«Եթե օրինական ճանապարհով են վաստակել, ապա հարկային գաղտնիքի բացահայտման օրենքից վախենալու բան չունեն»

«Եթե օրինական ճանապարհով են վաստակել, ապա հարկային գաղտնիքի բացահայտման օրենքից վախենալու բան չունեն»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախատեսում է Պետական եկամուտների կոմիտեից ստանալ պաշտոնատար անձանց հարկային գաղտնիք պարունակող տեղեկությունները։ Ըստ արդարադատության նախարարության՝ այդ տեղեկությունների միջոցով հանձնաժողովը հնարավորություն կունենա վերլուծել պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը, իրեն վերապահված գործառույթները պատշաճ և արդյունավետ իրականացնել։ Արդարադատության նախարարությունը նման փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի միասնական կայքում։ Տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը դրական է գնահատում այս փոփոխությունը՝ ընդգծելով, որ սա տեղավորվում է այս կառավարության որդեգրած կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության համատեքստում։ Նրա կարծիքով՝ թափանցիկ գործող պաշտոնյաների համար սույն նախագիծը խնդիրներ չի առաջացնի։ «Տվյալ փաստաթուղթն այն քաղաքականության շարունակությունն է, որը հիմա արվում է։ Այդ տեսանկյունից ես, բնականաբար, խնդիր չեմ տեսնում։ Իհարկե, սկզբնական փուլում մեծածավալ աշխատանք պետք տարվի։ Նրանք, ովքեր իրենց եկամուտները ստացել են օրինական ճանապարհով՝ առանց կոռուպցիոն և զարտուղի ճանապարհների, ապա նրանց վտանգ չի սպառնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Աշոտ Մարկոսյանը։ Դիտարկմանը, որ հարկային գաղտնիքի բացահայտման առումով հանձնաժողովի աշխատանքներում արդյոք բարդություններ չե՞ն առաջանա՝ հաշվի առնելով, որ դա կոմերցիոն բնույթի տեղեկություն է, երրորդ անձանց ոչ հասանելի, տնտեսագետն արձագանքեց այսպես․ «Կարծում եմ՝ ինչ անելու են, դա լինելու է սուբյեկտի և հարկային մարմնի միջև։ Ուզում են անել, թող անեն։ Նրանք, ովքեր արդար աշխատանքով են դա վաստակել, վախենալու բան չունեն։ Այստեղ առաջնահերթ կարևոր է, թե ինչ ծագում ունեն այդ եկամուտները, և այդ եկամուտներից հարկեր վճարվել են, թե ոչ։ Եթե ամեն ինչ օրինական է, ուրեմն վախենալ պետք չէ։ Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ օրինականությունը պահպանվի, ապահովվի։ Դրանով լավ հիմքեր կդրվեն, որպեսզի հետագայում այդ չարաշահումները չլինեն, միջոցները չյուրացվեն։ Ու ամենակարևորը, որ կհարգեն արդար, ազնիվ աշխատանքը, ոչ թե զարտուղի, հազար տեսակ կեղծիքներով ու խաբեություններով ձեռք բերած բաները, որոնք առանց այն էլ սոցիալապես բևեռացված հասարակության մեջ ստեղծում են անհավասարություն։ Հայտնի է Ադամ Սմիթի միտքը, որ ասում է՝ աշխարհում երկու բան չպետք է համատեղել՝ թագավորելը և համատեղելը։ Առևտուր անելը՝ բիզնեսով զբաղվելն է, թագավորելը՝ կառավարելը։ Բնականաբար, աշխարհի բոլոր երկրներում նպատակն այն է, որ այդ երկուսն իրարից առանձնացվեն։ Սա զուտ հայկական ձև չէ, այլ ամբողջ աշխարհում տարածված ձև է։ Եթե չեմ սխալվում, մեր երկրորդ Սահմանադրության մեջ էլ այդ փոփոխություններն արել էին, որ հստակ առանձնացվի այն մասը, որ պետական պաշտոնյաները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ, սակայն գործնականում դա անկատար մնաց»։ Նշենք նաև, որ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լիազորված է իրականացնել հայտարարագրման գործընթացի կանոնակարգում, հայտարարագրերի ստուգում և վերլուծում, ինչպես նաև բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնել։ Այդ գործառույթները պատշաճ իրականացնելու համար հանձնաժողովն իրավասու է լինելու հայտարարագրերի վերլուծության գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից, արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջել հայտարարատու անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր։ Նախարարության հայտարարության մեջ մասնավորապես գրված էր․ «Միևնույն ժամանակ, հանձնաժողովի առջև դրված լիազորությունների արդյունավետ իրացման նպատակով անհրաժեշտ է, որ հանձնաժողովն անպայմանորեն ունենա հասանելիություն հարկային գաղտնիք պարունակող տեղեկություններին, հակառակ պարագայում հայտարարագրերի վերլուծության, ինչպես նաև բարեվարքության ստուգման գործընթացում կարող են առաջանալ գործնական լուրջ խնդիրներ»։ Այս համատեքստում Աշոտ Մարկոսյանը շեշտեց․ «Եկամուտների հայտարարագրման կարգը մտցվել է հենց նրա համար, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա հայտարարագրի, թե ինչ եկամուտներ է ունեցել և հիմնավորի դրանց ստացման աղբյուրը։ Եթե մարդը այդ ունեցվածքը կուտակել է աշխատավարձով կամ օրենքով չարգելված այլ ձևերով, որից նաև հարկեր է տվել, ապա ի՞նչ վախենալու բան կա։ Ես չեմ կարծում, որ դա այդքան գաղտնի բան է, հետևաբար՝ արդարադատության նախարարությունը պետք է պարզաբանի, թե ինչու է նման հայտարարություն անում, ինչ մտահոգություններ իրենք ունեն։ Այստեղ, համեմատության կարգով, ուզում եմ հիշատակել Ուկրաինայի Սահմանադրությունը, որի մեջ հատուկ կետ կա՝ եթե այլ երկրի պետական ծառայող ես դառնում, ապա Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվում ես։ Հիմա սա օրինակներից մեկն է, որ այս ամեն ինչը կարգավորեն։ Մարդիկ, որոնք պետական մարմիններում են աշխատում, պետությունից են աշխատավարձ ստանում, ուրեմն պետության մասին պետք է մտածեն, քանզի պետության կայացման համար կարևոր պայմաններից մեկն էլ այն է, որ պետական ծառայողը մտածի իր պետության շահերի մասին։ Շատերն այս պետությունն օգտագործում էին անձնական հարստացման համար, մինչդեռ հիմա սա լավագույն ձևերից մեկն է վտանգավոր նախկին բաները վերացնելու համար, ինչը ներկաների ու հաջորդ իշխանությունների համար էլ դաս կլինի, որ պետության հաշվին հարստություն չկուտակեն»։ Լուսանկարը՝ Armeniasputnik-ի