեճին մասնակցել էին 4 հայ ֆուտբոլիստներ, մեկը՝ երևանյան թիմից, և 3-ը՝ «Լոռիից»։ Ամենաշատ հայաստանցի ֆուտբոլիստներ խաղացել էին «Շիրակ»-«Արարատ» խաղում։ Գյումրիի թիմի կազմում ընդգրկված են եղել 6 տեղացի ֆուտբոլիստներ, իսկ «Արարատի» կազմում ասպարեզ էին դուրս եկել բացառապես լեգեոներներ։ Չցանկանալով ժամանակից առաջ ընկնել՝ այնուամենայնիվ կարող ենք ասել, որ «Շիրակն» ապացուցում է, որ հայ ֆուտբոլիստներով ևս կարելի է լուրջ արդյունքներ գրանցել։ Հուսանք, որ առաջնության ամենահայկական թիմին կհաջողվի պահպանել առաջին հորիզոնականը, և Հայաստանը կունենա հայկական չեմպիոն։ Լուսանկարը՝ «Արարատ-Արմենիայի» ֆեյսբուքյան էջից