Թող Արթուր Դավթյանը պատասխանի հարցին, թե ինչու Հարսնաքարի գործով Ռուբեն Հայրապետյանը պատասխանատվության չենթարկվեց

Թող Արթուր Դավթյանը պատասխանի հարցին, թե ինչու Հարսնաքարի գործով Ռուբեն Հայրապետյանը պատասխանատվության չենթարկվեց

Եթե Ռուբեն Հայրապետյանը Հարսնաքարի դեպքից հետո պատասխանատվության ենթարկվեր, ապա դրան չէին հաջորդի նոր հանցագործություններ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ով այն ժամանակ նաև «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խմբի անդամ էր։ Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ քրեական գործ է հարուցվել Ռուբեն Հայրապետյանի դեմ, և նրա որդուն ու ընկերներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, բռնություն գործադրելով, տևական ժամանակ ազատությունից ապօրինի զրկել են «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարին, իսկ հետագայում՝ ունեզրկել։ Այդ աշխատակիցը 2015թ. դեկտեմբերից մինչև 2016թ. հուլիսը Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հայկական բանկ» ԲԲԸ-ից ստացել է ընդհանուր 52.000.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասն օգտագործել է ռեստորանահյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու համար, իսկ մնացած 30.000.000 ՀՀ դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնադրելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները: Ռուբեն Հայրապետյանը որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի հետ, տեղեկանալով Հ. Շ.-ի կողմից «Նորալուսին» ՍՊԸ-ի անվամբ հիշատակված վարկերը ստանալու մասին, կազմակերպել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 52.000.000 ՀՀ դրամն ստանալու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած Հ. Շ.-ի կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկել են նրան, վերցրել են վերջինիս բջջային հեռախոսը և մինչև 2016թ. օգոստոսի 18-ը Հ. Շ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մահակներով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ անգամներ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ռուբեն Հայրապետյանը գնացել է «Հարսնաքար» համալիրի տարածք, հանձնարարել է իր մոտ՝ տնօրենի աշխատասենյակ բերել Հ. Շ-ին, որտեղ էլ, որդու ներկայությամբ հայհոյանքներ տալով, էլեկտրաշոկով հարվածել է Հ. Շ.-ի այտին՝ կրկին պահանջելով 120.000 ԱՄՆ դոլար: Ռուբեն Հայրապետյանի և մյուսների հարվածների և այլ բռնի գործողությունների հետևանքով Հ. Շ.-ին դիտավորությամբ պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ։ Ռուբեն Հայրապետյանը՝ հանցակիցների հետ, իրենց վերը թվարկված գործողություններով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով Հ. Շ.-ին՝ ստիպել են վերջինիս իրենց ներկայությամբ զանգահարել և «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր կանչել ընտանիքի անդամներին՝ նրան ժամանակավորապես տրամադրելով իր բջջային հեռախոսը: 2016թ. հուլիսի 26-ին և հաջորդող օրերին Հ. Շ.-ի կանչով «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր են եկել վերջինիս մայրը, քույրը, տատը, ընկերները և ընկերուհին, որոնց ներկայությամբ Ռուբեն Հայրապետյանի գիտությամբ Ռաֆիկ Հայրապետյանը հանցակիցների հետ Հ. Շ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հասցնելով, օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ և ինքնագլուխ իրականացնելով իրենց իրական և ենթադրյալ իրավունքները, Հ. Շ.-ից, վերջինիս ընտանիքի անդամներից և ընկերությունից պահանջել են 57.138.000 ՀՀ դրամին համարժեք՝ 120.000 ԱՄՆ դոլար: Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանի և խմբի 2 անդամների նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: «Ես համակարծիք եմ, որ ցանկացած նմանատիպ դեպքի շուրջ արդար, բազմակողմանի և իրավիճակն ամբողջովին բացահայտող գործողությունները կանխարգելիչ նշանակություն են ունենում, իսկ եթե դա չի կատարվում, ապա շարունակականություն է ապահովվում, և հասարակության տարբեր շերտերում, ամենաթողության մթնոլորտից ոգևորված և վստահ լինելով, որ բռնությունը ամբողջովին չի մերժվում համակարգի կողմից, շարունակական է դառնում բռնության ցանկացած տիպի դրսևորում»,- ասաց Հովհաննիսյանը։ Մեր դիտարկմանը՝ այդ ամենաթողության մթնոլո՞րտը նպաստեց, որ Հայրապետյանը Հարսնաքարի դեպքերի ժամանակ խուսափի պատասխանատվությունից, իրավապաշտպանը պատասխանեց. «Գիտեք, այժմյան գլխավոր դատախազը Հարսնաքարի գործով ներկայացնում էր մեղադրանքի կողմը։ Այնպես որ, շատ լավ կլինի Արթուր Դավթյանը պատասխանի, թե ինչպես ամբողջովին չբացահայտվեց գործը։ Ճիշտ է, աննախադեպ էր, որ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրի աշխատակիցները նման խիստ պատժի արժանացան, քանի որ նախկինում նման բռնության դրսևորումներ եղել են, բայց վճիռն այդքան կոշտ չէր եղել որևէ մեկի նկատմամբ։ Իհարկե, դա հանրային ճնշման արդյունք էր, բայց մեկ է՝ դեպքն ամբողջությամբ բացահայտված չէ։ Իսկ թե ինչու՝ այդ հարցը պետք է ուղղեք ներկայիս գլխավոր դատախազին, որը այդ ժամանակ մեղադրող դատախազն էր»: Իրավապաշտպանը, անդրադառնալով Քննչական կոմիտեի կողմից տարածված նոր հաղորդագրությանը ու նկարագրված հանցագործությանը և այդ գործով մեղադրյալների երկրից բացակայելուն, նկատեց, որ քրեական հետապնդման ենթարկվող անձին երկրից բացակայելու հնարավորություն տալը համարվում է արդար քննության խոչընդոտում և ամենաթողության մթնոլորտ. «Եթե անձը քննչական գործողությունների շրջանում է, և նա կարողանում է լքել երկիրը, դա նշանակում է, որ իրավապահ համակարգում կա հովանավորչություն, և առնվազն երկրի բարձրագույն ղեկավարությունը չի տիրապետում իր ներքո գտնվող մարմնի ծառայակիցների աշխատանքին կամ նրանց թողտվության հնարավորություններին։ Չեմ կարող պնդել՝ ղեկավարների գիտությամբ է այդ ամենը կատարվում, թե ոչ, բայց առնվազն վերահսկողություն չկա։ Վերահսկողություն չլինելու հանգամանքը նաև ծառայողական քննության բացակայությունն է, թե ինչպես է պատահում, որ տվյալ անձինք կարողանում են բացակայել, սակայն վերահսկողություն իրականացնող մարմիններում անգամ ծառայողական քննություն չի նշանակվում դրա հանգամանքները ուսումնասիրելու համար»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ 2012 թ. հունիսի 17-ին «Հարսնաքարում» անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի արդյունքում մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։ 2014-ին դատարանը 12 տարով ազատազրկեց ռեստորանի անվտանգության 6 աշխատակցի։ Լուսանկարը՝ Armeniasputnik-ի