Մեր հիմնական աշխատանքն է վարակի տարածումը թույլ չտալ, և ավելի խստացրել ենք մուտքը Գեղարքունիքի մարզ. մարզպետ

«Մեր բախտը այնքանով է բերել, որ մեզ մոտ կորոնավիրուսով վարակվածության դեպքեր չեն եղել, որից հետո սկսել ենք մարզի մուտքերի և ելքերի մոտ աշխատանքներ տանել համավարակի ներթափանցումը թույլ չտալու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նրա խոսքով՝ իրենց մարզում կա հսկիչ 7 կետ, որտեղ տարբեր գերատեսչությունների գործընկերներ համատեղ աշխատում են. «Մեզ մոտ աշխատանքը փոքր-ինչ տարբերվում է. քանի որ վարակվածության դեպքեր չկան, մեր հիմնական աշխատանքն է վարակի տարածումը թույլ չտալ, և ավելի խստացրել ենք մուտքը մարզ»: Մարզպետի խոսքով՝ իրենց մարզի բնակչության շրջանում տիրում է որոշակի հանգստություն, և մարդիկ իրենց ավելի ազատ են զգում, ինչը դժվարացնում է նրանց աշխատանքը. «Դրա համար համայնքների մուտքերի մոտ ևս սահմանել ենք որոշակի անցակետեր, իսկ համայնքների ներսում կան ոստիկանների շրջիկ խմբեր, որպեսզի թույլ չտանք մարդկանց այդքան հանգիստ լինել»: Անդրադառնալով հեռավար կրթության գործընթացին՝ Գնել Սանոսյանը նշեց, որ 100-ից ավելի համակարգիչներ ու պլանշետներ են տրամադրվել մարզին. «Մենք դրանք հիմնականում բաշխել ենք այն ընտանիքներին, որոնք ունեն 4 դպրոցահասակ երեխա. մարզում կա այդպիսի 113 ընտանիք: Ուրախությամբ կարող եմ ասել, որ մեր երեխաների 90 տոկոսից ավելին մասնակցում է հեռավար ուսուցմանը»:   Մանրամասն՝ տեսանյութում: