Եթե մեր պետությանը պետք է, ապա «Ուրարտուն» կմասնակցի Չեմպիոնների լիգային. Արա Պողոսյան

Եթե մեր պետությանը պետք է, ապա «Ուրարտուն» կմասնակցի Չեմպիոնների լիգային. Արա Պողոսյան

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը հնարավորություն ունի մասնակցելու Չեմպիոնների լիգայի 2020-21թթ. խաղարկությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ ակումբի հիմնադիր Արա Պողոսյանի հետ զրույցում: - Պարոն Պողոսյան, համաճարակի պատճառով Հայաստանի Ա լիգայի խաղարկությունն անավարտ է մնացել, ինչպե՞ս է ստացվել, որ «Ուրարտու» ակումբն իրավունք ունի մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: - ՖԻԲԱ-ի կողմից անցկացվող Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու հրավեր են ստանում եվրոպական բոլոր երկրների ակումբները: Այո, Ա լիգան դեռ անավարտ է, բայց մենք ունենք վեց ակումբներ, որոնցից միայն «Ուրարտուն» է հետաքրքրված Չեմպիոնների լիգայի խաղարկության մասնակցությամբ, քանի որ ֆինանսական լուրջ միջոցներ են անհրաժեշտ այդ մրցաշարում հանդես գալու համար: Դեռ հարց է, թե արդյոք մենք կմասնակցե՞նք, թե՞ ոչ: Այս պահին քննարկում ենք մասնակցության հարցը: Ա լիգայի վերաբերյալ էլ դեռ քննարկումներն ընթանում են: Հնարավոր է, որ աշնանը խաղանք փլեյ-օֆֆի հատվածը: - Ինչի՞ց է կախված մասնակցության հարցը, և որքանո՞վ է հավանական, որ երկարատև ընդմիջումից հետո հայկական ակումբ կտեսնենք եվրագավաթներում: - «Ուրարտու»-ում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի մի շարք խաղացողներ: Եթե մասնակցենք, ապա կհրավիրենք հավաքականի ևս մի քանի խաղացողների, ու ակումբը կդառնա ազգային ընտրանու բազային թիմը: Հավանաբար գիտեք, որ ՖԻԲԱ-ն չեղարկել է ազգային հավաքականների մասնակցությամբ բոլոր հանդիպումները, և Հայաստանի հավաքականն այս տարի պաշտոնական խաղերի չի մասնակցելու: Չեմպիոնների լիգան լավ առիթ է, որ ազգային հավաքականի տղաներին հրավիրենք և մասնակցենք միջազգային ստուգատեսի: Դիմել ենք հովանավորներին, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որպեսզի հասկանանք, թե արդյոք մենք կարո՞ղ ենք մասնակցել Չեմպիոնների լիգային: Կարծում եմ, որ սա ազգային հարց է, միայն մեր ցանկությունը քիչ է, որ մասնակցենք: Եթե Հայաստանի Հանրապետությանը պետք է, ապա մենք կմասնակցենք, եթե ոչ, ապա հայտ չենք ուղարկի: - Ի՞նչ աջակցության մասին է խոսքը: - Եթե համեմատենք այլ երկրների հետ, ապա մեզ բավական համեստ միջոցներ են պետք: Նախ՝ չունենք մարզադահլիճ: Նախկին «Միկա» մարզադահլիճում խաղալը և մարզվելը վճարովի է, և հաճախ ազատ ժամեր էլ չկան բասկետբոլի համար: Մեզ որոշակի աջակցություն է պետք, որպեսզի կարողանանք արտասահմանից բերել հայ առաջատար խաղացողներին, ուսումնամարզական հավաք կազմակերպենք Երևանում, ընդունենք մրցակից թիմերին: Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ Հայաստանում միջազգային սպորտային հանդիպումների մեծ պակաս կա, և մենք կարիք ունենք նման խաղերի: Հայաստանը դուրս է մնացել միջազգային սպորտային քարտեզից: Սպորտային ակումբը միայնակ չի կարող լուծել բոլոր հարցերը, ուստի ակնկալում ենք պետության և տարբեր հովանավորների աջակցությունը: - Չեմպիոնների լիգայում բավական ուժեղ թիմեր կան: Մարզական տեսանկյունից ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այդ մրցաշարում: - Մենք կարող ենք մասնակցել որակավորման առաջին փուլին, որտեղ շատ բան կախված է վիճակահանությունից: Ամեն դեպքում հավաքականի կազմում ունենք մի շարք բարձրակարգ խաղացողներ, որոնց հետ «Ուրարտուն» կկարողանա մարտունակ թիմ ձևավորել և արժանապատիվ ելույթ ունենալ: Անհրաժեշտ է լիարժեք նախապատրաստական փուլ անցնել, խաղալ մի քանի ստուգողական հանդիպումներ, որից հետո բավական լավ շանսեր կունենանք հաղթահարելու որակավորման առաջին փուլը: