Կորոնավիրուսն ընդդեմ իշխանության. մարգինալացված նախկինները փոխում են հարվածի ուղղությունը

Կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրության համաձայն՝ սահմանափակումները դադարեցնելուն զուգընթաց վարակակիրների թիվն աճում է: Եվ այդ ամենի հարևանությամբ փորձում է տեղավորվել նաև մեր ներքաղաքական առօրյան: Այս թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Արեգ Քոչինյանը, գրող, հրապարակախոս Սարգիս Հովսեփյանը և քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը: «Օրը սկսում և ավարտում ենք կորոնավիրուսի մասին վիճակագրությամբ,- նկատեց Արեգ Քոչինյանը,- արդեն ո՛չ Հայաստանում, ո՛չ աշխարհում համավարակի ամբողջությամբ կառավարելի վիճակի մասին չենք կարող խոսել: Հիմա պետք է ավելի շատ զբաղվել խոցելի խմբերով: Այսօր առողջապահության նախարարը հայտարարեց, որ միտում կա անցնելու պատերազմի ժամանակ կիրառվող մարդկանց տարբերակման մեթոդին, երբ առաջին հերթին օգնություն է ցուցաբերվում նրան, ում ապրելու շանսերն ավելի մեծ են: Այսպիսով՝ աշխարհը գնում է Բելգիայի տարբերակով»: Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ համաճարակի տարածումն անխուսափելի է, մանավանդ որ տարբեր երկրներ բացում են սահմանները: Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ կորոնավիրուսն աշխատում է կառավարության դեմ: Համավարակո՞վ է արդյոք պայմանավորված քաղաքական կյանքի ջերմաստիճանը: Ի պատասխան այս հարցի՝ Արեգ Քոչինյանը նշեց. «Համավարակը որոշում է կառավարության ակտիվության աստիճանը, ինչն էլ իր հետ բերում է քաղաքական լարվածության, ճգնաժամերի խորացման: Կառավարությունը այսպես թե այնպես իր գործունեության ընթացքում մեծ կախվածություն ունի համավարակի ալիքներից, իսկ կառավարության զբաղվածությունն էլ բերում է այլ ուժերի ակտիվացմանը, կառավարության անհաջողությունների հաշվին որոշակի դիվիդենտներ շահելուն, իշխանությանը հարվածներ հասցնելուն: Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ կորոնավիրուսն ազդեցություն ունի ոչ միայն կառավարության գործունեության վրա, այլ նաև վճռական տեղ ունի քաղաքական դաշտի վերաձևավորումներում, քանի որ իրադարձությունները ծավալվում են ոչ այնպես, ինչպես նախատեսված էին, օրինակ՝ հանրաքվեն չկայացավ և այլն: Դա նշանակում է, որ մարգինալացված նախկինները, որոնք պայքարում էին հանրաքվեի դեմ, կփոխեն իրենց հարվածի ուղղությունը, մարտավարությունը…»: Վերլուծաբանի խոսքով՝ արտաքին ուժերի ներգրավման միջոցով փորձ է արվում Հայաստանում ստանալ քաղաքական դիվիդենտներ: Միքայել Մինասյանը և Արթուր Վանեցյանը փորձում են գլխատել այն ուժը, որը կարող է իրենց նկրտումների համար վտանգ ներկայացնել և այդ նպատակով փորձում են իշխանության ներսում անվստահություն ձևավորել ամենամեծ լեգիտիմություն ունեցող դերակատարի նկատմամբ»: Սարգիս Հովսեփյանի դիտարկմամբ՝ զարմանալի չէ, որ կան մարդիկ, ովքեր համակարգված գործում են իշխանության դեմ. «Երբ մի տասը տարի անցնի Վանեցյանին ԱԱԾ պետ նշանակելը Փաշինյանը կհամարի իր սխալների թագը»: Մանրամասն՝ տեսանյութում: