Սիգարետի ազդեցությունը 10-25 անգամ ավելին է, քան ծխախոտը տաքացնող սարքերինը․ ուսումնասիրություն

Սիգարետի ազդեցությունը 10-25 անգամ ավելին է, քան ծխախոտը տաքացնող սարքերինը․ ուսումնասիրություն

Գիտականորեն ապացուցված է․ ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը ոչ թե նիկոտինն է, այլ ծուխը։ Սիգարետի ծուխը բարդ միացություն է, որը պարունակում է տարբեր տոքսիկոլոգիական ազդեցություններով ավելի քան 7000 նյութեր, որոնցից նվազագույնը 63-ը կարող են քաղցկեղ առաջացնել։ Վերջին տարիներին շուկայում հայտնվել են նիկոտին ստանալու համար նախատեսված նոր արտադրատեսակներ, որոնցից առավել տարածված են էլեկտրոնային սիգարետն ու ծխախոտը տաքացնող սարքերը։ Այս սարքերը սիգարետի համեմատ ունեն շատ կարևոր ազդեցություն․ դրանք ծուխ չեն արտազատում ու ստեղծվել են մեկ նպատակով․ լինել ավելի քիչ վնասակար այլընտրանք սիգարետին այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում ծխելը թողնել։ Ստորև ներկայացված ուսումնասիրության շրջանակներում գիտնականները փորձել են պարզել՝ հաջողվու՞մ է արդյոք իսկապես նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը՝ սիգարետը ծխախոտը տաքացնող սարքերով փոխարինելով։   Ի՞նչն է ուսումնասիրության առանցքում «Ռիսկերի գնահատման հասարակություն» նախաձեռնության «Ռիսկերի գնահատում» միջառարկայական պարբերականում վերջերս հրապարակվեց սիգարետի ու տաքացվող ծխախոտային արտադրատեսակների համեմատական քաղցկեղածինությունը հետազոտող մի վերլուծություն։ «A method for comparing the impact on carcinogenicity of tobacco products: a case study on heated tobacco versus cigarettes» աշխատանքի հեղինակները նոր մեթոդ են մշակել, որի շրջանակներում մաթեմատիկական մոդելի միջոցով կարողանում են չափել սիգարետի ծխի ու տաքացվող ծխախոտային արտադրատեսակների գոլորշու թվով ութ նյութերի համախառն ազդեցությունը օրգանիզմի վրա՝ քաղցկեղի առաջացման ռիսկի տեսանկյունից։ Հետազոտական խումբը գլխավորում է Նիդեռլանդների Հանրային առողջապահության ու շրջակա միջավայրի ինստիտուտի պրոֆեսոր Վութ Սլոբը։ Գիտնականները նշում են, որ հետազոտությունը կարող է օգտակար լինել կարգավորող մարմինների համար՝ օգնելով ավելի լավ հասկանալ սիգարետի ու ծխախոտային նոր՝ առանց այրման աշխատող արտադրատեսակների համեմատական ազդեցությունը առողջության վրա։   Ո՞րն է առաջարկված մեթոդի առավելությունը․ Սիգարետի ու ծխախոտային այլ արտադրատեսակների ազդեցությունը ռիսկի գնահատման առկա մեթոդների կիրառմամբ խնդրահարույց է։ Բանն այն է, որ առկա մեթոդները վնասակար ամեն նյութի՝ գործոնի ազդեցությունը դիտարկում են առանձին։ Հեղինակների կողմից առաջարկված մեթոդը շրջանցում է խնդիրներից մի քանիսը՝ կենտրոնանալով դիտարկվող արտադրատեսակների կողմից արտազատված նյութերի համախառն ազդեցության փոփոխության (Change in Cummulative Exposure - CCE) գնահատման վրա։ Այլ կերպ ասած, յուրաքանչյուր գործոնը առանձին դիտարկելու փոխարեն դիտարկվում է բոլոր գործոնների համախառն ազդեցությունը։ Մշակած մեթոդը վեց փուլից է բաղկացած։ Առաջին երեք փուլերը ենթադրում են քաղցկեղի վերաբերյալ տվյալների ուսումնասիրություն՝ վնասակար նյութերի չափաբաժինների ու օրգանիզմի՝ դրանց արձագանքելու տեսանկյունից։ Չորրորդ փուլում ուսումնասիրվում են սիգարետի ծուխն ու տաքացվող ծխախոտի արտազատած գոլորշին, ինչի արդյունքում սահմանվում են յուրաքանչյուր վնասակար նյութի արտազատման վստահության միջակայքերը։ Հինգերորդ քայլում չափվում է համախառն ազդեցության փոփոխությունը․ դուրս է բերվում մի փոփոխական, որի միջոցով մի արտադրանքը կարելի է համեմատել մյուսի հետ։ Վերջին՝ վեցերորդ փուլում գնահատվում է առողջության վրա տարբեր արտադրատեսակների հարաբերական ազղեցությունը։   Ուսումնասիրության արդյունքները   Վերոհիշյալ մեթոդի կիրառմամբ ուսումնասիրվել է քաղցկեղածին 8 նյութերի առկայությունը սիգարետի ծխում ու նորարարական արտադրանքի գոլորշու մեջ, ինչպես նաև համեմատվել է ծխի ու գոլորշու ազդեցությունը օրգանիզմի վրա։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծխախոտը տաքացնող սարքերի արտազատած գոլորշու ազդեցությունն օրգանիզմի վրա 10-25 անգամ ավելի քիչ է՝ սիգարետի ծխի համեմատ։ Գիտնականները նշում են․ ստացված արդյունքի հիման վրա կարելի է ենթադրություն անել, որ սիգարետը՝ ծխողի կյանքի տևողության առումով  ավելի ռիսկային է, քան ծխախոտը տաքացնող սարքերը։ Հետազոտության արդյունքները վկայում են նաև, որ առողջության վրա բացասական ազդեցության նվազումը ավելի զգալի կլինի սիգարետից հնարավորինս շուտ հրաժարվելու դեպքում։ Գիտնականները հստակ արձանագրում են նաև, որ, չնայած սիգարետի համեմեատ ծխախոտը տաքացնող սարքերն ունեն առավելություն, ռիսկերը նվազեցնելու լավագույն տարբերակը նիկոտինից առհասարակ հրաժարվելն է։