Մասնավոր բուհերը խնդրի առաջ են կանգնել․ մեկ քննությունը դրակա՞ն, թե՞ բացասական կազդի կրթության որակի վրա

Մասնավոր բուհերը խնդրի առաջ են կանգնել․ մեկ քննությունը դրակա՞ն, թե՞ բացասական կազդի կրթության որակի վրա

ՀՀ ԿԳՄՍՆ որոշմամբ՝ այս տարի դիմորդները հանձնելու են մեկ գրավոր միասնական քննություն մասնագիտական առարկայից բուհ ընդունվելու համար, որը տեղի կունենա հուլիսի սկզբին։ Տարբեր մասնագետների գնահատմամբ, մեկ քննությունով բուհ ընդունվելը միանշանակ կազդի կրթական որակի վրա։ Իսկ մասնավոր բուհերի դեպքում իրավիճակն ավելի անհանգստացնող է։ Ուսանողների թվաքանակի կրճատումը կարող է մեծ խնդրի առաջ կանգնեցնել ուսումնական հաստատություններին, որոնք պետական ֆինանսավորում չունեն։ «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ հայտնեց, որ իրենց համալսարանն այս տարի ընդունելության քննություն չի իրականացնելու։ Այսինքն՝ դիմորդները ընդունվելու են ատեստատի գնահատականներով։ «Այս տարի ընդունելու ենք ատեստատով։ Բայց դա չի նշանակում, թե մենք քննություններ չենք անելու։ Մենք քննությունները տեղափոխում ենք առաջին կիսամյակի վերջ։ Ատեստատով կընդունվեն, առաջին կիսամյակի վերջում քննությունները կհանձնեն, որտեղ կլինի և՛ հայոց լեզու, և՛ պատմություն և՛ օտար լեզու, և՛ մաթեմատիկա, և՛ մասնագիտական առարկաներ։ Բոլոր նրանք, ովքեր կհանձնեն և կստանան դրական գնահատականներ, կշարունակեն կրթությունը։ Իսկ ովքեր չեն ստանա դրական գնահատականներ, կդադարեցնեն ուսումնական պրոցեսը։ Սա մենք որդեգրել ենք գերմանական կրթական համակարգից, որտեղ մարդիկ ընդունվում են ոչ թե ընդունելության քննություններ հանձնելով, այլ սովորում են, սեսիոն քննություն են հանձնում ու շարունակում, կամ ոչ։ Կորոնավիրուսային այս իրավիճակում սա լավագույն տարբերակն է, որը հնարավորություն կտա ճիշտ ընտրություն կատարել։ Մի բան է մեկ առարկա քննություն հանձնելը, այլ բան է՝ իքս քանակությամբ քննություններ հանձնելը տարբեր առարկաներից»,- հայտարարեց ռեկտորը՝ ավելացնելով՝ այս տարբերակը հնարավորություն կտա պատշաճ քանակությամբ դիմորդներ ունենալու։ Հարցին, ընդունվելուց հետո, երբ ուսանողը վարձ է վճարում, գումար տալիս բուհին, ինչքանո՞վ նպատակահարմար կլինի դուրս թողնել ուսանողներին, Ժորա Ջհանգիրյանն ասաց՝ իրենց համալսարանում չի եղել այն աշխատաոճը, որ եթե գումար է վճարում, ստիպված պետք է պահել ուսանողին։ «Մենք չենք աշխատել միայն փողի համար։ Մեզ միշտ հետաքրքրել է որակը, ինչի համար պայքարել ենք ու պայքարում ենք։ Իհարկե, կլինեն բուհեր, որոնք նման ձևով ընդունելու դեպքում ոչ մեկին դուրս չեն թողնի, բայց «Գլաձոր» համալսարանում, եթե անգամ խմբում եղել է 15 մարդ, բոլոր նրանք, ովքեր չեն կարողացել բավարար գնահատական ստանալ, դուրս են մնացել։ Դա միշտ է եղել։ Հիմա այսօրվա վիճակով մենք ընդունում ենք չարիքի փոքրագույնը»,- մանրամասնեց «Գլաձոր» համալսարանի ռեկտորը։ Ի դեպ՝ նշենք, որ տարիներ շարունակ դպրոցի ատեստատի գնահատականներով ընդունելություն կազմակերպած Հայաստանի պետական ագրարային համալսարանն այս տարի ընդունելությունը իրականացնելու է քննությունների միջոցով։ Հայ-ռուսական համալսարանը, կարևորելով իր դիմորդների և իրենց ծնողների, հարազատների առողջությունը՝ ստեղծված իրավիճակում որոշում է կայացրել 2020-2021 ուստարվա ընդունելության քննություններն անցկացնել բացառապես առցանց-օնլայն ձևաչափով։ Դա հնարավորություն է ընձեռելու նաև Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Բելառուսում, Թուրքմենստանում, Ղազախստանում և այլ երկրներում բնակվող շրջանավարտ հայրենակիցներին, որոնք ցանկանում են ընդունվել Հայ-ռուսական համալսարան, հենց իրենց տներից մասնակցել ընդունելության քննություններին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայ-ռուսական համալսարանի մամուլի քարտուղար Հենրիխ Մարգարյանը։ «Դիմորդներն ընդունելության մրցույթին մասնակցելու են տվյալ մասնագիտության համար նախատեսված մեկ մասնագիտական առարկայի առցանց-օնլայն քննությունից ստացած գնահատականի և ռուսաց լեզվի ոչ մրցութային ստուգարքի արդյունքներով (ոչ մրցութային ռուսերեն ստուգարքը հանձնում են միայն ռուսական բաժանմունքի համար)։ Եթե նա դիմում է ՀՌՀ-ի ռուսական բաժանմունք, ապա մեր համալսարանի պաշտոնական կայքում գործող «դիմորդի անձնական օնլայն պատուհան»-ի միջոցով նա կարող է հեշտությամբ ներբեռնել իր դիմում-հայտը և փաստաթղթերը։ Բացի դրանից՝ օրերս մեր համալսարանի կայքում գործարկել ենք նաև օնլայն վճարումների ենթաբաժինը, որի միջոցով մեր դիմորդները, ուսանողները կարող են համապատասխանաբար իրենց փաստաթղթերի ընդունման, ուսման վարձերի վճարումները կատարել տնից»,- նշեց Հենրիխ Մարգարյանը։ Հայ-ռուսական համալսարանում 2015թ․ սեպտեմբերի 1-ից գործում է նաև հայկական բաժանմունք, որտեղ ընդունելությունն իրականացվում է հանրապետական միասնական քննությունների արդյունքներ հիման վրա։ Այդ բաժանմունք ընդունվելու համար դիմորդն իր ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ԳԹԿ է ուղարկելու էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մայիսի 25 - հունիսի 15-ը։ Ինչ վերաբերում է դիմորդների ակնկալվող մոտավոր քանակին, ապա համալսարանը, անկախ ամեն ինչից, դրական է տրամադրված: «Դիմորդների թվի հետ կապված վերջնական տվյալները կկարողանանք հայտնել օգոստոսից ոչ շուտ»,- ասաց Հենրիխ Մարգարյանը։ Մեկ քննությունով ընդունվելու և կրթական որակի փոփոխության հնարավոր ռիսկերի մասով համալսարանի մամուլի քարտուղարը նշեց՝ դիմորդի կրթական որակը կախված է դպրոցի որակից, և գաղտնիք չէ, որ մեր հանրակրթական դպրոցներն ավարտած շրջանավարտները, մեղմ ասած, լավ գիտելիքների պաշարով չեն գալիս բուհ։ «Բոլորիս հայտնի է, որ դիմորդների մեծամասնությունը ընդունելության քննություններին նախապատրաստվում են կրկնուսույցների մոտ, որոնք իրենց հասցնում են, այսպես ասած, համապատասխան մարզավիճակի։ Բայց երբ այդ մարզավիճակն անցնում է, իրենք վերադառնում են իրենց նախնական գիտելիքների բազային։ Եվ առաջին կուրսում դասախոսները հաճախ ստիպված են լինում զբաղվել այդ ուսանողների հանրակրթական գիտելիքների բազայում առկա բացերի լրացմամբ, քանի որ, եթե դա չարվի, ավելի բարձր կուրսերում այդ ուսանողները ուղղակի չեն կարողանա շարունակել ուսումը, պարզ ասած՝ «չեն ձգի»․․․ Այդ իսկ պատճառով բոլորովին կարևոր չի՝ դիմորդը երեք, չորս բանավոր, թե գրավոր քննություն կհանձնի, թե, օրինակ, մեկ հարցազրույցով կընդունվի բուհ, կարևոր է, թե նա ինչ գիտելիքների պաշարով է գալիս դպրոցից»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։