Մոսկվան մեզ տեռորի է ենթարկում. դաշնակից երկիրը Հայաստանից փախած հանցագործներին կպահի՞

Կորոնավիրո՞ւսն է թելադրում քաղաքական օրակարգ, թե՞ քաղաքական ուժերն են օգտագործում առիթը՝ ակտիվացնելով իրենց օրակարգը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց. «Անշուշտ նաև առիթն է օգտագործվում է, բայց կորոնավիրուսը կարգավորում է ամեն ինչ, և ոչ միայն Հայաստանում, աշխարհում էլ է կարգավորում… Եվ Ռուսաստանը, օգտագործելով կորոնավիրուսի առիթը, աշխարհակարգի ընթացքի մեջ ակնհայտորեն սեպեր է խրում, աշխատում է Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների սրման ուղղությամբ»: «Կորոնավիրուսը արհավիրք է: Ես ենթադրում էի, որ պարետատունը ամբողջ թափով պետք է աշխատեր համավարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ, իսկ վարչապետը ստրատեգիական կաբինետով պետք է մտածեր տնտեսական քաղաքականությունը փոխելու մասին»,- նշեց Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով՝ մարդկությունը պայքարում է ոչ միայն համավարակի, այլ նաև իրար դեմ: «Ռուսաստանը «Գազպրոմով» տեռորի է ենթարկում աշխարհին: Եվրոպան դրա պատասխանը կտա, «Գազպրոմի» սահմանած չափերի ու ձևերի դեմ հակաքայլեր է անում… Մենք ինչպես պետք է լուծենք մեր խնդիրները: Պետք է մտածենք՝ աշնանը մեր ժողովուրդն աշխատելու է, թե ոչ, ինչպես ենք պատկերացնում տնտեսությունը՝ այս վաշխառուական կապիտալով, կիսաօլիգարխիկ, հանցագործ տարրերով, որոնք լեգիտիմություն են որոնում, ո՞ւր կարող ենք գնալ, ունենք նաև Արցախի խնդիր, ինքնապաշտպանության խնդիր, ունենք ագրեսիվ հարևաններ և ոխերիմ բարեկամ, որը ճգնաժամային իրավիճակում իր խնդիրներն է մեջտեղ բերում Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնելու համար: Մենք պետք է կողմնորոշվենք և հստակ աշխատենք…»: «Կողոպուտի սովոր, հայատյաց մարդկանց մի խումբ կա, մեր խոցը մեր երկրի ներսում է, մենք նրանց հարցը կարող ենք լուծել, բայց որպեսզի չկարողանանք լուծել, Մոսկվան նրանց հովանավորում է. դաշնակից երկիրը Հայաստանից փախած հանցագործներին կպահի՞, չի վերադարձնի՞...»,- նշեց քաղաքագետը: Մանրամասն՝ տեսանյութում: