Ուժերի հարաբերակցությունն Արցախում. խնդիրը պարզ է

Ուժերի հարաբերակցությունն Արցախում. խնդիրը պարզ է

Արցախի նախագահի ընտրության գործընթացը բնականորեն շարունակում է լինել նաև հայաստանյան հանրության ու քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում: Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում տարբեր շրջանակներ ընտրական գործընթացը գնահատում են օրինականության հետ խնդիր ունեցող և համարում, որ վերարտադրվում է նախին իշխանությունն ու պարտվել է հեղափոխությունը, իսկ մի շարք շրջանակներ էլ կարծում են հակառակն ու համարում, որ պետք է գործընթացը հասցնել ավարտին և ձևավորել Արցախի նոր իշխանություն, քանի որ առկա համաշխարհային մարտահրավերները անթույլատրելի են դարձնում Արցախի կայունությունը: Առանցքայինն անշուշտ լինելու էր այն, թե ինչ կարծիքի է լինելու Հայաստանի առաջին դեմքը, կամ Հայաստանում թավշյա հեղափոխության առաջնորդը: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ ընտրությունը կատարել է Արցախի հանրությունն ու այն արտացոլում է ուժերի այս պահի դասավորությունը: Փաշինյանը հայտարարեց նաև, որ դրա մասին վկայում է այն, որ ընդամենը հարյուր ձայն չի բավականացրել թեկնածուներից մեկին նախագահ դառնալու համար, և եթե չլիներ օրինականություն, հարցերը կլուծեին առաջին իսկ փուլով: Նա մատնացույց է արել նաև Արցախի խորհրդարան անցած երկու ընդդիմադիր ուժերի, որոնց թվում՝ Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի առաջնորդած կուսակցություններն են: Իհարկե, արցախյան և հայաստանյան հանրության մի մաս համարում է, որ նրանք իրականում այնքան էլ ընդդիմություն չեն, կամ ընդդիմություն են խիստ պայմանականություններով: Սակայն բուն խնդիրը, թերևս, այստեղ չէ: Բուն խնդիրն ըստ երևույթին այն է, որ Արցախում իրապես առկա է ուժերի այս պահին եղած հարաբերակցությունն արտահայտող պատկեր: Այլ հարց է, թե ինչպիսին է այդ ուժերի հարաբերակցության որակը և բովանդակությունը, սակայն մի բան, թերևս, հստակ է, որ Արցախի հանրությունն ունեցել է այդ հարաբերակցությանը շոշափելիորեն դեմ արտահայտվելու հնարավորություն, բայց չի օգտագործել այդ հնարավորությունը: Անշուշտ եղել են ընտրական գործընթացի տարրեր, ընդ որում՝ գործընթաց ասվածի ավելի լայն շրջանակով, քան զուտ քվեարկությունը, որոնք, մեղմ ասած, խնդիր ունեն օրինականության, քաղաքականության տարրական սկզբունքների հետ: Սակայն դա ևս ուժերի առկա հարաբերակցության մաս է, որը դարձյալ չունի արցախյան հանրության այնպիսի ընդդիմություն, որ դրսևորման առումով բախվեր էական խնդիրների: Իրավիճակն այդ տեսանկյունից իսկապես բարդ է, և հատկապես բարդանում է Հայաստանի հետ միասնական, թե երկսուբյեկտ տրամաբանությամբ հարաբերակցության լայն «դիսկուրսի» պայմաններում, առնչվելով նաև Հայաստանում հեղափոխության արցախյան շարունակությանը: Անկասկած է, որ Արցախում տեղի ունեցած շարունակությունը հեղափոխական չէ և դա քաղաքական որոշման արդյունք է: Մյուս կողմից, սակայն, այդ որոշումը թերևս հիմնված է մի շարք ռացիոնալ հանգամանքների վրա, որ թելադրված են արցախյան իրականության մեջ ուժերի հարաբերակցության առկա պատկերով: Այդ տեսանկյունից, անկասկած է, որ Արցախում կա նոր՝ հանրային-քաղաքական ուժի ձևավորման անհրաժեշտություն կամ, այլ կերպ ասած, հանրային, քաղաքական ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն, որը կփոխի առկա պատկերի վերաբերյալ հանրության վերաբերմունքը գործի, ոչ միայն խոսքի մակարդակում, այդպիսով փոխելով նաև ուժերի հարաբերակցությունն ավելի կայուն մրցակցային հեռանկարով: Անկասկած է, որ այդ խնդիրը լուծել «ի բնե» անկարող է խորհրդարան մտած որևէ ուժ: Հարցն այն է, թե խորհրդարան չմտած ուժերից ով է կարող լինելու այդ կարևոր խնդիրը լուծել: