Ձորագյուղ համայնքի ելքն ու մուտքը 14 օրով արգելվում է. ՀՀ պարետի որոշումը

Ձորագյուղ համայնքի ելքն ու մուտքը 14 օրով արգելվում է. ՀՀ պարետի որոշումը

Հրապարակվել է ՀՀ պարետի որոշումը, համաձայն որի՝ կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները. ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի. բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Ձորագյուղ համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 08:00-ն՝ թույլատրելով Ձորագյուղ համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը. գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Ձորագյուղ համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով. 2. Սահմանել Ձորագյուղ համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները: 3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը. 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի հունիսի 20-ը՝ ժամը 23։59-ը»,- ասված է որոշման մեջ: