Գազի միասնական գնի սահմանումը հենց ինտեգրացիոն գործընթացների խորացման փուլերից է. Պապոյան

Մենք պատկերացնում ենք, որ ԵԱՏՄ երկրների համար գազը չպետք է լինի ապրանք, այլ պետք է լինի ռեսուրս: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն անդրադարձել էր գազի գնի վերաբերյալ Հայաստանի և Բելառուսի հարցադրումներին՝ նշելով, որ ԵԱՏՄ տարածքում գազի միասնական գնագոյացման մասին խոսելը վաղ է, այդ մեխանիզմի համար պետք է ավելի խորը ինտեգրացիա, ինչը հիմա չկա: «Իհարկե, եթե գազը դիտարկենք ապրանք, ապա Ռուսաստանը կամ ցանկացած երկիր ձգտելու է հնարավորինս շատ և հնարավորինս բարձր գնով վաճառել այդ ապրանքը: Բայց երբ այն դիտարկում ենք որպես ռեսուրս, մենք դա արդեն դիտարկում ենք որպես միջոց, որը կարող է ԵԱՏՄ երկրների ընդհանուր մրցունակության բաձրացմանը գործիք լինել»,-ասաց նա: