Ռուսաստանը դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի. Միլլերը՝ գազի գնի մասին

Ռուսաստանը դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի. Միլլերը՝ գազի գնի մասին

«Գազպրոմ»-ի նախագահ Միլլերը հայտարարել է, որ Բելառուսի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություն կսկսեն այն ժամանակ, երբ Մինսկը կմարի գազի համար ունեցած մոտ 170 միլիոն դոլարի պարտքը: Հայտնի է, որ Բելառուսը գազը ստանում է սահմանին 1000 խմ դիմաց 127 դոլարով, սակայն Լուկաշենկոն ակնկալում է ավելի ցածր գին, մոտ 90 դոլար: «Գազպրոմը», կամ Պուտինը չի համաձայնում: Միլլերի հայտարարությունը, սակայն, առաջացնում է մի հետաքրքիր հարց: Եթե Մինսկի հետ պայմանը 170 միլիոն դոլարին մոտ պարտքը մարելն է, ապա ո՞րն է Հայաստանի հետ բանակցության պայմանը: Երևանն էլ, պայմանավորված համաշխարհային ճգնաժամով և նավթագազային շուկայում գնանկումով, դիմել է Ռուսաստանին սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցության համար: Ներկայիս 165 դոլար գնի փոխարեն Երևանն ակնկալում է մոտ 23 դոլարի նվազում: Համենայնդեպս, շաբաթներ առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել էր, որ այդքան նվազում թույլ տալու դեպքում հնարավոր կլինի խուսափել ներքին շուկայում գնի բարձրացումից: Բայց Երևանն էլ ստանում է Պուտինի մերժումը, որը հայտարարել էր, թե միասնական ԵՏՄ-ական գնի համար պետք է ավելի սերտ ինտեգրացիա: Այլ կերպ ասած, դրվում է քաղաքական պահանջ: Բայց ինչ է ստացվում Միլլերի հայտարարության դեպքում, որը վերաբերում է Բելառուսին: Եթե վճարվում է պարտքը, վերանո՞ւմ է քաղաքական պահանջը, թե՞ «Գազպրոմը» պարզապես իր առևտրային հանգամանքն է նշում, իսկ քաղաքականը, որ գտնվում է Պուտինի տիրույթում, մնում է ուժի մեջ: Այս ամենը ընդամենը խոսում է մի բանի մասին, թե որքան անկանխատեսելի և անհուսալի, ոչ գրավիչ էներգետիկ կամ տնտեսական գործընկեր է Ռուսաստանը: Եվ այդ անվստահելիությունն ու անկանխատեսելիությունը շարունակելու է խորանալ, քանի դեռ խորանում են «Գազպրոմ»-ի խնդիրները թե՛ եվրոպական, թե՛ նաև չինական ուղղությամբ: Այդ անկանխատեսելիության հանգամանքն էլ ավելի է հրատապ դարձնում այդպիսի երկրից էներգետիկ կախվածությունը հնարավորինս արագ և հնարավորինս հուսալի չեզոքացնելու, դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը, որը մի կողմից ներառում է իրավա-պայմանագրային բազան, այդ թվում՝ «Գազպրոմ»-ի հետ հայտնի պայմանագիրը, մյուս կողմից՝ էներգետիկ այլընտրանքային աղբյուրները՝ թե՛ այլընտրանքային ներկրումների, թե՛ նաև արտադրման այլընտրանքային աղբյուրների տեսքով: Դա է Հայաստանի համար պարբերական դարձող գազային մղձավանջը հաղթահարելու երաշխիքը, որը նաև էապես կբարձրացնի Հայաստանի ինքնիշխանության աստիճանը: Այդ պարագայում Հայաստանը բացարձակապես դեմ չի լինի, իհարկե, շարունակել աշխատել «Գազպրոմ»-ի հետ, քննարկել տարբեր նախագծեր, սակայն բանն այն է, որ պայմաններ թելադրող արդեն չի լինի, և Հայաստանն ու Ռուսաստանը հանգիստ կքննարկեն պայմանները խաղի կանխատեսելի կանոնների տրամաբանությամբ, երբ Ռուսաստանի համար պարզ լինի, որ Հայաստանը կախված չէ «Գազպրոմ»-ից: