«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների տարեկան ժողովը հետաձգվել է մինչև աշուն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների տարեկան ժողովը հետաձգվել է մինչև աշուն

Մայիսի 23-ին պետք է տեղի ունենար «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների տարեկան ժողովը, սակայն կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այն հետաձգվել է։ Հավանաբար, այն տեղի կունենա աշնանը։ «Տեղափոխել ենք աշուն, հուսանք, որ համաճարակը հաղթահարված կլինի և հնարավոր կլինի հայրենիքում տարեկան ժողովն անցկացնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ Նրա խոսքերով՝ այս պահին շարունակվում են դեռևս նախորդ տարի նախատեսված ծրագրերը։ Բացի դրանից՝ հիմնադրամը նախաձեռնել է COVID-19-ի դեմ դրամահավաք-արշավ դեռևս մարտի 18-ից։ Այս պահին հավաքվել է շուրջ 351,733.72 դոլար։ «Հաջորդ տարվա ծրագրերի առումով պետք է լուրջ քննարկումներ անցկացնենք, որպեսզի փորձենք մեղմել համավարակի հետ կապված սպասվող հնարավոր տնտեսական և սոցիալական ճգնաժամը։ Հոգաբարձուների խորհրդին կներկայացվեն մի քանի ուղղություններ, որոնք հաստատվելուն պես կներառվեն այս և հաջորդ տարվա ծրագրերում»,- ասաց Արշամյանը։ Հարցին՝ արդյոք հնարավոր չէր տեսակապով իրականացնել, Հայկակ Արշամյանը նշեց, որ 40-50 հոգու հետ այդ տարբերակով արդյունավետ չի լինի, քանի որ տարեկան ժողովին մասնակցում են ոչ միայն հոգաբարձուները, այլև տեղական մարմինները։