Իլոն Մասկը կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրությունն ԱՄՆ-ում «կեղծ» է անվանել

Իլոն Մասկը կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրությունն ԱՄՆ-ում «կեղծ» է անվանել

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը Bloomberg Businessweek-ին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով հիվանդների թվի հաշվարկն անհուսալի է դարձել ապրիլի կեսերից, երբ ընդհանուր վիճակագրության մեջ սկսել են ներառել COVID-19-ին նման ախտանշաններով հիվանդներին: Նա նշել է, որ SpaceX-ի աշխատակիցների շրջանում վարակման լուրջ դեպքեր չեն գրանցվել: «SpaceX-ը շարունակել է աշխատել այս ամբողջ ընթացքում, քանի որ մենք ազգային պաշտպանության հետ կապված բացառությունների շարքում ենք: Մեզ մետ համաճարակի ամբողջ ընթացքում լրիվ աշխատանքային օր աշխատել է 8000 մարդ: Եվ մենք ունենք վարակի կամ մահվան զրոյական դեպքեր Լոս Անջելես, Տեխաս և Ֆլորիդա նահանգներում: Նույն իրավիճակն է նաև (Tesla-ում) Չինաստանում, որտեղ աշխատում է 7000 մարդ: Կարծում եմ, որ երբ ամեն ինչ կարգավորվի, ակնհայտ կդառնա, որ այս ամենը շատ ավելի փոքր խնդիր էր, քան կարծում էին մարդիկ»,- ասել է Մասկը: Ավելի վաղ Մասկը հանդես էր եկել մի շարք հայտարարություններով, որոնցում կոչ էր անում վերացնել COVID-19-ի համաճարակի պատճառով ԱՄՆ-ում ներդրված սահմանափակումները: «Մարդկանց վերադարձրեք իրենց ազատությունը», գրել էր Մասկը Twitter-ում՝ ի պատասխան Wall Street Journal-ի «Կարանտինը փրկու՞մ է մարդկանց կյանքը» հեղինակային հոդվածին: