Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար․ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին

Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար․ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին․ «Սիրելի ՛ շրջանավարտներ Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Համոզված եմ, սակայն, որ իրավիճակի հետևանքով առաջացած հիասթափությունը որևէ կերպ չի խանգարելու, որ ձեզանից յուրաքանչյուրն իր առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի: Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է: Դպրոցն ավարտելուց հետո ձեր կյանքում սկսվում է շատ կարևոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու: Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշե՛ք, որ ձեր ոլորտում պետք է լինեք առաջատարը: Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ: Սիրելի՛ շրջանավարտներ «Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ ձեզ և ձեր ուսուցիչներին՝ մաղթելով, որ իրականանան ձեր բոլոր երազանքներն ու մտահղացումները՝ հանուն ձեր անհատական և բոլորիս հավաքական հաջողությունների: Բարի՜ երթ»: