Արտակարգ դրության պայմաններում մեր քայլերով օգնում ենք պետությանը. Արման Թաթոյան

Հրապարակվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի գործունեության տարեկան հաղորդումը և Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցը։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարեկան հաղորդումը սկզբունքորեն տարբերվում է նախորդներից: «ՄԻՊ-ն ունի երեք միջազգային կոնվենցիոն կարգավիճակ, և դրանով պայմանավորված՝ զեկույցի կառուցվածքը զգալիորեն ձևափոխել է... Այս տարվա տարեկան հաղորդումը և զեկույցը եղան ծավալուն, որովհետև նախորդ տարի գերծանրաբեռնված էր աշխատում աշխատակազմը: Եթե 2015-2016-ին մոտավորապես 5 000 դիմում-բողոք է եղել, 2017-ին եղել է 6400-ից ավելի, ապա 2018-ին եղել է 10 000 դիմում, 2019-ին՝ 13 000-ից ավելի: Դա բացատրվում է նախ նրանով, որ ՄԻՊ-ի գործունեության ուղղությունները, լիազորությունները ընդլայնվել են, բացի դրանից՝ ակնհայտորեն բարձրացել է ՄԻՊ-ի հանդեպ վստահությունը: 2018թ-ի իրադարձություններից հետո իրավիճակի փոփոխությունը նույնպես բերեց դիմումների զգալի աճին: Գաղտնիք չէ, որ 2018թ. փոփոխությունները հավատ բերեցին և հույս, որ իրենց տարիներով կուտակված խնդիրները կլուծվեն: 2018-ի փոփոխությունները ես համարում եմ աննախադեպ, պատմական,  ժողովրդավարական փոփոխություններ, որոնք բերեցին համակարգային փոփոխությունների. քաղաքացին իր կամքի շնորհիվ կարողացավ սկզբունքային փոփոխությունների հասնել երկրում, և 2019թ. հաղորդումը նույնպես կառուցված է դրա հիման վրա: Ընդունվել են մեծածավալ ռազմավարություններ՝ Կոոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված, դատաիրավական բարեփոխումների, քրեակատարողական համակարգի, երեխաների իրավունքների հետ կապված և այլն, և 2020թ. լինելու է պատասխանատու տարի՝ այս ռազմավարությունները իրականացնելու, դրանց պրակտիկ կիրառումն ապահովելու առումով»,- նշեց Արման Թաթոյանը: ՄԻՊ-ը նաև հավաստիացրեց, որ արտակարգ դրության պայմաններում բոլոր թելերով կապված են պետական ապարատին և իրենց քայլերով օգնում են պետությանը: Մանրամասն՝ տեսանյութում: