Վտանգավոր երևույթ է նկատվում․ գյուղացիները ճարահատյալ դիմում են վարկային կազմակերպություններին

Վտանգավոր երևույթ է նկատվում․ գյուղացիները ճարահատյալ դիմում են վարկային կազմակերպություններին

«Առաջին լրատվական»-ը շարունակում է ահազանգեր ստանալ գյուղացիներից, որոնք ցավով նշում են, որ չեն կարողանում օգտվել կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից իրենց խնդիրները լուծելու համար։ Ավելի կոնկրետ՝ զրո տոկոսանոց վարկերից։ Բանկերը վարկեր տրամադրելու համար պահանջում են տարատեսակ փաստաթղթեր, անշարժ գույք և այլն։ Սրան զուգահեռ, շատ վտանգավոր երևույթ է նկատվում, որի մասին «Առաջին լրատվական»-ը օրերս տեղեկացավ։ Երկու ամսվա կարանտինից հետո վարկային կազմակերպություններում մեծ թվով ավելացել է վարկառուների թիվը, հատկապես գյուղվարկերի գծով։ Ըստ մեր տեղեկությունների՝ վարկառուների մեջ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր անօգուտ փորձել են օգտվել կառավարության ծրագրերից, ու ծրագիրը այս կամ այն պատճառով մերժվել է։ Հատկապես շատ է գյուղերում բիզնեսի ծրագրերի համար վարկեր վերցնողների թիվը։ Հայտնի է, որ վարկային կազմակերպությունների տոկոսները շատ բարձր են։ Չհաշված այդ վարկերի սպասարկման վճարները։ «Առաջին լրատվական»-ը զրուցեց վարկային կազմակերպությունների մեկի տնօրենի հետ, որը չցանկացավ իր անունը բարձրաձայնել։ Վերջինս մեզ տեղեկացրեց, որ իրենց մոտ գյուղվարկերի հայտերը շատացել են։ «Ժողովուրդը, որոնք շատ դեպքերում չեն կարողացել սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել, իրենք ճարահատյալ դիմում են վարկերի։ Այստեղ խնդիրը երկկողմանի է։ Բնականաբար, բոլորին չենք կարող տալ, մերժումներ լինում են։ Սա համատարած է, միայն մեզ մոտ չէ։ Բայց մեր մերժումները բերում են նրան, որ բողոքում են, դիմում են Կենտրոնական բանկին, վարչապետին։ Ու ստացվում է, որ մենք փորձում ենք անհայտ պատճառներով խոչընդոտել»,- ասաց կազմակերպության տնօրենը։ Նրա խոսքերով՝ վարկեր չտրամադրելու պատճառները վարկային վատ պատմությունն է, չափանիշներին չհամապատասխանելը և այլն։ Հարցին՝ վարկեր չտրամադրելու որոշման կայացման մեջ հաշվի առնվո՞ւմ է երկրի տնտեսական իրավիճակը, կազմակերպության տնօրենն ասաց՝ այս պահին տրված ցանկացած վարկ ռիսկային է, բայց իրենք դա հաշվի չեն առնում։ Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ պետական աջակցության ծրագրերը պետք է ավելի հստակ լինեին, որպեսզի մարդիկ կարողանային օգտվել։ Նա միանշանակ վստահեցրեց՝ վարկերի ծավալներն ավելանալու են։ Գյուղատնտեսական վարկեր վերցնող քաղաքացիները, մեր զրուցակցի տեղեկացմամբ, կա՛մ խնդիրներ ունեցողներ են, կա՛մ գյուղատնտեսական նոր գործունեությամբ են ցանկանում զբաղվել՝ կովեր ձեռք բերել, այգիներ տնկել և այլն։ Կազմակերպության տնօրենը ևս նշեց, որ այդ վարկերը բարձր տոկոսներով են, սակայն գյուղացիները ճարահատյալ դիմում են ստանալու համար։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը բազմիցս այս հարցը բարձրաձայնել է, որ գյուղացիները չեն կարողանում օգտվել պետական աջակցության ծրագրերից։ Բերբերյանը բավական կոշտ ձևով արձագանքեց այն փաստին, որ կառավարության ծրագրերից չօգտված գյուղացիները ստիպված դիմում են վարկային կազմակերպություններին բարձր տոկոսներով վարկեր ստանալու համար։ «Բազմիցս ասել եմ՝ գյուղացու անվան տակ հարստացնում են բանկերին։ Դա կառավարության մեծ սխալն է։ Բանկերը թող գնան իրենց բիզնեսով զբաղվեն, ոչ թե կառավարությունից ֆինանսավորվեն ու վարկ տան։ Ո՞վ է նման ապուշություն տեսել։ Գյուղացուն այդ վարկերը պետք չեն։ Գյուղացուն սուբսիդավորեք տարբեր ոլորտներում։ Բայց գյուղացու անվան տակ բանկեր եք հարստացնո՞ւմ։ Երեխան էլ հասկանում է, որ սա արհեստական բան է»,- ասաց Բերբերյանը, ապա ավելացրեց՝ մեկ ամիս առաջ մարզերում բանկերի առաջ կիլոմետրանոց հերթեր էին։ «Ամեն թուղթ ու զիբիլ ուզում են, որ գյուղացուն վարկ չտան։ Նույնիսկ դեպք է եղել, ասել են՝ գնա կնոջդ բեր, թող ստորագրի։ Երևի խմող գյուղացի է եղել, ասել են՝ քո վարկը կինդ պետք է ստանա։ Բոլ եղավ։ Գյուղացու անվան տակ բանկեր են հարստանում, ինչ-որ կազմակերպություններ են հարստանում, ծրագրեր են անում, մեկը էշ է բերում, մեկը կով է բերում»,- վրդովված նշեց Հրաչ Բերբերյանը։