Ելք միշտ կա…

Ելք միշտ կա…

Ինչպես մարդը միտք է, սիրտ, հոգի ու մարմին, այդպես էլ պետությունը տարածք է, ժամանակ, ռեսուրսներ ու հեռանկարներ: Մարմինը՝ տարածքը, ունենք: Ռեսուրսները՝ սիրտը, լավ չգիտենք ու արդյունավետ չենք օգտագործում: Ժամանակը՝ միտքը, շատ ենք բաժան-բաժան անում, կարևոր ու անկարևոր խառնում ենք: Հեռանկարը՝ հոգին է, որ ամեն ինչի շարժիչ ուժն է: Այդ քառամիասնությունը մեզ կդարձներ Հարավային Կովկասում ամենաանխոցելի պետությունը, եթե մենք կարողանայինք ներդաշնակ պահել: Աշխարհը նույնպես կենդանի և անընդհատ փոփոխվող օրգանիզմ է, ու հիմա արդեն ակնհայտ երկբևեռ է դարձել: Այդ երկու բևեռները ԱՄՆ-ն ու Չինաստանն են, հենց հիմա՝ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ն ու Չինաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգի նոր վերաբաժանում են անում իրենց քաղաքական ու տնտեսական պատերազմներով: Ռուսաստանը մնում է խաղից դուրս կամ, լավագույն դեպքում՝ պահեստային խաղացող: Հայաստանը պետք է պատրաստ լինի երկբևեռ աշխարհում նոր դերաբաշխմանն ու ազդեցության գոտիների համար պայքարին, որի միակ միջոցը ինքնիշխանության ամրապնդումն է: Միջուկային զենքի ստեղծումից հետո աշխարհում շարունակվեցին նոր պատերազմներ, որտեղ կրակում էին ոչ թե զենքերը ու կռվում զինվորները, այլ փափուկ ուժի ու կոշտ ուժի համադրումները: Չինաստանի Մետաքսի ճանապարհի վերականգնումը՝ ցամաքային ու ծովային տարբերակներով, հիմքում քաղաքական ծրագիր է՝ տնտեսական հզոր բաղադրիչով: Ճանապարհը սոսկ ավտոմայրուղի չէ՝ ենթակառուցվածքներ են, իջևանատներ, բուժկետեր, սննդի կետեր, ընդհանրության մեջ աշխատատեղեր, մեկ անգամ արվող ներդրումներ, որ անընդհատ վերադառնում են, որքան ճանապարհը երկարում ու ճյուղավորվում է: Եվ դա փոխշահավետ է թե՛ ներդրողի, թե՛ ներդրումն ընդունողի համար: Մենք դեռ ճանապարհի այդ ընկալմանը չենք հասել, մեզ համար ճանապարհը ասֆալտ փռել է: Մեր զարգացումը նույնպես անհնար է առանց աշխարհը զգալու: Պատրաստ լինենք տալու ու ստանալու՝ արձագանքելու մեզ հղված ուղերձներին: Պատահական չէր ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցը՝ Մայքլ Քենտը, հայտարարում, որ Լավրովի ոչ բոլոր հայտարարություններն են արդյունավետ: Թրամփն էլ շնորհավորում է Ադրբեջանի անկախությունը ու ուղերձում չի հիշատակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սրանք մանրուքներ չեն: Չինաստանն էլ մարդասիրական օգնություն էր ուղարկում Հայաստան ու արկղերին Արարատի ու Յանցզի գետի հավերժության մասին էր գրում: Այո, ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է համարժեք լինի աշխարհում կատարվող իրադարձություններին, ու այդ փոփոխությունները պետք է ծրագրային լինեն: Ի վերջո, փաստ չէ, որ 2024-ին Պուտինը մնալու է ՌԴ նախագահ: Մեր երկրի խնդիրները երրորդ հանրապետության ստեղծման օրից ունեցել են երկու բաղադրիչ՝ Արցախ և տնտեսություն, որ օրինաչափորեն փոխկապակցված են։ Առաջին նախագահը հողի սեփականաշնորհումից, ատոմակայանի և «Նաիրիտի» վերագործարկումից ու խաղաղության համաձայնագիր պարտադրելուց հետո ասաց, որ քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել, «Սերգո ջանը» լավ չի ապրելու։ Երկրորդ նախագահը որոշեց ստատուս-քվոն պահել ռուսների միջոցով, եղածը «Գույք պարտքի դիմաց»-ով նվիրեց նրանց, հայտարարեց, որ կազմակերպված պետություն ենք ստեղծելու, էս ինչը ալյուրը կբերի, էն ինչը շաքարը, և իր ԱԳ նախարարի բերանով հայտարարեց, որ 100 տարի էլ փակ սահմաններով կապրենք։ Երրորդ նախագահը նույն կերպ պահեց օլիգարխիկ տնտեսությունը, սեփականության թեթևակի վերաբաժանմամբ, ստատուս-քվոյի պահպանման հույսը էլի դնելով ռուսների վրա, բայց քանի որ տնտեսական խնդիրներ կային ու ներդրումների առումով ռուսները ցանկություն և հնարավորություն էլ չունեին մեր երկրում փող դնել, ու փողն էլ միայն Արևմուտքում էր, բանակցեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մտադրությամբ: Դա, բնականաբար, դուր չեկավ Ռուսաստանին, և քանի որ ստատուս-քվոյի պահպանման հույսը իրենց վրա էր, պարտադրեցին, և մի գիշերվա մեջ հրաժարվեցինք ԵՄ ասոցացման համաձայնագրից ու մտանք Մաքսային միություն, որ հետո ԵԱՏՄ դարձավ։ Ժամանակի մեջ տարածաշրջանում շահերը փոխվեցին, և ԵԱՏՄ մտնելը չօգնեց մեզ ստատուս-քվոն պահելու խնդրում: Ապրիլյան պատերազմը 1994-ից հետո մեր ամենամեծ հաղթանակն էր, որով ապացուցեցինք, որ ստատուս-քվոն կարող ենք պահել նաև ինքներս։ Դրան հաջորդեց Վիեննայի համաձայնագիրը, որի հետ ստիպված համաձայնեցին նաև ռուսները Սանկտ Պետերբուրգում: Երկու տարի հետո տեղի ունեցավ հեղափոխություն, ու դրանից հետո շահագրգիռ կողմերը սկսեցին հինգերորդ շարասյան հետ մոռացության մատնել Վիեննան, իսկ գործող վարչապետին մեղադրել Արցախը ծախելու մեջ։ Եվ ինչքան նոր իշխանությունը ինքնիշխանության և սեփական ժողովրդի տնտեսական ու քաղաքական շահերը պաշտպանի, այնքան այդ մեղադրանքները և մեղադրողները ավելանալու են։ Խորապես համոզված եմ, որ ՀՀ որևէ նախագահ Ղարաբաղը ծախելու մտադրություն չի ունեցել, իհարկե եղել է մեկը, ով փորձել է խնդիրը լուծել ՀՀ-ի որոշ տարածքների հաշվին: Եվ ընդհանրապես, որևէ մեկը, որ ցանկանա էլ, չի կարող Ղարաբաղը ծախել, դա սուտ է, հորինված անհեթեթություն, որը մշտապես կիրառվել է ռուսների և իրենց հինգերորդ շարասյան կողմից՝ ՀՀ 4 ղեկավարներին խեղճացնելու և ավելին պոկելու նպատակով։ Արցախը աջ ղեկով ճապոնական արտադրության մեքենա չէ, որ առնես, ղեկը փոխես ձախ, կամ ծախես։ Ղարաբաղը ծախելը համաշխարհային մակարդակի, անտրամաբանական, մեր միտքը խեղելու համար հորինված սուտ է, հատուկ ծառայություններում մշակված և իրենց կողմից սպասարկվող։ Չի կարելի տրվել էս պարզունակ և օտարի շահերից բխող ստին, առավել ևս՝ ասողներն էլ գիտեն, որ անհնարին է, որովհետև Արցախը Հայրենիք է, և կա ժողովուրդը, որ մի ժամում ոտքի կկանգնի։ Արցախի հարցում, հատկապես հիմա, անհրաժեշտություն է դարձել ամենօրյա սերտ աշխատանքը Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի իշխանությունների հետ: Ռուսաստանը, իր շահերից ելնելով, ի սկզբանե ընտրել է ու պաշտպանում է Ադրբեջանին: «Կոլցո» օպերացիան, 1994-ի զինադադարի պայմանագիրը, 2016-ի Քառօրյա պատերազմի ընթացքը ու հրադադարը բավարար ապացույցներ են դա հասկանալու համար: Լավ, բայց ի՞նչ անել։ Հաշվի առնելով երկբևեռ աշխարհի նոր իրավիճակները ու բաց չթողնելով մեր աշխարհաքաղաքական և նյութական շահը, հույսներս դնենք մեզ վրա, ուժեղացնենք մեր տնտեսությունը: Բոլորս պետք է հասկանանք, որ բարեփոխումներ անելու պարագայում կարող են լինել դժվարություններ, չանելու պարագայում՝ այդ դժվարությունները անխուսափելի են: Եթե մենք չանենք ցավոտ և շատ դեպքերում ոչ ժողովրդահաճո բարեփոխումները, մեր երկրում պարտադրելու են մեզ անել օտարները՝ սեփական շահից ելնելով... Իմ կարծիքով՝ պետք է արվեն և առաջնային են հետևյալ քայլերը, որ փոխկապակցված են, փոխլրացնող, որոնցում ներդրումային հետաքրքրությունները մեծ են.
  1. Տնտեսության առաջնահերթությունների նախանշում և կառավարության որոշմամբ հաստատում։
  2. Հանքարդյունաբերության ռեսուրսների և իրական սեփականատերերի հստակեցում, ոլորտի զարգացման պլանները սեփականատերերի հետ համաձայնեցում և մշակում։ Որպես շոգեքարշ՝ հիդրոմետալուրգիական տեխնոլոգիայով հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածում և ծանր արդյունաբերություն զարգացում։
  3. Արդյունաբերությունը՝ որպես զբաղվածության խնդիրը լուծելու և աշխատատեղեր ստեղծելու ու ժողովրդագրական պատկերը փոխելու հիմնական միջոցի հռչակում, դրանից բխող ոլորտում արվող ներդրումային ծրագրերին մաքսիմալ հարկային արտոնությունների տրամադրում:
  4. Նոր և ֆրանսիական տեխնոլոգիաներով Մեծամորի ԱԷԿ-ից կրկնակի հզոր ատոմակայանի կառուցում, գազի ծախսերի քառակի նվազեցումով և տարածաշրջանում ամենացածր ինքնարժեքով էլեկտրաէներգիայի արտադրության հիմնում։
  5. Ջրային ռեսուսների ամբարում և կառավարում։
  6. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը ռազմավարական և համահայկական կառույցի վերածում և դրան կից նոր ինֆրակառույցների նախագծում և ձևավորում:
  7. Հայրենական ավիափոխադրողի ստեղծում, լիզինգային տարբերակով ինքնաթիռների ներգրավմամբ։
  8. Ամուլսարի շահագործում, որպես բնապահպանական կոմպրոմիս ժամկետը 20 տարի դարձնելով՝ վերագործարկման վտանգների չեզոքացում։
  9. Ռազմարդյունաբերության զարգացում՝ նոր տեխնոլոգիաների օգտագործումով, հեռահար նպատակ ունենալով սեփական կարիքների բավարարումն ու զենքի շուկա մտնելը։
  10. Թվարկածս ուղղություններից առաջացած լրացուցիչ հարկերը ամբողջությամբ գիտության ոլորտին տրամադրում, նպատակ ունենալով վերջնական արդյունքում գիտելիքահեն տնտեսության ստեղծում, ռազմարդյունաբերական համալիրի վերազինմամբ ու շփման գիծը միայն լավ վճարվող պայմանագրային զինծառայողներով համալրմամբ։
Ելք միշտ կա, ուղղակի մեզ պետք է առաջ նայել և առաջ գնալ: Ու ժամանակ էլ չունենք մանր-մունր մարդկանցով ու մանր-մունր ինտրիգներով մեր առօրյան լցնելու, հասարակության միտքը բուն օրակարգից շեղելու համար: ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Լուսանկարը՝ Armeniasputnik-ի